Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ․ Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն։ Թանգարանի ստեղծման գործում Հ․Իգիթյանը մեծ աջակցություն է ստացել Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գ․Հասրաթյանի, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից։ Թանգարանում հիմնականում ներկայացված են հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս Ավետիսյանի, Վրույր Գալստյանի, Հակոբ Հակոբյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Էմիլ Գազազի, Սարգիս Համալբաշյանի, Աշոտ Ղազարյանի և այլոց ստեղծագործությունները։
Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն են եղել և 1960-ական թվականների՝ Հայաստանի ու Սփյուռքի նկարիչների գործերը։ Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։
Թանգարանում ցուցադրվում են նաև Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Գայանե Խաչատուրյանի, Վաղարշակ, Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանների, Կարինե Վարդանյանի, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, սփյուռքահայ նկարիչներ Ժիրայր Օրագյանի, Ժանսեմի, Գառզուի, Ասատուր Պզտիկյանի և ուրիշների գործերից։
Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում։ Հետագա 20 տարիների ընթացքում այս թանգարանը մնում էր Ժամանակակից արվեստի միակ կենտրոնը վերը նշված ռեգիոնում։ Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ Երևան այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրելի վայրը։
Ժամանակի ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվեց 1980-ականների նկարիչների նվիրատվություններով՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Ռուբեն Գրիգորյանի, Կամո Նիգարյանի, Արմեն Գևորգյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի, Գաբրիել Մանուկյանի, Վահան Ռումելյանի, Նինա Խեմչյանի, Այվազ Ավոյանի և այլոց գործերով։
2004թ․ բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքները, իսկ 2010-ին Կապանի Պղինձամոլիբդենային կոմբինատի կողմից՝ կանադաբնակ արվեստագետ Կարեն Պետրոսյանի քանդակները։
Ուշագրավ է թանգարանի տպագրական գործունեությունը։ Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը վերջին տարիներին հրատարակեց մի շարք ալբոմներ՝ “Քոչար”, “Ա․ Բաժբեուկ–Մելիքյան”, “Հովնաթանյանից Մինաս”, “Թանգարան”, “Հայկական գունապնակ I”, “Հայկական գունապնակ II”, “Մինաս Ավետիսյան”, “Վրույր Գալստյան”, “Աշոտ Հովհաննիսյան”, “Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան” պատկերագիրքը, ինչպես նաև 1980-ականների նկարիչների անհատական կատալոգները։
Ստեղծման օրից առ այսօր թանգարան են այցելել բազմաթիվ նշանավոր մարդիկ, արվեստի և գիտության հանրաճանաչ անձնավորություններ։ Պատվավոր այցելուներից են եղել ակադեմիկոս, Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիատրովսկին, գրող Չինգիզ Այթմատովը, մեքսիկացի նկարիչ Դավիդ Ալֆարո Սիկեյրոսը, իտալացի նկարիչ Ռենատո Գուտտուզոն, իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, Բոհումի թանգարանի տնօրեն Պետեր Շպիլմանը, ինչպես նաև հայազգի հանրաճանաչ գործիչներ Վիլյամ Սարոյանը, Տիգրան Մանսուրյանը, Աղասի Այվազյանը և այլք։
Այսօր էլ սովորականի պես Ժամանակակից արվեստի թանգարանը սպասում է իր այցելուներին, որոնք արվեստի նմուշներին ծանոթանալու հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մասնագիտական մեկնաբանություն հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով։
Մեկնաբանություններ