Հաճելի է, երբ երիտասարդները փորձում են ամեն կերպ ներգրավվել հասարակության մեջ և զարկ տալ դրա զարգացմանը։ Այդպիսի երիտասարդներից է Թամարա Մանուկյանը։ Նա սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ journews.am֊ի հետ զրույցում Թամարան պատմել է իր նորաստեղծ բիզնեսի՝ Salome խոտաբույսային թեյերի մասին։
-Բարև Ձեզ, Թամարա։ Շատ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։
֊Բարև Ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։
-Կպատմե՞ք Salome խոտաբույսային թեյերի ստեղծման մասին, ո՞վքեր են հիմնադիրները, ինչպե՞ս է առաջացել միտքը։
-Միտքն առաջացել է մոտավորապես երկու տարի առաջ, սակայն այդ ժամանակ միջոցներ չկար միտքս իրագործելու համար. փոքր էի:Որոշ ժամանակ անց, երբ չէի էլ մտածում այդ մասին, համալսարանում սկսեցինք «Գործարարություն» առարկա անցնել, որի ժամանակ բիզնես պլան գրեցի և մտածեցի` ինչու՞ կյանքի չկոչել գաղափարը, իսկ գաղափարը ծնվել է քովիդի սկզբում, երբ բոլորս մտածելու ու գործելու ժամանակ ունեինք, և ես որոշեցի իրագործել բիզնես գաղափարս, իսկ ինչ վերաբերում է հարցի երրորդ մասին, ես ինքս եմ զբաղվում իմ փոքրիկ բիզնեսով:
֊Ինչու՞ հենց Salome։Ինչպե՞ս եք ընտրել անվանումը։
֊Սկզբում բիզնեսի անունը եղել է Svastic,որը հայկական գերխաչի անվանման ուրիշ տարբերակ է։ Այն նաև նշանակում է հավերժության նշան։ Հետագայում այն սխալ ընկալվեց մարդկանց կողմից,որովհետև svastic֊ը ինչպես գիտենք Հիտլերի նշանն է։ Ես այդ մասին ի սկզբանե մտածում էի, բայց դրան զուգահեռ մտածում էի,որ մարդիկ կհասկանան, որ դա հայկական գերխաչի նշանն է, ոչ թե գերբնական ծագում ունեցող նշան։ Մի քանի վատ արձագանքներից հետո հասկացա,որ դա կարող է խանգարել ինձ շուկայում։Որոշեցի փոխել անունը։ Փնտրտուքների մեջ էի,երբ դիմացս դուրս եկավ Վարդգես Սուրենյանցի Սալոմէի կտավը, ու այդպես որոշեցի բիզնեսը անվանեմ Salome։
֊Կպատմե՞ ք պատրաստման փուլերի մասին։
֊Ի սկզբանե ես մտավախություն ունեի մրցակիցներ ունենալու։ Մտածում էի,որ հնարավոր է մրցակիցներիս պատճառով առաջխաղացում չունենամ։ Դրա համար սկզբում լավ ուսումնասիրեցի շուկան։ Հիմա՝ մասնավորապես պատերազմից հետո, մարդիկ նախընտրում են հայկական արտադրանք, իսկ շուկայում մի քանի բիզնեսներ կային, որոնք հայկական խոտաբույսային թեյեր էին արտադրում, հիմա անուններ չթվեմ։ Salome֊ն ի սկզբանե պետք է տարբերվեր և ես մի քանի գաղափարներ՝ ունեի թեյերի տուփիկների հետ կապված։ Այդ ժամանակ ես ոչ մի տեղ սրվակով խոտաբույսային թեյեր չէի տեսել։ Շատ եմ սիրում Հարի Փոթեր ֆիլմը, այդտեղ տեսել էի կախարդական սրվակները ու միտք հղացավ սրվակներով խոտաբույսային թեյեր վաճառելու։
Տուփերի մեջ՝ փոքր թղթերի վրա, մոտիվացնող արտահայտություններ ենք գրում, մարդիկ բացում,կարդում են և ոգևորվում։ Մեզ մոտ շեշտը դրված է հիմնականում էկոյի վրա, պլաստիկը շատ չնչին տոկոս է կազմում, քանի որ այն բավականին դժվար է վերամշակվում կամ միգուցե շատ դժվար է վերանում։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս օգտագործել էկո արտադրանք և զարկ տալ դրա զարգացմանը։
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գործի գաղտնիքը սերն է։ Եթե այդ գործը սիրով ես անում, ապա դա հաջողված է լինում։
֊Ինչպե՞ս եք իրականացնում վաճառքը, կարողանու՞մ եք արտահանել։
֊Կուզենամ պատմել ծնողներիս վերաբերմունքի մասին։ Նրանք դեմ էին, այն նկատառումով,որ շուկայում կան մարդիկ,ովքեր արդեն զբաղվում էին թեյերի բիզնեսով, և ըստ նրանց ես հաջողության չէի հասնի։Դա առաջին դեպքն էր,որ ես ծնողներիս չլսեցի: Սկսեցի աշխատել քիչ ներդրումով և քիչ արտադրանքով: Արտադրանքը շուտ սպառվեց, և ծնողներս տեսնելով,որ բիզնեսը ապագա ունի, սկսեցին քաջալերել ինձ։
Ընկերներս,հարզատներս,ծնողներս որոշ չափով օգնել են ինձ, բայց ես աշխատել եմ ամեն ինչ ինքնուրույն անել։ Դե իհարկե դժվարություններ եղել են, բայց ամեն ինչ հաղթահարել եմ։
֊Ձեր խոսքը փոքր բիզնես սկսողներին։
֊Կարևորը՝ բիզնեսում սեր ու ցանկություն դնելն է։ Սկզբում սկսեք քիչ գումարով, բայց եղեք տարբերվող։ Փորձը ցույց է տվել,որ մարդկանց դուր է գալիս տարբերվող տեսականին:
-Շնորհակալ ենք անկեղծ զրույցի համար: Հուսանք, որ տարիներ հետո Salome-ն համաշխարհային ճանաչում կունենա:
Մեկնաբանություններ