Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում դերասան Վահագն Սամվելյանի հետ հարցազրույցը։ Քսաներկուամյա Վահագնին հասարակությունը ճանաչեց և սիրեց <<Վերջին ուսուցիչը>> հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Արմենի կերպարը։ Հեռեւստասերիալում Արմենի ընտանիքը պետք է ընդմիշտ գնար երկրից , սակայն Արմենը չէր ուզում գնալ նրանց հետ՝ պարզաբանելով, որ իր ընկերները, դպրոցը, հարազատները, բոլորը Հայաստանում են։ Վահագնը 2020 թվականին ավարտել է Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, նույն թվականին էլ զորակոչվել է բանակ և ծառայել երկու ամիս։ Պատերազմի ժամանակ ստացել է վիրավորում, ինչի պատճառով էլ չի շարունակել ծառայությունը։
—Ողջույն Վահագն, շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք իմ հարցերին պատասխանելու համար։ Ինչքան գիտեմ, Դուք մարմնավորել եք մի քանի կերպարների, բայց հասարակությոանը ավելի հայտնի եք դարձել <<Վերջին ուսուցիչը>> հեռուստասերիալից՝ մարմնավորելով Արմենի կերպարը։ Կպատմե՞ք ինչպես առաջարկ ստացաք սերիալում նկարահանվելու։
—Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ չի եղել։ Եղել է քասթինգ, որի ժամանակ էլ որոշվել է, որ ինձ համապատասխանող կերպարը հենց Արմենի կերպարն է։ Մնացած կերպարները նույնպես ընտրվել են այս սկզբունքով։
—Սիրու՞մ եք արդյոք Արմենի կերպարը։ Ի՞նչ հատկանիշներով էր նա Ձեզ նման և ինչով՝ ոչ։
— Ինչ վերաբերում է Արմենի կերպարը սիրելուն, երևի ավելի շատ հարգում եմ իր տեսանկյունը՝ այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք արծարծվել են հեռուստասերիալում։ Արմենի ասածների և արածների մեծ մասը համապատասխանում է իմ աշխարհայացքին։
—Հեռուստասերիալում ցուցաբերած բացարձակ հայրենասիրությունը ցուցաբերեցիք նաև կյանքում, երբ մասնակից եղաք Արցախյան 44-օրյա պատերազմին։ Այդ ժամանակ դուք ժամկետային զինծառայող եք եղել։ Ինչքա՞ն ժամանակ է, որ ծառայող էիք և ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ պատերազմ է սկսվել։ Կպատմե՞ք ձեր ապրումների մասին։
—Արցախյան 44-օրյա պատերազմին երկու օր եմ հասցրել մասնակցել, և ինչը որ տարօրինակ է, ես, մեր գնդի մասշտաբով, առաջիններից եմ եղել, որ իմացել եմ պատերազմի մասին, երբ ծխարանում սրճում էի՝ մինչև զորքի արթնանալը և պայթյուններ լսեցի մեզ շրջապատող սարերից՝ տարբեր ուղղություններով։ Անմիջապես գնացի իմ վերակարգ սպայի մոտ և իմացա, որ պատերազմ է սկսվել։ Այս պահից մտքումս ոչինչ չկար, բացի այն մտքից, թե ինչ է պետք անել յուրաքանչյուր պահի։ Իսկ, թե ինչքանով կատարեցի իմ գործը՝ չեմ կարող ասել։
—Պատերազմի ժամանակ ստացել էիք վիրավորում, ինչի համար էլ պետք է վիրահատվեիք։ Ինչու՞ որոշեցիք, որ հենց Հայաստանում պետք է լինի Ձեր վիրահատությունը։
—Վիրահատությունները նախընտրել եմ Հայաստանում արվի և հայ բժիշկների կողմից, քանի որ այդպես ես ավելի վստահ էի պառկում վիրահատության՝ գիտակցելով, որ իմ ազգի մարդ է անում վիրահատությունը, ինչն էլ նշանակում է, որ ամեն մեկը իմ նկատմամբ նույնքան ուշադիր կլիներ, որքան սեփական անձի, քանի որ պատերազմը ամբողջ ազգին է անդրադարձել։
—Իսկ որքա՞ն ժամանակ եք բուժում ստացել և այժմ շարունակում եք աշխատեկել Ձեր մասնագիտությամբ։
—Բուժումը ամբողջությամբ մոտ յոթ ամիս է տևել և ես շատ գոհ եմ եղել արդյունքից։ Բուժում ստանալուց հետո իմ մասնագիտությամբ աշխատել եմ և դեռ պատրաստվում եմ աշխատել։
Մեկնաբանություններ