Նյութի հերոսը՝ Ավետիս Կառլենի Խաչատրյանը ծառայել է նախկին ԽՍՀՄ-ի բանակում: 1992 թվականին վիրավորվել է Կիրանց գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ: Կամավորական շարժման ժամանակ բազմիցս խրախուսվել է ջոկատի հրամանատարի, ԵԿՄ հրամանատարների՝ այդ թվում ՀՀ Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից: Մասնակցել է հայրենիքի համար մղվող 3 պատերազմներին:
<< 33 տարեկան էի, երբ սկսվեց Արցախյան պատերազմը: Ամեն բան թողել ու զբաղվել եմ միայն մարտական գործողությամբ: Բարդությունները շատ էին, հատկապես, երբ ունեի ընտանիք ՝ կին, երեխաներ,մայր: Պապերս միշտ պատմում էին ՝ թուրքերը մեր թշնամիներն են: Նրանք իրավունք չունեն մեր հողին տիրանալու: Հենց այս միտքն էր ինձ ուժ տալիս կտրվել ընտանիքից ու մեկնել սահման՝ պաշտպանելու հայոց հողը: Թողնում էի ընտանիքս նաև այն մտքով, որ գնում եմ պսակվելու զենքին:
Պատերազմին մասնակցելն ինքնին բարդություն է օրվա յուրաքանչյուր ժամին, բայց դաժան էր հատկապես գիշերը. Թշնամին գիշերը հարձակվելու սովորություն ունի: Չքնելն ու բաց աչքերով ամեն օր լուսացնելը բարդ էր, բայց մենք գտել էինք արթուն մնալու միջոցը ՝ դանակի օգնությամբ բացել ափն ու աղ լցնել բացվածքի վրա: Ճիշտ է ՝ տանջալի միջոց էր, բայց բավականին օգնում էր:
Պատերազմի դաշտ մեկնելը նույնն է, թե մեկնես գիիտակցված մահվան կամ ընկերներիդ մահը տեսնելու, ինչը , վստահեցնում եմ, կյանքումս հանդիպած ամենամեծ ցավն է, երբ ընկերդ զոհվում է ձեռքերիդ մեջ: 100- ավոր ընկերներ են կողքիս զոհվել: Շատ ծանր զգացում է: Մինչ այսօր մենք եռաբլուրում թաղված հազարավոր զոհեր ունենք ու բոլորի մահն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել:
3 պատերազմին մասնակցել եմ,բայց 44 օրյա պատերազմն իմ մեջ մեծ հիացմունք է թողել այսօրվա սերունդի նկատմամբ: Նրանք չէին կռվում ՝ վախենալով, որ կզոհվեն: Իրենց մեջ իրոք արիություն կար: Վստահ կարող եմ ասել՝ մեր ներկա ու ապագա սերունդները ազատագրելու են մեր ժամանակավոր կորցրած տարածքները>>:
Ավետիս Խաչատրյանի մարտական ընկերը ՝ Արտակ Բագրատյանը ( Գել Արտակ) նրա մասին պատմում է. << 1990 թվականի հունվար – փետրվար ամիսներին առաջին անգամ հանդիպեցի Ավոյին: Ընդգրկված էր Խալդի ջոկատում: Ես ռազմական խորհրդի անդամ և հատուկ նշանակության խմբի հրամանատարն էի: Նոր անդամագրվողների հետ ծանոթանում էինք: Ավոն նույնպես եկել էր: Նկատեցինք, որ իր մեջ կազմակերպչական ջիղ կար: Հակացանք, որ գիտակցված է եկել ու հայրենասիրությունն իր մեջ է: Միասին էլ մասնակցեցինք մարտական գործողություններին: Ավոն մեր ամենալավ վարորդն էր: Իրեն վստահվեց մեր ամբողջ ջոկատը անտառներով դիրքավորման կետ տեղափոխելը: Շատ վտանգավոր ճանապարհ էր: Անիվներից միայն երկուսի վրա էր մեքենան հենված, մյուս երկուսը վտանգավոր դիրքում էին: Բայց Ավոյին հաջողվեց մեզ ճիշտ ժամանակին հասցնել ճիշտ վայր:
Յուրաքանչյուր բարդ իրավիճակում նա կարողանում էր ցրել լարվածությունն ու ստեղծել լավ մթնոլորտ: Մեր Գիժ Ավոն այն տեսակն է, որ երբեք ընկերոջը չի դավաճանի, վատ իրավիճակում մենակ չի թողնի : 90- ականներին Ավոյի հետ երկար ճանապարհ եմ անցել: Որպես մարդ, որպես ընկեր, որպես մարտիկ իր հանդեպ մեծ հպարտություն եմ զգացել: Լավագույն մարդկային որակներով մարդն է, որ ես բացահայտել եմ: Մեր ընկերության հիմքը դրվել է մարտի դաշտում ու դա ամրության նշան է >>:
Ազգային հերոս Վիտյա Այվազյանի մահից հետո Ավետիսը դարձավ նրա անունը կրող ջոկատի հրամանատարն, իսկ այսօր արդեն <<Վիտյա Այվազյան>> Ազատամարտիկների Միության հիմնադիր – նախագահը: Իր միության հետ բազմաթիվ աշխատանքներ են տարվել ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև թիկունքում:
<<Կազմի մեջ փորձառու տղաներ են: Տիրապետում են յուրահանչյուր զենքի, զինամթերքի: 120 հոգի ընդգրկված արծիվ տղաներ ունեմ: 44 օրյա պատերազմին ինձ հետ միասին եղել են Հադրութում, Ճարտարում և Տոնաշենում( Եղնիկներ): Թիկունքում օգնություններ են հավաքվել և ուղարկվել սահման: Ինչպես նաև աջակցել ենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին և դա կրելու է շարունակական բնույթ>>:
Մեկնաբանություններ