<<Պատերազմյան սերը ստիպեց, որ գրեմ այս գիքրը, որովհետև ապրեցինք այդ ամենն ու մեզ ընդհամենը մի կայծ էր պետք, որ մեր զգացածն ու տեսածը բացատրեինք կամ գրեինք>>, — ասում է Դավիթ Խառատենցը։
Երևանում լույս տեսավ Արցախում իր ծնունդն առած <<Վերադարձի՛ր>> գիրքը, որի հեղինակը Դավիթ Խառատենցն է։
Դավիթը մանրամասնեց՝ Խառատենցն իր գրական ազգանունն է, որն ընտրել է ի պատիվ իր տոհմանվան։ Այս ազգանունը երիտասարդ գրողին ավելի է պարտավորեցնում այս մեծ գործը գլուխ բերելու։
Հեղինակը պատմեց, որ գիրքը գրվել է 2021 թվականի մարտի 8-ից մինչև դեկտեմբերի 24-ը՝ զինծառայության ընթացքում։ Նրա խոսքով միշտ ցանկություն է եղել գիրք գրելու, իսկ շարժառիթն ու թեման եղել է պատերազմը։
<<Սերը հիմք դարձավ, որ իմ գրքի թե՛ սյուժեն, թե՛ նկարագիրը տանի դեպի պատերազմն ու ես կարողանամ գեղարվեստորեն ներկայացնել այն, ինչ տեսել եմ պատերազմի ժամանակ, բայց ներկայացնել ոչ թե պատերամզը, այլ այն սերը, որն ապրում է պատերազմի մեջ>>։
Դավիթը հիշեց, որ քույրն ասել է, որ ինքը գրի պատերազմի մասին, բայց սկզբում հրաժարվում էր․ պատերազմի մասին ասելու ոչինչ չկա, բայց այն, ինչ ապրել է պատերազմում, արժե դրա մասին խոսել ու գրքի թեման եղավ հենց պատերազմում ապրող սերը։
<<Ես շատ ուրախ եմ ամեն ինչի համար, ինչ եղել է իմ կյանքում և իրականում սա մեծ հաջողություն չեմ համարում, քանի որ մինչև այս պահը հասնելն է եղել հաջողություն։ Եթե գիտես, թե ուր է տանում ճանապարհը, ինչքան էլ այն դժվար լինի, եթե գիտես, որ հասնելու ես, ապա այդ ճանապարհը գեղեցիկ է>>։
<<Գլխավոր հերոսը՝ Դավիթը, հենց պատերազմի միջով անցնում է։ Վեպում երկու սյուժե կա՝ մեկը սիրո պատերազմն է․ հանուն սիրո երիտասարդի պայքարն է, ով պիտի կարողանա իր սերը գտնել, իր սերը ճանաչել, իր սիրուն նվիրված է և դրա փոխադարձությունը պիտի կարողանա վայելել, և ահա ընդհատվում է այդ ամենն ու մյուս կողմից գալիս է պատերազմը և պատերազմի սերն է ներկայացվում, որովհետև այդ պատերազմը հենց այնպես չէ․ այդ պատերազմը ուղղակի խաղ չէ, այդ պատերազմի հիմքում կա սեր, և այդ մեծ սերը ինչպես ինքը՝ հեղինակն է ներկայացնում կոչվում է հայրենիք։ Եթե սերը հանենք պատերազմի միջից, պատերազմը կդառնա անհեթեթություն>>, — ասում է գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը։
Հեղինակի քրոջ խոսքով, ով ևս գրքի հեղինակ է, ինքն իրեն երջանիկ է համարում, որովհետև պատերազմի կիզակետից Դավիթը կարողացել է զանգել իրեն ու քննարկել գրքի մանրամասներն և Արցախից Երևան հեռախոսով թելադրել գրվածն ու հասել իր նպատակին։ Քույրը նշում է՝ Դավիթը խնդրել է, որ եթե կռվից հետ չգա քույրը գրի գրքի վերջաբանն ու հանձնի հրատարակման, կազմակերպի գրքի շնորհանդեսը և այլ մանրամասներ, բայց Տաթևը իրեն քառակի երջանիկ է համարում, որովհետև ոչ մի ներդրում չի ունեցել գրքի ստեղծման գործում, քանի որ Դավիթը վերադարձել ու ինքն իր ձեռքով ու իր ուժերով կարողացել է ավարտին հասցնել սկսած գործը։
Խառատենցը իր ընթերցողին խորհուրդ է տալիս գրքին նայել սրտով, այլ ոչ թե գաղափարապես, քանի որ մինչև գաղափար լինելը նախ ներկայացվում է այն ամենն ինչ կատարվում է մարդու ներսում՝ երազանքներ, սեր ու զգացմունք․․․․
Մեկնաբանություններ