ԱԿՆԹԱՐԹ` <<ԳԻՏԵ՞Ք ԵՍ ԷՆ ՏՂԱՆ ԵՄ>>
Ամեն մի առիթով ես երախտագիտության զգացումով հիշում եմ մեր Մեծերին, ովքեր ինչ-որ բան են փոխել նաև իմ կյանքում․Սիլվա Կապուտիկյան, Հրանտ Մաթևոսյան, Կարեն Դեմիրճյան․․.լրագրող չէի ուզում դառնալ: Ուզում էի բժիշկ դառնալ: Դպրոցում ուղեղս լցրել էի ֆիզիկայի ու քիմիայի դասագրքերով Ծղալթբիլայի արդեն նշանավոր բժիշկ էի երևակայում մինչև այն օրը, երբ Սիլվա Կապուտիկյանը մտավ գյուղ՝ Նորշեն( Ծղալթբիլա):Արմանք-զարմանք բան էր` գյուղը բանաստեղծուհի չէր տեսել, և ակումբը լեփ-լեցուն էր… Հանկարծ ինձ էլ ձայն տվեցին: Ես էլ` թշվառ «քիմիկոս-ֆիզիկոսս», բանաստեղծուհուց ընդամենը մի ոտանավոր էի կարդացել. կարծեմ` ժամացույցի մասին էր: Հիմա չեմ հիշում, թե ինչ եմ ասել, ինչպես եմ այդ բանաստեղծությամբ «բնութագրել» Սիլվա Կապուտիկյանի պոեզիան, բայց լավ եմ հիշում, որ իմ խոսքի կեսից նա հանկարծ վեր կացավ, մոտեցավ ինձ և համբուրեց ճակատս: Դե, այդպիսի հանդիսություններում դա սովորական երևույթ է, սակայն ինձ համար` անսովոր, որ հիմնովին փոխեց իմ կյանքը: Հետո իմացա, որ հրաժեշտ տալիս խնդրել է. «Էն տղային ուշադրություն դարձրեք` տաղանդավոր է»: Ես չեմ ասում, որ տաղանդավոր եմ, Սիլվա Կապուտիկյանն է ասել: Ասել է ու ճամփես փոխել, ես` ապագա «նշանավոր բժիշկս», դարձա բանասեր:
Աշխատեցի «Սևան» թերթում, ՀՀ հեռուստառադիոպետկոմում, «Ավանգարդում», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, խմբագրեցի նաև «ՀՀ» օրաթերթի «Մենք» հավելվածը: Միշտ մտածում էի հանդիպել բանաստեղծուհուն:
Երբ հիմնադրեցի «Ափ» հասարակական, բնապահպանական և մշակութային պարբերականը, առաջին համարը լույս տեսավ Սիլվա Կապուտիկյանի ջերմ բարեմաղթանքներով, պատգամներով և ծավալուն հարցազրույցով` «Մեր ժամանակի Մեծ Տիկինը և Մեծ Տիկնոջ մեր ժամանակը» խորագրով: Հարցազրույցը վարել էր Սերգեյ Գալոյանը, և ես այդպես էլ չհանդիպեցի բանաստեղծուհուն… Շատ եմ ափսոսում, որ չհասցրի նրան ասել. « Գիտե՞ք, ես էն տղան եմ…»:
քաղաք Ախալցխա, գյուղ Ծղալթբիլա
Գրառումը՝ Նովիկ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