Նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացչությունում <<Տերյան>> մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Թամարա Մարդանյանի <<Անմոռանալի հայացք>> խորագրով ցուցահանդեսը։
<<Տերյան>> մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը journews.am կայքին պատմեց մտահղացման մասին․
<<Տերյան>> մշակութային կենտրոնը այսօր պատիվ ունի ներկայացնելու մի կնոջ աշխատանքներ, ով պատերազմի օրերին՝ մարդասիրական աջակցություններ ցուցաբերելու ընթացքում, բազմաթիվ օգնության կարիք ունեցող արցախցիների շարքում, որպես արցախցի, ով պատերազմի օրերին տեղափոխվել է Հայաստան առաջարկեց իր օգնությամբ շարունակել մեր մշակութային գործունեությունը, քանի որ այդ օրերին մշակույթը հետին պլան էր մղվել։ Պատմեց, որ նկարում է զոհված, վիրավոր ազատամարտիկների, արցախցիներին։
Առաջարկը հուզեց և գրավեց, ցանկացանք ծանոթանալ իր աշխատանքների հետ և հասկացանք, որ չնայած` կինը չունի իր սեփական արվեստանոցը, սակայն նա լիքն է արվեստով։ Իր անցած դժվարին ճանապարհի հետ մեկտեղ, նա անսահման դրական կին է, և անգամ շփումը արդեն շատ հաճելի էր։ Այսօր ներկայացված են տիկին Թամարայի թե՛ վաղ շրջանի, թե՛ վերջին ժամանակահատվածի նկարները, իսկ վայրը ընտրել ենք հենց Արցախի Հանրապետության մշտական ներկայացչությունում, քանի որ այս գեղեցիկ տարածքը նախատեսված է հենց արցախցիների համար, իսկ մեր գլխավոր նպատակներից մեկը այն է, որ հանրությունը ևս ճանաչի նկարչուհուն։
Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի Հանրապետության սոցիալական հարցերով նախարար Արմինե Պետրոսյանը, ովքեր ևս ողջույնի խոսքով հանդես եկան և ներկայացրին նկարչուհուն։
Նկարչուհի Թամարա Մարդանյանը իր ներկայացման խոսքում նշեց․
Բանը նրանում է, որ ես իմ ազգի մասին շատ քիչ բան գիտեի և որքան շատ եմ իմանում, այնքան ավելի շատ եմ սիրում։ Այն այնքան գեղեցիկ, հրաշալի, տաղանդավոր ժողովուրդ է․․․․ Յուրաքանչյուր մարդ ունի իր պարտականությունը, ես էլ որպես պարտականություն ցանկանում եմ որևէ բան անել իմ ժողովրդի համար, որպեսզի մենք չմեռնենք, այլ հակառակը, անկախ ամենից, ծաղկենք։ Մեր տղաները, ովքեր չպետք է մահանային, զոհվեցին։ Շնորհակալություն եմ հայտնում, բոլոր այն մարդկանց, ովքեր ընձեռեցին հնարավորություն այսօր ներկայանալու, քանի որ սա մեծ քայլ է դեպի առաջ, չէ՞ որ մենք պետք է իմանանք, թե ով ենք մենք, որպեսզի կարողանանք պաշպանել մեր հայրենիքը։
Ցուցահադեսը վարեց հաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, նա նշեց․
-Մենք այստեղ չորս կողմում տեսնում ենք նկարներ, պատկերներ, որոնց ամեն մի կտորը հուշ է դեպի Արցախ՝ մեր գեղեցիկ և գունավոր Արցախ, որը միանշանակ պետք է վերականգնվի։ Բառերը քիչ են, իսկ կորուստները շատ են, բայց այս կորուստների հետ մեկտեղ մենք պետք է համախմբվենք, որպեսզի զորանանք։ Յուրաքանչյուր հայ այս ժամանակաշրջանում պետք է ավելի ուժեղ լինի, չընկճվի։ Հայը զորեղ և ուժեղ է այն ժամանակ, երբ միմյանց մեջ կա սեր և գնահատանք։ Այնպես որ, ցանկանում եմ այս պահից սկսած նաև մեր մշակույթով ապացուցենք, որ մենք կարող ենք, մենք հզոր ենք, քանի որ մեր հերոսներին մենք լիքը պարտք ունենք։ Իսկ տիկին Թամարային ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս ցասման ժամանակաշրջանում կարողացել է գույներ դնել և կրկին ապացուցել մեր ազգի զորեղությունը, ապրելու ու արարելու կամքը։
Ցուցահանդեսը, ինչպես խորագրում է նշված, լի է <<Անմոռանալի հայացքներով>> թե՛ կտավի վրա, թե կտավին նայող։ Արվեստը կերտում է մեզ, իսկ նկարչուհի Թամարա Մարդանյանը փորձել է վերածնել և կերտել մեզ արվեստի միջոցով։
«Եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, էլ ինչի՞ համար ենք պայքարում» Ուինսթոն Չերչիլ
Մեկնաբանություններ