Դիլիջանն ինքը, ամեն բանից առաջ և ամեն բանից շատ, անարատ և չքնաղ բնություն է, որի մասին պետք է գրել առաջին հերթին։
Եվ, անշուշտ, այդ երազային բնության հմայքն է պատճառը, որ մարդիկ այդ գողտրիկ քաղաքի անունը տալիս են հիացմունքով ու կարոտով՝ այն նույնացնելով բնության հետ։
Լիտվացի լրագրող Ալդոնա Շմիգելսկին իրենց հանրապետության <<Տրեստ>> թերթում գրել է. <<Լինելով Դիլիջանում, ուզում ես անկեղծորեն հավատալ հետևյալ խոսքերի ճշմարտությանը. <<Եթե դրախտում կան անտառներ, լեռներ և առվակներ, ապա այն պետք է որ նման լինի Դիլիջանին>>։ Տեսնու՞մ եք, նույնիսկ դրախտը պետք է նման լինի Դիլիջանին, և ոչ թե հակառակը>>։
Նրանք, ովքեր այդ քաղաքում եղել են գարնանը, երբեք չեն մոռանա, որ Դիլիջանի գարունը զարթնող երազների, խենթացնող բույրերի ու թավիշ կանաչի գլխապտույտ հեղեղ է, որ խուժում է մարդկանց հոգիները, նրանց տանելով ծաղկաերազ գարունների երկիրը։
Դիլիջանի կիրճ օրոցքի մեջ, Աղստև գետի օրորի տակ քնած չքնաղ հովիտը շատերին է հմայել և շատերն են հիացական կարծիքներ ու բանաստեղծություններ ձոնել նրան։
1928 թվականին մեր քաղաքում է եղել պրոլետարական մեծ գրող Մաքսիմ Գորկին։ Այն փողոցը, որով անցել է սիրելի գրողը, այժմ կրում է նրա անունը։
Երախտավոր ուսուցիչ Հովհաննես Շաքարյանի մանկավարժական լուսավոր ճանապարհը ևս սկսվել է Դիլիջանից և ձգվել է մինչև Երևան, Բաքու և Դոնի Ռոստովի Խաչեր հայկական գյուղը։ Այս գյուղում նրա աշակերտն է եղել ապագա հեղափոխական մեծ գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը։ 1923 թվականին արդեն սովետական Հայաստանի կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը լինում է Դիլիջանում։
Այսօր Դիլիջանի կենտրոնական փողոցը կոչվում է բոցաշունչ լենինյան Ալեքսանդր Մյասնիկյանի անունով։
Դիլիջանի հանդեպ մշտական սեր ու գորովանք էր պահպանում նաև Գուրգեն Մահարին։ Հատկապես հուզիչ էր նրա կյանքի վերջին գարունը, որի մասին ահա թե ինչ է գրել բանաստեղծի այրին՝ Անտոնինա Մահարին։ <<Դա 1969 թվականի ապրիլի վերջերին էր։ Չնայած Մահարին ծանր հիվանդ էր, բայց մեծապես ոգևորված էր Դիլիջան մեկնելու առիթով և իր ուրախությունը հաղորդում էր ինձ։
— Ա՜յ, կտեսնես, Անտոնինա՛, ինչպիսի դրախտային վայր է Դիլիջանը, ինչպիսի հեքիաթային վայր,- մեկնելուց առաջ ասում էր ինձ։
Վերջապես եկավ օրը, և մենք հյուընկալվեցինք <<Դիլիջան>> հյուրանոցում։ Մեզ դիմավորեցին ջերմորեն և անում էին ամեն ինչ, որպեսզի հիվանդ պոետը իրեն զգար մխիթարված և ուրախ։
Բայց, ավա՜ղ, Մահարու առողջությունը գնալով վատանում էր։ Չնայած դրան, Գուրգենը ցանկացավ տեսնել իր այդքան հարազատ քաղաքը, ծանոթ վայրերը, և մենք մեքենայով շրջեցինք Դիլիջանի փողոցներով։ Մահարին ինձ ցույց տվեց մանկատան շենքը, որտեղ անցել էին նրա տխուր մանկության օրերը, դպրոցը, որտեղ սովորել էր նա և անտառի այն հատվածը, որտեղ հաճախակի եղել, երազել կամ գրել էր ոտանավորներ։ Դառը ժպիտը տանջված դեմքին նայում էր Գուրգենը հնաոճ պատշգամբներով շենքերին և ասում էր. <<Այո՛, Անտոնինա՛, Դիլիջանն ամենևին չի փոխվել, այն մնացել է այնպես մախմուր, գեղեցիկ և առեղծվածային, ինչպես հիսուն տարի առաջ էր>>։
Մեկնաբանություններ