Ամեն օր աշխարհում ավելի քան 1200 մարդու մոտ ախտորոշվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Այս հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձի առողջ բջիջները դադարում են ճիշտ գործելուց և դրանց աճը դառնում է անկառավարելի։ Քողարկված ախտանշանների պատճառով բժիշկները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն անվանում են «լուռ» հիվանդություն։ Նաև չկան թեսթեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հուսալիորեն ախտորոշել քաղցկեղը այն մարդկանց մոտ, որոնք չունեն ախտանշաններ: Այս ամենը կարող է բարդացնել հիվանդության ընթացքը։
Հիվանդության դեմ պայքարելու համար ստեղծվել է «Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համաշխարհային միությունը»։ Միության ջանքերով նոյեմբեր ամիսը հռչակվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Այս տարի՝ 2021-ին, այն նշվելու է նոյեմբերի 18-ին։ Ամեն տարի տարբեր երկրներում հայտնի շինություններն ու պատմամշակութային կոթողները մանուշակագույն գունավորում են ստանում՝ իրենց աջակցությունը ցույց տալով քաղցկեղով հիվանդներին ու հիվանդության դեմ պայքարի ելածներին։ «Purple for our purpose» կարգախոսով աշխարհի տարբեր կողմերից մարդիկ պահանջում են հիվանդության ավելի լավ ուսումնասիրում ու բուժման նոր մեթոդների մշակում։
Քանի որ հիվանդության վաղ հայտնաբերումը հեշտացնում է քաղցկեղի հաղթահարումը, միության անդամներն առաջին հերթին կարևորում են իրազեկման խնդիրը։ Հատկապես նոյեմբեր ամսին շատ ակտիվիստներ դուրս են գալիս փողոց ու մարդկանց պատմում հիվանդության ախտանշանների, ռիսկի գործոնների մասին։
Հիվանդություն, որը խլում է հանրահայտ կյանքեր
Սթիվ Ջոբս, Լուչիանո Պավարոտտի, Ալան Ռիքման և Սպենսեր Ջոնսոն․․․ Սրանք մի քանիսն են այն հանրահայտ անուններից, որոնց կյանքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը վճռական դեր է խաղացել։
2003 թվականին Սթիվ Ջոբսի մոտ հայտնաբերվեց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Հետազոտման արդյունքում պարզվեց, որ նրա մոտ հիվանդության շատ հազվադեպ հանդիպող տեսակն է, որը հեշտությամբ բուժվում է։ Սակայն Ջոբսը շատ երկար ժամանակ հրաժարվում էր վիրահատությունից՝ զբաղվելով այլընտրանքային բժշկությամբ։ Սա էլ բժիշկների պնդմամբ դարձավ նրա մահվան պատճառը։ Այնուամենայնիվ, 2004թ-ին նա վիրահատվեց, և ուռուցքը հաջողությամբ հեռացվեց։
Հեշտությամբ բուժվող հիվանդություն ունենալու բախտավորությունը վիճակված չէր մեր մյուս հերոսներին։ Հանրահայտ օպերային երգիչ Լուչիանո Պավարոտտիի կյանքն էլ 2007-ին խլեց նույն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։
Ալան Ռիքմանը, որ հայտնի է «Հարրի Փոթթեր» ֆիլմաշարից, որտեղ ներկայացնում էր պրոֆեսոր Սնեյփի կերպարը, 2015 թվականին միկրոինսուլտ տարավ։ Դրանից հետո նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ախտորոշվեց։ Հենց սա դերասանի մահվան պատճառը դարձավ 2016թ-ին։
2017թ. հուլիսի 3-ին բժիշկ, հոգեբան և գրող Սպենսեր Ջոնսոնը ևս մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Իր գրքերից մեկում Սպենսեր Ջոնսոնը ընթերցողին ներկայացրեց մի արտասովոր նամակ, որն ուղղված էր ուռուցքին։ Ջոնսոնը գրում է․
Նամակ իմ ուռուցքին
Բարև՛, ուռու՛ցք,
Սպենսեր Ջենսոն
Ես սիրում եմ քեզ հիմա։ Մի ժամանակ վախենում էի քեզանից և պայքարում էի, որպեսզի կարողանայի հաղթել քեզ։
Հետո հայացք գցեցի իմ համոզմունքներին՝ տեսնելու արդյոք դրանք ավելի շատ սիրելու՞, թե՞ վախենալու մասին էին։ Դրանք ակնհայտորեն վախենալու մասին էին։
Իսկ ես սիրում եմ այն, թե ինչպես սովորեցի սիրել քեզ, չնայած այդ միտքը տարօրինակ էր ինձ թվում։
Եվ որքա՜ն ավելի հարուստ է իմ կյանքը դարձել։ Քանի որ ես հիվանդ եմ և գիտակցում եմ, որ շուտով կարող եմ մահանալ, ես շատ ավելի գնահատող, սիրող անձնավորություն եմ դարձել, շատ ավելի մոտ ընտանիքիս և ընկերներիս, նպատակի ավելի մեծ զգացումով, և հոգևոր աճ եմ ապրել։
Այնպես որ, շնորհակալությու՛ն, շնորհակալությու՛ն, շնորհակալությու՛ն։
Բժշկական գիտությունների դոկտոր
Մեկնաբանություններ