2022 թ.-ի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Այս մասին Կառավարության մայիսի 26-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան: Հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանում, ինչպես նաև` տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 15-ի նիստում որոշում էր կայացվել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 320 մլն դրամով ավելացնել։
Ըստ Փաշինյանի՝ մինչև 2023 թ.-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։
«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը։ Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար։
Արբանյակի արած լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանկյակներ, ընդունող կայաններ արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել են «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը 2020 թ.-ի մարտի 6-ին ԱԺ-ն ընդունել է։ Կառավարության համապատասխան որոշումների փաթեթի հետ միասին օրենքը սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև՝ անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ «Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին»,- նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է Starmus գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցնեն տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։
Մեկնաբանություններ