Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում շատերիս համար նկատելի է դարձել հեռախոսների և, առհասարակ, տեխնիկայի կիրառման ահռելի քանակը մարդկանց կողմից: Կարելի է ասել, որ մարդն իր կյանքի զգալի մասն անցկացնում է հեռախոսի կամ այլ կապի միջոցի հետ: Երբեմն, առանց գիտակցելու ժամեր ենք տրամադրում ինչ-որ մարդկանց կյանքին հետևելու գործընթացին, ինչը, իհա՛րկե, վատ է անդրադառնում միայն ու միայն մեր սեփական կյանքի որակի վրա:
Այժմ անգամ գոյություն ունի NOMOPHOBIA («no—mobile-phone phobia») տերմինը, որը նշանակում է վախ (phobia) ՝մնալու առանց բջջային հեռախոսի կամ հեռու գտնվելու վերջինից:
Մեզ համար շատ կարևոր են հասարակության տեսակետները, այդ պատճառով որոշեցինք փոքրիկ հարցում անցկացնել քաղաքացիների (և ոչ միայն) միջև՝ պարզելու՝ մարդկանց շփման սահմանները հեռախոսի, համակարգչային միջոցների հետ և նրանց սոցիալական ակտիվությունը օնլայն հարթակներում:
<<Սովորական մարդու կյանքից հեռախոսն անհնար է ամբողջովին կտրել: Մենք տեխնիկան օգտագործում ենք տարբեր նպատակների համար, որոնք են՝ ուսում և աշխատանք, սոցցանցերում շփում ընկերների հետ և ֆիլմերի դիտում, օնլայն գրքերի ընթերցում և մինչև անգամ գնումներ: Սովորաբար համացանցն ասոցացնում են բացասականի հետ, բայց իրականում կան շատ օգտակար, ուսուցանող և նոր բան սովորելու համար նախատեսված բազմատեսակ հարթակներ՝ ամեն հետաքրքրության տեր մարդկանց համար: Պետք է պարզապես լինել հետաքրքրասեր: Սակայն չենք կարող չնշել վատ կողմերը, երբ երեխաները երկար ժամանակ օգտագործում են հեռախոս՝ փոքր տարիքից սկսած, քանի որ, տեսողության խնդիրը մի կողմ, առողջության ու հոգեբանական տեսանկյունից շատ վատ է անդրադառնում, որովհետև համացանցում ոչ համապատասխան տարիքի (տվյալ դեպքում երեխաների համար) համար նախատեսված խաղեր կամ վիդեոկոնտենտներ կան, և մենք չենք կարող վերահսկել, որ երեխաները չօգտվեն, (չէ՞ որ համացանցը լայն հարթակ է) ինչի արդյունքում կարող են ձևավորվել հոգեկան ու հոգեբանական լուրջ խնդիրներ՝այն էլ այդպիսի խոցելի ու հոգեբանական առումով անկայուն տարիքից սկսած: Վերջիններս կարող են արտահայտվել երեխաների ոչ հանդուրժող պահվածքով և չենթարկվող բնավորության ձևավորմամբ>>. -այսպես են կարծում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:
Միջին սերնդի քաղաքացիները ևս շատ են օգտվում սոցցանցային իրականությունից:
<<Շատ հաճախ օգտագործում ենք աշխատանքի համար, ընկերների հետ շփվելու համար, ֆիլմեր նայելու և այլն: 21-րդ դարի մարդու կյանքն այնպես է դասավորվել, որ կամա-ակամա հեռախոսը մասն է դառնում քո կյանքի ու քո առօրյայի: Ինչքան էլ փորձենք վերահսկել, կրճատել, մեկ է, այն արդեն ներխուժել է մեր կյանք, սակայն, գոնե թե որոշակի առումով վերահսկելն արդեն կլինի հաղթանակ մեր օրերում>>. – պատասխանում են միջին սերդի ներկայացուցիչները:
