44 օրյա պատերազմից անցել է 1 տարի։ Մեր վերքերը դեռ չեն սպիացել, և մենք միշտ ենք խոսում պատերազմի մասին։ Այս անգամ journews.am-ը զրուցեց 44 օրյա պատերազմի մասնակից տանկիստ Ռոբերտ Ղուլիջանյանի հետ։
-Ողջույն, Ռոբերտ։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար, քանզի գիտենք, որ ձեզ համար դժվար է խոսել պատերազմի մասին: Ինչպե՞ս բացվեց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ի՞նչ կատարվեց, որտե՞ղ էիք։
-Ես ծառայում էի Կուբաթլուում, և մի քանի ամիսը մեկ գնում էինք Ջաբրայիլ՝ զորավարժությունների։ Սեպտեմբերի 10-ին գնացել էինք հերթական զորավարժության։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 6-ից մինչև 7-ը խաղաղ էր։ Մենք արթնացել էինք, դուրս եկել վրաններից և պետք է նախաճաշեինք։ Կրակ էինք վառել և տղաներով նստել կողքին։ Ժամը 7:15-ին ինչ-որ տարօրինակ ձայն լսվեց. մտածեցինք անսարք մեքենա է։ Քիչ անց հնչեց առաջին պայթյունը, և արկը ընկավ մեզնից մոտ 500մ հեռավորության վրա։ Եվ այդպես սկսվեց պատերազմը…
—Արդյոք կա՞ր պատերազմի կանխազգացում։ Ինչպե՞ս էր տրամադրությունը սեպտեմբերի 26-ին, ի՞նչ էիք անում այդ օրը։
֊Սեպտեմբերի 26-ին ամեն ինչ խաղաղ էր։ Հերթական վարժանքները ավարտելուց հետո ընկերոջս՝ Վահեի ծնունդն էինք նշում։ Բոլորս շատ ուրախ էինք։ Արդեն երեկոյան Ջաբրայիլի գնդի տղաների հետ խոսեցինք և իմացանք, որ սահմանին մեծ կուտակումներ կան։ Անվանականչից առաջ մեր երջանկահիշատակ շտաբի պետը՝ Էդգար Մաթևոսյանը, հավաքեց բոլորիս և ասաց , որ սահմանին լարված է , պետք է շատ զգոն լինենք։ Այդ պահից իմ և ընկերներիս մեջ տագնապ մտավ։ Սակայն մենք չէինք պատկերացնում, որ ամեն ինչ այդքան լուրջ է։
—Խնդրում եմ պատմեք պատերազմի ընթացքի մասին։
֊Պատերազմի ժամանակ մենք չէինք պատկերացնում թե որտեղ ենք։ Ադրենալինը մեզ խանգարում էր ընկալել իրականությունը և զգալ պատերազմի ցավն ու վախը։ Այդ ժամանակ միակ նպատակդ թշնամուն հաղթելն ու մայր հողի վրա ամուր կանգնելն է լինում։ Պատերազմի դառը շունչը մենք զգացինք պատերազմի ավարտից հետո, երբ հասկացանք թե ինչերի միջով ենք անցել։ Պատերազմի առաջին հարվածը մեր զորամասի շտաբի պետի՝ Էդգար Մաթևոսյանի զոհվելն էր, որը կոտրեց մեր <<գումարտակի ողնաշարը>>։ Նրա զոհվելուց հետո պատերազմի ողջ ընթացքում ինձ ուժ էր տալիս նրա հայացքը՝ զոհվելուց ժամեր առաջ, երբ օգնում էի հագնել զրահաբաճկոնը։ Վիրավոր ձեռքի պատճառով Մաթևոսյանը չէր կարողանում հագնել զրահաբաճկոնը, և ես օգնում էի նրան, երբ խրոխտ ձայնով տվեց վերջին հրամանը. <<Զինվո՛ր, դուխո՛վ>>։ Այդ խոսուն հայացքն ու ուժ տվող խոսքերը կուղեկցեն ինձ ամբողջ կյանքում։ Երկրորդ հարվածը Ջաբրայիլի