Թուրքիայի լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղին, որը կմեկնարկի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին:
«Հայաստանը առաջին խոչընդոտն է ԵՎՐՈ-2024-ի ճանապարհին, — գրում է ամենամեծ տպաքանակ ունեցող «Հուրիեթ» թերթը, — Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հեռացան ազգային թիմից։ «Արարատ-Արմենիայում» կարիերան շարունակող Գևորգ Ղազարյանը (78 խաղ, 14 գոլ) չի հրավիրվել հավաքական։ Առկա անուններից ամենավտանգավորը Տիգրան Բարսեղյանն է։ «Սլովանում» հանդես եկող 30-ամյա ձախ կիսապաշտպանը ամենաշատ գոլերի հեղինակն է (8 գոլ) հավաքական ներկայիս կազմում։ Լուկաս Սելարայանը, որը հանդես է գալիս MLS-ում, Բունդեսլիգայում խաղացող Սարգիս Ադամյանը, արգենտինացի Նորբերտո Բրիասկոն և Վարազդատ Հարոյանը կազմում են թիմի ողնաշարը…»:
«Թուրքիան ցանկանում է առանց սխալների հանձնել առաջին քննությունը և լավ սկսել Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլը։ Դրա համար Շտեֆան Կունցն արդեն որոշել է հաղթանակ ապահովող թիմի կազմը, — գրում է «Սաբահը», — Խոակին Կապարոսի փոխարինած Ալեքսանդր Պետրակովը թիմ է հրավիրել երիտասարդ խոստումնալից ֆուտբոլիստներ՝ նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին (23 տարեկան), հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսին (19) ու Նաիր Տիկնիզյանին (23): Սակայն,
Հայաստանում ամենավտանգավորները 2000 թվականին ծնված Էդուարդ Սպերցյանն ու 1999 թվականին ծնված Վահան Բիչախչյանն են։ 23-ամյա Սպերցյանը թիմի դիրիժորն է, իսկ կիսապաշտպանության նրա գործընկերը՝ Բիչախչյանը, տիրապետում է վտանգավոր հարվածների ձախ ոտքով»:
«Թուրքիան և Հայաստանը իրենց պատմության ընթացքում երկու անգամ մրցակիցներ են եղել, — գրել է «Ֆանատիկ» մարզական թերթը, — 2010թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբի երկու հանդիպումներում էլ հաղթել է մեր ազգայինը՝ նույն 2:0 հաշվով։ Մեր հավաքականը Հայաստանի հետ կանցկացնի իր պատմության 613-րդ հանդիպումը։ Ազգայինը տարել է 236 հաղթանակ, կրել է 231 պարտություն և ոչ-ոքի խաղացել 145-ում: Այդ հանդիպումներում մերոնք խփել են 832, բաց թողել՝ 875 գնդակ»։
Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա այսօր ժամը 21:00-ին:
Մեկնաբանություններ