Այսօր JourNews-ի հյուրն է հաղորդավար, լրագրող Սոնա Աբրահամյանը։ Սոնա ջան ողջույն, շնորհակալ եմ առաջարկս չմերժելու համար, միանգամից սկսենք առաջին հարցից։
1․Սոնա ջան կասե՞ք՝ ինչպես որոշեցիք դառնալ լրագրող կամ ինչպես որոշվեց Ձեր լրագրող դառնալը։
Երբ ես փոքր էի Հայաստանում կար <<Հայրենիք>> մանկական հեռուստաալիքը, որտեղ հաղորդումները պատրաստում էին երեխաները, ովքեր կարողանում էին աշխատել կադրում կամ գրել տեքստ կամ պատրաստել ռեպորտաժ։ Մի անգամ ինձ հրավիրեցին այնտեղ՝ որպես հերթական հաղորդաշարի հյուր, ու երբ որ գնացի գլխավոր ռեժիսորը հավանաբար նկատեց իմ մեջ պոտենցիալ և առաջարկեց հաղորդումներից մեկում փորձել իմ ուժերը որպես լրագրող։ Այդպես ես սիրահարվեցի հեռուստատեսությանն ու հեռուստատեսային աշխատանքին։
Հետո երբ ես 15 տարեկան էի << Ինտերնյուզ>> միջազգային կազմակերպությունը Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի պատանիների համար կազմակերպել էր լրագրողական ճամբար և ես եղա այն 6 հաջողակներից մեկը, ով անցավ մրցույթը և մասնակցեց այդ նախաձեռնությանը։ Մեկ ամիս շարունակ մենք Վրաստանում և՛ սովորում, և՛ կատարում էինք գործնական աշխատանքներ։
Այսպես ես արդեն սովորել էի հեռուստատեսային աշխատանքի նյուանսները և դեռ շարունակում էի սովորել, քանի որ աշխատում էի, այդպիսով կարիք չկար ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու։Ես ընդունվեցի հայ բանասիրության ֆակուլտետ՝ ավելի լավ հայոց լեզու և գրականություն սովորելու և նաև ընդհանուր զարգացվածություն ու կրթվածություն ունենալու համար։
2․Իսկ եթե հենց հիմա հայտնվեիք պատանի Սոնայի մոտ, նրան խորհուրդ կտայի՞ք նրան նորից ընտրել ու նորից անցնել լրագրողի ուղիով։
Ես միշտ մտածել եմ՝ նորից կընտրեի այս մասնագիտությունը, թե ոչ, որովհետև եղել են դեպքեր, երբ մտածել եմ, որ Հայաստանում լրագրողի մասնագիտությունն այդքան էլ հեռանկարային չէ և մարդիկ այդ աշխատանքի կարևորությունը հաճախ չեն գիտակցում։ Բայց երևի թե ես նորից կընտրեի այս մասնագիտությունը, որովհետև իսկապես շատ եմ սիրում լրագրությունն ու կադրում աշխատանքը։ Իմ մասնագիտության շնորհիվ ձևավորվել են նաև իմ բնավորությունն ու տեսակը շատ հարցերում։
3․Կառանձնացնե՞ք Ձեր վարած կամ հեղինակած հաղորդումներից որևէ մեկը։ Կա՞ հաղորդում որն առանձնահատուկ է Ձեզ համար։
Դժվար է ռեալ առանձնացնել որևէ հաղորդում,որովհետև ամեն հաղորդում մի նոր քայլ է եղել ինձ համար։ Բայց կառանձնացնեմ <<Մասնագիտությունը լրագրող>> հաղորդումը․ սա եղել է առաջին ամենամեծ պրոյեկտը, որի ժամանակ ես զգացել եմ, թե ինչքան մեծ պատասխանատվություն է դրված եղել իմ և Աելիտայի ուսերին։
Հաջորդ նախագիծը, որ կառանձնացնեմ <<Եկեք հասկանանք>>-ն է․ այս դեպքում էլ մենք ռեպորտաժային ֆորմատից անցում կատարեցինք բանավեճային ֆորմատի։
Ինձ համար նաև նոր ու կարևոր քայլ էր անցումը դեպի թվային հարթակ՝ YouTube: Այդ անցման առաջին քայլը եղավ <<Հակազրույց>> նախագիծը, որը պատրաստեցինք ես և Աելիտան։ <<Հակազրույցը>> ստացավ բավականին մեծ արձագանք և շատ սիրվեց։
