Արևելագիտություն, գիտության ճյուղ, որը ուսումնասիրում է Արևելքի երկրները, որոնք են Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի, երբեմն միացվում է աֆրիկագիտությանը, որը ուսումնասիրում է Աֆրիկայի երկրները:
Այսօր կզրուցեմ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Թարմինյանի հետ։
Ինչու՞ բռնեցիր արևելքի կողմը,մասնավորապես արաբագիտության։
Նախ նշեմ, որ իմ մասնագիտության ընտրությունը հետաքրքիր փուլերով է անցել: Դեռ դպրոցական տարիքից ինձ ավելի շատ գրավել է արևելյան մշակույթը, քան արևմտյան։ Լսելով այս ֆակուլտետի մասին՝ ես հասկացա, որ գտել եմ իմ երազանքների աշխարհը։ Իսկ ինչու՞ հենց արաբագետ. բոլորը միշտ այդ հարցն են տվել ինձ։ Արաբագիտությունը հազվադեպ ուսումնասիրվող գիտություններից է. դժվար, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ։Եվ ամենակարևորը՝ մասնագիտության հատկանիշները պետք է համապատասխանեն մարդու բնավորությանը, իսկ ես բնավորությամբ բարդ մարդ եմ։
Զարմանալի չէ՞ր ընտանիքի անդամների և շրջապատի համար քո ընտրած մասնագիտությունը։
Անկեղծ ասած՝ ընտանիքս սկզբում կողմ չէր իմ ընտրությանը. առաջարկում էին, որ Միջազգային հարաբերություններ ընդունվեմ, որտեղ իմ առջև էլ ավելի մեծ հնարավորություններ կբացվեին։ Բայց ես մնացի անդրդվելի և որոշեցի խորանալ և գնալ Արևելքի ճանապարհով։
Ո՞ր հարցն է ամենահաճախ քեզ տրվողը, որպես արաբագիտություն ուսումնասիրող։
Այնքան շատ է լինում, երբ շրջապատիս մարդիկ թերհավատորեն են մոտենում իմ ուժերին և տալիս են «Բա կդիմանա՞ս արաբերենի դժվարություններին»,«Երանի քո հավեսին» հարցերը, հաշվի չառնելով այն փաստը, որ կյանքն ինքնին դժվարությունների ճանապարհ է, և առանց դժվարության ոչինչ չի տրվում։
Իսկ ի՞նչ կարծրատիպեր կան արաբագիտության հետ կապված, որ նկատել ես մարդկանց մեջ։
Ինձ ամենաշատը նյարդայնացնում է «քրիստոնյան գործ չունի մուսուլմանի հետ» կարծրատիպը, որը ամենաշատն եմ լսել և զարմացել մարդկանց մտածելակերպի վրա: Մարդիկ կարծում են, որ մուսուլմանությունը սկսվում և ավարտվում է միայն մեկ ազգով՝ թուրքերով և որ բոլոր մուսուլմանները վատն են ։ Բայց չէ՞ որ իրականության մեջ կան նաև մուսուլման ազգ՝ արաբներ, որոնք իրենցից հզոր ուժ են ներկայացնում, ունեն հարուտ մշակույթ։ Եկեք օգնեք ինձ՝ այդ կարծրատիպը վերացնելու համար։
Կա՞ն դժվարություններ ուսումնական պրոցեսում։
Սկզբում թերագնահատում էի ինձ, իմ ուժերը, որի պատճառով ծնողներս բարկանում էին։ Չէի կարողանանում կենտրոնանալ, տառերը(որոնք արաբերենում հարֆ են անվանում) «սրտի կարդիոգրամա» էին թվում։ Իսկ այժմ այլ է։Կան դժվարություններ, բաց դրանք լուծելի են։
Արաբական ո՞ր երկրում կցանկանաս ապրել։
Ցանկություն ունեմ մեկնել Քուվեյթ, Քաթար։ Բայց ինչպես ասում է իմ դասախոսներից մեկը՝ յուրաքանչյուր արաբագետ անպայման պետք է գոնե մեկ անգամ լինի Եգիպտոսում։
Աննա, իսկ նպատակ ունե՞ս ուսումդ շարունակել արտասահմանում։
Այո, արտերկրում սովորելու նպատակ ունեմ։ Իսկ թե ինչպես կդասավորվեն հանգամանքները, ինքս էլ չգիտեմ։ Սպասենք զարգացումների։
Կնշես մի քանի յուրահատկություն արաբական երկրների մասին, որոնք խորթ են մեր արժեհամակարգի համար։
Արաբական երկրներին բնորոշ է եզակիությունը, գեղագիտական գրավչությունը, որը մեզ մոտ, ցավոք, այլ կերպ է ընկալվում։ Մեզ մոտ դրանք բարձր, տարբեր դիրքերով կառուցված շենքերն են, իսկ նրանց մոտ՝ հին, բայց միաժամանակ իրենցից մեծ դեր ներկայացնող և գեղեցիկ շինությունները։Արաբները փորձում են մաքուր պահել իրենց արյունը(այսինքն ամուսնանում են միայն իրենց ազգի ներկայացուցչի հետ), դա մեր մոտ այդքան էլ ընդունված չէ։
Աննա ի՞նչ կմաղթես այն երիտասարդներին, ովքեր պատրաստվում են ուսումնասիրել արևելագիտություն։
Այս տարվա դիմորդներին, ովքեր պատրաստվում են գալ մեզ մոտ,ցանկանում եմ ուժ, եռանդ և ամենակարևորը՝ համբերություն։ Պետք է իմանալ, որ այս կյանքը դժվարություններով լի է, որոնք պետք է հաղթահարել։ Որքան ոլորտը դժվար է, նույնքան էլ հետաքրքիր,պարզապես պետք է ամեն ինչ հաճույքով անել։
Շնորհակալություն հարցազրույցի համար Աննա, քեզ հաջողություն եմ մաղթում։
Մեկնաբանություններ