2020-ի աշունը ստիպեց բոլորիս ունենալ մեր հերոսներն ու անվերջ սպասել նրանց,հույսով ու հավատով սպասել արդեն երազանք դարձած հանդիպմանը․․․
Ապրելու վառ ու անսպառ ցանկությունը սրտում նա մահի դեմ դուրս եկավ ու հերոսացավ․․․ Հայկը,ով դարձավ հայրենիքի հավերժ զինվորը,ում անունը հավերժացավ ու դասվեց հերոսների շարքում։ Հայկը ծնվել էր 2002թվականի փետրվարի 6֊ին,ընտանիքի առաջնեկն էր,ով այժմ ընտանիքի հպարտությունն ու երկնային պաշտպանն է դարձել։ Հայկը նախնական կրթությունը ստացել էր Երևանի հ.98 միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել էր Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարան։Դեռ փոքր տարիքից էլ սիրել էր սպորտը.հաճախել է կարատեի, լողի և ֆուտբոլի։
Հայկը և քույրը`Լիլիան,գինի ունեին։Հայկի ծառայության մեկնելուց առաջ խոստացել էին բացել 2 տարի անց`Հայկի վերադարձի ժամանակ,բայց… գինին այդպես էլ չբացվեց։ 2020 թվական, հուլիսի 8․Հայկը մեկնեց ծառայության։Հավաքույթի ցանկություն Հայկը չէր ունեցել․«Գնալուցս քեֆ մի արեք, գալուցս «հարսանիք» կանենք»։ Թունյանը ծառայեց Մարտունի «2» զորամասում։Հայկը իր զենքի(ПК) հմուտ վարպետն էր,ինչի համար էլ նրան բոլորը “Պեկայիստ Հայկո” էին ճանաչում։ Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը,Հայկը ընդամենը 2 ամսվա ծառայող էր։Ծնողները միշտ իմացել են,որ Հայկն ապահով վայրում է,Հայկն էր այդպես ասել ու հանգստացրել ծնողներին`ամեն օր կզանգեմ։ Հոկբետմբերի 29֊ին Հայկը զանգեց վերջին անգամ։Իր զենքով հերոսաբար կռվել է թշնամու դեմ ու հասցրել մեծ կորուստներ։Հայկը կռվեց մինչև վերջին շունչն ու պայքարեց հանուն հայրենիքի ամեն մի թիզ հողի համար։ Հայկի մասին կարելի է անվերջ խոսել․․․խոսել,հպարտանալ ու զգալ նրա ներկայությունը ապա երկինք նայել ու տեսնել Թունյանի ուժ տվող ժպիտը։Հայկին երբեք ծնողները չտեսան զինվորական համզգեստով,2 ամսվա ծառայող էր,բայց կռվեց պրոֆեսիոնալ զինվորականի պես ու անմահացավ այն ժամանակ,երբ հրամանատարի մարմինն էր փրկում մարտի դաշտից։Հայկը զոհվեց դիպուկահարի 3 կրակոցից, ու այստեղ էլ ավարտվեց հերոսի կյանքը,որը դեռ այնքա՜ն գարուններ պետք է ապրեր․․․ Հայկը դարձավ ընտանիքի հավերժ ներկան,նրա մասին ոչ ոք երբեք չի մոռանա,նա միշտ կհիշվի ու նրան էլ այցի կգնան`իր վառ հիշատակին նվիրված հուշաքար֊աղբյուրում,որը հենց իր հարազատ բակում է կառուցվել`Նորագավիթում։ Հայկ Թունյանը 2021 թվականին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով։
Պատիվ ունեմ,շարքային Հայկ Կարենի Թունյան։
Մեկնաբանություններ