4․Կարծում եմ՝ ինչպես բոլոր ոլորտներում այս ոլորտում ևս հիասթափությունները շատ են․ կասե՞ք՝ ինչպես չկոտրվել։
Այո, հիասթափություններ կան։ Կոտրվում ես շատ հաճախ․ դժվարությունները շատ են։ Չկոտրվելու համար կարծում եմ ամենակարևորը ինքնավստահությունն է, բայց այդ ինքնավստահությունը չպետք է լինի անհիմն և դատարկ։ Ինքնավստահությունը պետք է գա անելիքներիդ ու աշխատանքիդ գերազանց տիրապետելուց։
Հիմա հնարավորություններն ավելի շատ են։ Եթե օրինակ դուք չեք կարողանում ինքնադրսևորվել հեռուստատեսությունում, ապա կարող եք ձեր ուժերը փորձել Instagram -ում Facebook-ում կամ YouTube-յան ալիքում՝ ինչ-որ հետաքրքիր կոնտենտ ստեղծելով և այդպիսով ունենալով լսարան։ Վստահեցնում եմ, որ եթե դուք ունենաք ձեր լսարանը, ձեր առջև կբացվեն բոլոր դռները։
Ու նաև պետք է հիշել, որ եթե կոտրվում ես, առաջինը քեզ ես վատություն անում, որովհետև քո փոխարեն ու քեզ համար ոչ մեկ ոչինչ չի անելու։
5․<< Ուզում եմ դառնալ լրագրող>>․ ավելի շատ կրթությու՞ն, թե՞ պրկտիկա։
Ես կարծում եմ, որ հավասարաչափ կարևոր են թե՛ կրթությունը, թե՛ պրակտիկան։ Կան ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող կամ արդեն իսկ ֆակուլտետն ավարտած մարդիկ, ովքեր պրակտիկայում դրսևորվել չեն կարողանում և կան արդեն իսկ լրագրողներ, ովքեր աշխատում են այդ ոլորտում և բավականաչափ գիտելիքներ չունեն, կրթված չեն, այդ իսկ պատճառով երկուսն էլ կարևոր են։
6․Կթվե՞ք մի քանի արժանիք որոնցով օժտված պետք է լինի յուրաքանչյուր լրագրող։
Նախ արդեն նշեցի, որ ամենակարևորը կիրթ լինելն է։ Նաև լրագրողը պետք է հետևի ու հասկանա՝ ինչ է կատարվում իր շուրջը և ուր է գնում աշխարհը։ Լրագրողի համար կարևոր են հնարամտությունն ու ճարպկությունը և մարդկանց վստահությունը ձեռք բերելը ու նրանց հետ կոնտակտի դուրս գալը։ Բայց ես կարծում եմ, որ լրագրողի համար կան մի քանի հմտություններ ու արժանիքներ, որոնք ձեռք չեն բերվում ․ դրանք ուղղակի բնավորության գծեր են։
7․Լրագրո՞ղն է գտնում թեմա, թե՞ թեման է գտնում լրագրողին։
Չէ, միանշանակ լրագրողն է գտնում թեմա։ Ես հակառակը մի քիչ դժվար եմ պատկերացնում և ասեմ, որ լրագրողը ունի անսպառ թեմաներ։ Մեր շրջապատում այնքան արագ են իրադարձությունները զարգանում, որ ինֆորմացիայի պակաս երբեք չկա ու նաև ունենալով հետաքրքիր տեսանկյուն լրագրողն ինքը կարող է ցանկացած մարդու, ցանկացած թեմա, ցանկացած առարկա դարձնել նյութ։
8․Եվ վերջում Ձեր խորհուրդը բոլոր ներկա ու ապագա լրագրողներին։
Ես առանձնապես խորհուրդներ տալ չեմ սիրում, որովհետև կարծում եմ ամեն մարդ ինքը ավելի լավ կհասկանա՝ ինչպես պետք է ճիշտ հարթել իր մասնագիտական ճանապարհը։
Միակ բանը, որ կասեմ դա այն է, որ եթե ուզում եք դառնալ լավ լրագրող պետք է սովորեցնեք հասարակությանը հարգել ձեր մասնագիտությունը, իսկ դրա համար էլ պետք է, որ մարդիկ հարգեն ձեր կերպարը, հարգեն ձեզ՝ որպես լրագրող։ Ամբողջ աշխարհում ամենակարևոր մասնագիտություններից մեկն է լրագրողի մասնագիտությունը ու Հայաստանում դրա նկատմամբ հարգանքը մի քիչ քիչ է կարծում եմ։
Մեկնաբանություններ