Բրիտանացի երգչուհի Ադելը 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ավելի քան 6 տարի ստեղծագործական դադարից հետո իր հանդիսատեսի դատին է ներկայացրել նոր տեսահոլովակ։ «Easy on Me» ստեղծագործություը երգչուհու «30» ալբոմից է, որի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 19-ին։ Նոր երգը և առ հասարակ ալբոմը Ադելի ամուսնալուծության մասին է։
Ադելը նշում է, որ երաժշտական ալբոմը գրելիս անցել է «քաոսային լաբիրինթի» միջով, սակայն կարողացել է վերագտնել իրեն և կրկին պատրաստ է իր հանդեսատեսին ներկայանալ նոր ստեղծագործություններով։
Տեսահոլովակի ռեժիսորը Կաննի միջազգային կինոփառատոնի գրան-պրի մրցանակի դափնեկիր կինոռեժիսոր Քսավյե Դոլանն է, ով նաև Ադելի «Hello» երգի տեսահոլովակի ռեժիսորն է եղել։
Այս երկու երգերի տեսահոլովակները թեմատիկորեն նման են իրար։ «Hello» երգի տեսահոլովակում երգչուհին կիսաքանդ և լքված տանից զանգահարում է իրեն անցյալում, իսկ «Easy on Me»-ում լքում է այդ տունը և ուղևորվում դեպի նոր կյանք։
Ռեժիսորը նշել է, որ չնայած երկարատև ստեղծագործական դադարին, որի ընթացքում փոխվել են և՜ ինքը, և՜ Ադելը, նրանք համագործակցել են իրենց հիմնական սկզբունքին հետևելով՝ «ամեն բան նույնը, բայց այլ ձևով»։
Երգն արդեն իսկ արժանացել է հանդիսատեսի հավանությանը։ Այդ մասին խոսում են տեսահոլովակի դիտումների քանակը և դրական մեկնաբանությունները։ «Easy on Me» երգի տեսահոլովակը ընդամենը 20 ժամում հավաքել է 32 միլիոն դիտում և ունի 2 միլիոնից ավել լայք։
Նշենք, որ Ադելը այս պահին հանդիսանում է ամենահաջողակ ժամանակակից փոփ կատարողներից մեկը։ Գրեմմիի երաժշտական մրցանակի բազմակի դափնեկիր է։ YouTube հարթակում Ադելի տեսահոլովակների ընդհանուր դիտումները հատում են 10 միլիարդի շեմը։
Մեկնաբանություններ