<<Հեռախոսը երբ վերցնում եմ, վերցնում եմ մի քանի նպատակներով՝ զանգելու և ժամը կամ ամսաթիվը նայելու: Ընդհանրապես հեռախոսից կախվածություն ասվածը չկա ինձ մոտ, նույնիսկ մասնագիտությամբ լինելով ծրագրավորող՝ շատ սահմանափակ եմ օգտվում տեխնիկական միջոցներից: Բայց, այնուամենայնիվ, որոշ բաներ ստիպում են օգտագործել, օրինակ՝ բանկային վճարումներ կատարելիս կամ հերթագրվելիս>>.- հավելեցին որոշ մեծահասակներ:
Այս ամենը հուզում է յուրաքանչյուր գիտակից մարդու, այդ պատճառով որոշեցինք զրուցել հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ և մի շարք հարցերի պատասխաններ ստանալ մասնագիտական տեսանկյունից:
— Ինչպե՞ս է ազդում հեռախոսի, համակարգչի կամ այլ տեխնիկայի երկար կիրառումը դեռահասի հոգեբանության վրա։
-Ցանկացած տեղեկատվական տեխնոլոգիա հոգեբանական տեսանկյունից ունի թե՛դրական, թե՛ բացասական կողմեր: Հատկապես այսօր, երբ առցանց ուսուցումը դարձել է անհրաժեշտություն, տեխնոլոգիաների կիրառությունը մեզ տալիս է ենթադրյալ ընտրության պատրանք, որը մենք իրականում չունենք: Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ համացանցում մարդիկ ներկայանում են առանց բարդույթների, երբեմն, ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ, փորձելով հավատարիմ մնալ իրենց իրական Ես-ին: Նրանք իրենց համար ստեղծում են կուռքեր՝ կորցնելով իրենց իրական Ես-ը։ Արդյունքում, իրական և կերպարային Ես-երի միջև առաջանում է բախում, որում գրեթե միշտ հաղթում է վիրտուալ իրականության տիրույթում ապրող կերպարը: Նմանօրինակ անցումներ քիչ չեն նաև վաղ պատանեկության շրջանի սպառողների մոտ: Իրականում այն բազում մարտահրավերներ ունի, քանի որ շատերի համար հանդիսանում է վարքային մոդելի կրկնօրինակման աղբյուր: Համացանցը կտրում է իրականությունից, ժամանակը դարձնում աննկատ: Այսօր մարդիկ համացանցին ու վիրտուալ իրականությանն ավելի շատ ժամանակ են հատկացնում, քան իրական շփմանը: Արդյունքում ունենում ենք բազում արժեհամակարգային անցումներ, որոնք բավականին լուրջ մարտահրավերներ են պարունակում: Հատկապես այսօր, երբ տեղեկատվությունը համարվում է 21-րդ դարի ամենաուժեղ սթրեսոգենը, դրանց դերը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել:
Սոցիալական ցանցերից օգտվելու համար երեխան գոնե դեռահասության շրջանը պետք է հաղթահարած լինի։ Այստեղ խնդիրները բազում կարող են լինել, անգամ հասուն մարդը տեղեկատվական տեխնոլոգիաների այս զարգացած դարաշրջանում չի կարողանում հարմարվել և պահել սեփական դեմքն ու դիմագիծը՝ չձուլվելով միջավայրին: Իրականում չափահաս մարդիկ ավելի շատ են տարվում համակարգչային խաղերով, քանի որ, ի տարբերություն երեխաների, նրանց վերահսկող չկա: Պատճառն ադրենալինն է, որը կախում է առաջացնում և հետագայում շարունակ լրացում պահանջում: Ներկայիս տեխնոլոգիաներն այնքան հագեցած են նորարարություններով, որ բազում համակարգչային խաղեր շատ ավելի հետաքրքիր են, քան դրանք սպառողի իրական կյանքը: Դրանցում կա ազարտ, ադրենալին, իրական կյանքում արգելված վարքի ազատություն ու անպատժելիություն, իսկ այս ամենը մեկ ամբողջական փաթեթում չափազանց գայթակղիչ է դառնում: Դրանցում օգտագործվում են հոգեբանական ներազդման մի շարք մեթոդներ, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ, որոնք ժամանակն աննկատ են դարձնում՝ սպառողին կտրելով իրական կյանքից:
