Այսօր լրանում է Հովհաննես Թադևոսի Թումանյանի՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործչի, ծննդյան 153-ամյակը։ Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80–ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19–րդ դարի վերջին տասնամյակը և 20–րդ դարի սկիզբը։ Իր ստեղծագործություններից շատերում վերջինս նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը։ Այդ թեմաներին են նվիրված Թումանյանի «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմները։ Թումանյանի պոեմների, բալլադների և հեքիաթների հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն են եղել բազմաթիվ հայ նշանավոր գրողներ և բանստեղծներ։
20–րդ դարի սկզբին Հովհաննես Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905–1907թվականներին մասնակցում է Բաքվի հայ–թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է 1908 և 1911 թվականներին, և բանտ նետվում։
1912–21 թվականներին՝ հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայաստանի խոհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ։ Բանաստեղծը վախճանվել է 1923 թվականի մարտի 23–ին, 54 տարեկան հասակում։
Մեկնաբանություններ