Երեկ գրանցվել է կորոնավիրուսից մահվան 30 դեպք։ Ցավով պետք է նշեմ, որ գիշերն ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քովիդով պայմանավորված։ Այս մասին Աժ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամների, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով։ Հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով։ Կան 100-ից ավելի հղիներ, ժամանակի ընթացքում այց ցուցանիշը պահպանվում է, որոնց գրեթե կեսն ունեն տարբեր ծանրության աստիճանների թոքաբորբ, և մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու համար, բայց, իհարկե, ունենում ենք նման ցավալի դեպքեր»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակը մնում է լարված, նախորդ շաբաթների ընթացքում դպրոցների արձակուրդներն ու բուհերի՝ առցանց աշխատելու ընթացքը որոշակի դրական միտում ունեցել է՝ գոնե թվերի պահպանման առումով, իսկ վերջին մեկ շաբաթում ավելի խստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը, բայց ոչ այնպես, ինչպես ակնկալելի է։
Ըստ նախարարի՝ դելտա շտամը ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ։
Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ նախարարը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ իրականացվել է 890 797 պատվաստում։ Երկրորդ դեղաչափը ստացել է 276 948 անձ։
Մեկնաբանություններ