Արծրուն Ասատրյանը ծնվել է 1993 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում: Սովորել է Սպիտակի՝ Անանիա Շիրակացու անվան 8-րդ միջնակարգ դպրոցում, որտեղ ուսանել է մինչև վեցերորդ դասարանը, երբ դասի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ՝ իր և նկարչության ուսուցչուհու միջև: Այդ միջադեպն Արծրունի համար դարձավ ճակատագրական և պատճառ հանդիսացավ, որպեսզի նա դուրս գա դպրոցից և տեղափոխվի մեկ այլ դպրոց: Նա նշում է. <<Երևի ազատության և արվեստի հանդեպ սերն ինձ ստիպեց դիմել այդ քայլին: Հետո ես հասկացա, որ արվեստում կան բազում արգելքներ, բայց կան դրանք հաղթահարելու բազում միջոցներ ևս: >>:
Այլ դպրոցում ուսումը շարունակելու հետ զուգահեռ հաճախում էր դեկորատիվ կիրառական արվեստի դպրոց, որտեղ զբաղվում էր կավագործությամբ և նկարչությամբ: <<Առաջին նյութը, որն ինձ լիովին կապեց արվեստին, կավն էր: Կավը ստիպեց մտածել և արարելու փորձեր անել, և ինձ մոտ ստացվեց >>. մեջբերում է նկարիչը:
Հետագայում Ասատրյանը հաճախեց Սպիակի արվեստի դպրոց, որին հաջորդեց մասնավոր պարապմունքները նկարիչ Լևուշ Հակոբյանի մոտ: Նկարչի մոտ այդ պարապմունքներն էլ ավելի ամրապնդեցին սերը, կապվածությունը արվեստի նկատմամբ: 2009 թվականին նա ընդունվեց Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ: 2011 թվականին զորակոչվել է բանակ, իսկ 2013 թվականին, վերադառնալով ծառայությունից, շարունակել է ուսումը և 2016-ին ավարտել է ուսումը:
<<Թերլեմեզյանն ինձ շատ բան տվեց, տվեց ավագ ընկերներ, որոնց խորհուրդները, մեծ կենսափորձն ու արվեստի հանդեպ սերն ինձ էլ ավելի կլանեց սերը, ձգտումը դեպի արվեստ:>>. ասաց նկարիչը:
Այժմ Արծրունն ունի իր արվեստանոցն իր ծննդավայրում, որտեղ ստեղծագործում է, ապրում է արվեստով, դասավանդում է արվեստի դպրոցում և իր փորձն ու սերն է փոխանցում երեխաներին:
Այն հարցին, թե ինչպես է կատարել իր առաջին քայլերը, նա մանրամասնորեն պատասխանեց, որ սկսել է նկարել ութ տարեկանից: Առաջին ազդեցությունը և հետաքրքրությունն առաջացավ այն ժամանակ, երբ տեսավ հորեղբորը՝ նկարիչ Արսեն Ասատրյանին, նկարելիս: Ներկերի հանդեպ խնամքը, գույների ներդաշնակ համադրությունը և ստեղծած աշխատանքները Արծրունի մոտ առաջացրին ձգտում, որ ինքը ևս կարող է, իսկ հետագայում զգաց, որ ոչ միայն կարող է, այլ պարտավոր է:
Նա ասում է.<<Դժվար է զգալ, թե ինչ ջիղ ունես դու, բայց հեշտ է զգալ, որ դու ինչ-որ բան սիրում ես և այդ սերն էր, որ ստիպեց քայլ առ քայլ գնալ արվեստի ճանապարհով:
Արվեստանոցիս մասին շատ բան չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ արվեստագետի միակ ու անկրկնելի արվեստանոցը պետք է լինի իր ներսում: Եթե դու քո ներսում ունես արվեստանոց, որտեղ դու մտածում ես, խորհում ես, վերլուծում ես և մտովի պատկերացնում քո ստեղծելիք աշխատանքը, այդ դեպքում յուրաքանչյուր վայր իրականում կարող է դառնալ քո արվեստանոցը: >>
-Ինչու՞ եք ընտրել նկարելու հենց այս ոճը:
-Ես չեմ ընտրել ոճը, ոճն ինքն է ընտրել ինձ: Ես կարծում եմ, որ նկարչի համար ոճն էական չէ, էականը արարելու և ստեղծելու ցանկությունն է: Նույնիսկ ունենալով մի ուղղվածության ոճ՝ գալիս է մի ժամանակ, որ հոգնում ես միապաղաղությունից և սկսում ես նկարել այլ ոճով: Դա չի նշանակում, որ դու շեղվում ես արվեստից, ոչ՛, դու մնում ես արվեստում և ինչպես արդեն նշեցի չես կարևորում ոճը, այլ նպատակ է դառնում արարելը, ստեղծելը: Առանձնահատուկ տեխնիկա չկա, կա զգացողություն և զգացմունք, որը հասկանալու համար պետք է նայել իմ աշխատանքներին:
— Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը, ումից ոգեշնչվում եք և համարում եք ոլորտի լավագույններից:
— Չեմ առանձնացնի ինչ-որ անհատի: Ես ոգեշնչվում եմ բոլորով, ինձ ոգեշնչում է յուրաքանչյուրի արածը, յուրաքանչյուրի միտքը և աշխատանքը: Ինձ համար ոլորտում բոլորն իրենց չափով լավագույնն են:
— Ո՞րն է Ձեր կյանքի նպատակը:
— Արվեստի հետ կապված կա մեկ նպատակ՝ ստեղծել, արարել և արվեստում իմ լուման ներդնել, եթե դու արվեստի մեջ ես, նպատակդ պետք է լինի անընդհատ արվեստը տանել առաջ: Իսկ առհասարակ նպատակներ շատ ունեմ, բայց դրանց մասին կխոսեմ այն ժամանակ, երբ դրանք ստիպեն ինձ խոսել այդ մասին:
Մեկնաբանություններ