— Կխնդրեմ մեկնաբանե՛ք նաև տարբեր տարիքային մարդկանց կողմից օգտագործման չարաշահումը և դրա հնարավոր հետևանքները կամ գուցե խնդիրները։
—Եթե չափահաս մարդկանց դեպքում համակարգչային խաղերը լիցքաթափող գործառույթ ունեն, երեխաների և դեռահասների պարագայում հետևանքները միայն բացասական են: Դրանք շեշտակիորեն վնասում են տեսողությունը, ավելացնում նյարդային լարվածությունը, ծնում ագրեսիվ վարք, որոշ դեպքերում էլ լուրջ հոգեբանական խնդիրների պատճառ հանդիսանում: Ինչ երեխաներին է վերաբերում, նրանք այսօր չեն վայելում իրենց մանկությունը, շրջապատն ուսումնասիրում են միայն տեղեկատվական տեխնոլոգիաների միջնորդությամբ, ուշադրություն չեն պահանջում, և, որ ամեանասարսափելին է, չեն խոսում: Սրանից վատ կետի մենք հասնել չէինք կարող, քանի որ մարդկությունը գնում է ռոբոտացման, խաթարվում է զարգացման բնականոն ընթացքը: Շարունակաբար անկենդան առարկայի հեռ առնչվելը, կախվածությունը վերջինից, մարդկանց հետ չշփվելը և այս ամենին մանկուց սովոր երեխան ժաամանակի հետ ունենում է ոչ միայն խոսքի ու հաղորդակցման, այլև առողջական խնդիրներ:
—Ըստ Ձեզ ինչպիսի գրագետ մեթոդներ պետք է կիրառել, որպեսզի խուսափենք չարաշահումից։
-Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեդիագրագիտությունն առանցքային կարևորություն ունի, իսկ երեխային մեդիագրագիտություն անհրաժեշտ է սովորեցնել մանկուց, դեռևս մանկապարտեզից սկսած, որպեսզի վերջինս կարողանա ֆիլտրել այն կոնտենտը, որն ինքը սպառում է: Շատերն այդ գաղափարն անհավանական են համարում, սակայն փորձը ցույց է տալիս, որ, եթե երեխային ոչ թե ասում ես, որ, օրինակ, չի կարելի խաղալ այդ խաղը, այլ բացատրում, թե ինչու, նա սովորում է զտել դրանք՝ հնարավորինս բացառելով օրակարգից: Կարևոր է երեխային տալ հենց ինչու-ի պատասխանը, ոչ թե արգելել, այլապես աշխատանքն անիմաստ կլինի: Դպրոցներում մեդիագրագիտության ուսումնասիրությունն այսօր լայն տարածում չունի, ուսումնասիրելիս էլ մակերեսային բնույթ է կրում: Կարևոր է դեռահասության շրջանում ծանոթանալ այն մարտահրավերներին, որոնք նետում է մեդիաիրականությունը: Եթե դեռահասը սովորի առաջնորդվել «Ով իրազեկված է, նա պաշտպանված է» սկզբունքով, մեդիակոնտենտին բնազդային հակազդեցություն կսկսի ցուցաբերել: Կարևոր են հատկապես համակարգչային խաղերի, ֆիլմերի, ագրեսիա պարունակող կոնտենտի ազդեցությունների մասին տեղեկությունները:
Այսօր մեդիագրագիտության բարձր մակարդակ ունի հիմնականում երիտասարդությունը, իսկ միջինից բարձր տարիքի ներկայացուցիչների մոտ այն ոչ միշտ է առկա: Պատճառը նրանում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց զարգացման պիկին են հասել մեր օրերում, իսկ դրանցից հիմնականում օգտվում են երիտասարդները:
Մեկնաբանություններ