1924 թվականի հենց այս օրը՝ հունվարի 24-ին է ծնվել հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (Պարույր Սևակը):
•1949 թվականից Սևակը գրողների միության անդամ է դարձել։
•1967 թվականին «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
•1970 թվականին արժանացել է Բանասիրական գիտությունների դոկտորի կոչման աստիճանի։
Ստորև ձեզ ենք ներկայացնում հատված Պ.Սևակի ինքնակենսագրականից, որը բանաստեղծը գրել է 1965 թվականի դեկտեմբերին։ Այն վերնագրված է «Անցյալը ներկայացրած»։
<<Կարդում էի․․․
Ու մերոնք երկյուղում էին, թե․․․ կգժվեմ։ Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կա՛մ սև ջուր է իջնում, կա՛մ խելքներն են թռցնում։ Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը․․․ <<շատ կարդալուց գժվել է>>։ Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը։ Պատմում էին,որ նա՝ եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով՝ մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սեմացուի ութփթանոց պարկերը չի իջեցրել ջորուց։
Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում։ Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ ժամանակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ՝ այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ ․․․ համարյա թե մարգարե, որովհետև ․․․ <<օղորմածիկը ինչ որ ասում էր՝ կատարվեց>> ․․․
Եվ, հավանաբար, պապական այդ արյունն էր շրջում մեջս՝ ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ <<շատ կարդալուց կգժվեմ>>։ Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս, ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը․
-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս․ վարժապե՞տ։
-Բա ի՞նչ,-պատասխանում էի ես։
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը։
-Բա ո՜նց։
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ․․․
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ։
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ է։Նա, բնական է, չգիտեր ոչ՛ «գրող», ոչ էլ «բանաստեղծ» բառերը։ Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ Գիքորի տխուր պատմությունը։ Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հ․Թումանյանի անունը։ Ուստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր․
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ ․․․ »
Մեկնաբանություններ