կորուստն էր, որը օրեր շարունակ անառիկ էինք պահում։ Կախված աշխարհագրական դիրքից Ջաբրայիլի կորուստը ավելի արյունոտ եղավ, որտեղ շատ ընկերներ կորցրի։ Հոկտեմբերի 2֊ին` լույս 3֊ի գիշերը, մեր վաշտի հրամանատարի` մինչ այդ չաշխատող ռացիան, որն ընկած էր կեղտի ու փոշու մեջ, երջանիկ պատահականությամբ սկսեց աշխատել. իմացանք, որ մեր ճակատը նահանջել է ։ Մենք մեր 8 հոգանոց խմբով շրջափակված էինք։ Այդտեղից դուրս գալը անհնար էր թվում, սակայն մեր հրամանատարի` Ժորա Դոխոյանի արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով կարողացանք դուրս գալ շրջափակումից։
֊Ունեցել ե՞ք հուսահատության պահեր։
֊Բնականաբար, այո։ Շրջափակման մեջ գտնվելու ժամանակ ես զինգրքույկիցս հանեցի հարազատներիս նկարները և ուզում էի այրել՝ մտածելով, որ իմ զոհվելուց հետո թշնամու ձեռքում չհայտնվի։ Զինակից ընկերս` Շոթան, թույլ չտվեց, հույս տալով ,որ ամեն ինչ լավ է լինելու։
֊Պատերազմից անցել է 1 տարի։ Ի՞նչ փոխեց այն ձեր կյանքում։
֊Պատերազմը ինձնից խլեց լավագույն ընկերներիս և զրկեց շատ երջանիկ պահերից,որ պետք է ապրեի նրանց հետ։Սովորեցի կյանքին նայել ուրիշ աչքերով,ապրել տվյալ պահով և գնահատել ունեցածս։
֊Ի՞նչ երազանքներ ունես, որ ցանկանում ես կյանքի կոչել։
֊Երազանքները շատ չեն լինում՝ պետք է շատ լինեն նպատակները։Ես ուզում եմ լավ իրավաբան դառնալ, ընտանիք կազմել և լինել ծնողներիս ու ազգիս արժանի զավակ։
֊Կպատմե՞ք Ձեր զոհված ընկերների մասին։ Գնացել ե՞ք Եռաբլուր։
֊Ընկերներիցս Վահեն,ով սովորում էր Ոստիկանության ակադեմիայում,տանից նյութեր էր ուզել և միասին պարապում էինք։Ինքը երազում էր դատախազ դառնալ և որոշել էինք կոլեգաներ լինել։Ցավոք սրտի Վահեն տուն չվերադարձավ և չհասավ իր երազանքներին։ Ես այդպես էլ չիմացա, թե ինչ երազանք էր պահել Վահեն սեպտեմբերի 26֊ին՝ իր ծննդյան տորթի մոմերը փչելիս։ Պատերազմը ինձ զրկեց նաև լավագույն ընկերոջս՝ Ներսոյի ծնունդը շնորհավորելուց։ Նա զոհվեց իր 20 ֊ամյակի օրը։ Մենք ընկերացել էինք ծառայության սկզբնական շրջանում,երբ ծառայում էինք Հոկտեմբերյանում: Եռաբլուրում դեռևս չեմ եղել, քանի որ դեռ հոգեպես պատրաստ չեմ։ Զորացրվելուս օրը եղել եմ Գորիսի պանթեոնում՝ Էդգար Մաթևոսյանի գերեզմանին։
֊ Ձեր ամփոփիչ խոսքը, ի՞նչ կասեիք մյուս վերադարձած տղաներին։
֊Կոչ եմ անում չհուսահատվել, քանի որ մենք չենք պարտվել՝ պարտվել է դիվանագիտությունը։ Մենք պետք է ապրենք մեր ընկերների չապրած կյանքերը, որովհետև յուրաքանչյուրս ապրում ենք իրենցից մի կտոր մեր ներսում պահած:
-Շնորհակալ ենք անկեղծ զրույցի համար։ Սա մի փոքրիկ հատված էր ապրած այդ դաժան օրերից։ Մենք պարտական ենք ձեզ։
Մեկնաբանություններ