JourNews.am-ը սկսում է նոր խորագիր, որի շրջանակում բացահայտելու ենք մեր դասախոսներին: Մեր առաջին հերոսուհին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանն է:
-Ողջույն, տիկին Մենեմշյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հարցազրույցի առաջարկս:
-Ողջույն, մեծ սիրով:
— Տիկին Մենեմշյան, մի փոքր պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք ծնվել, ո՞ր դպրոցում եք սովորել եւ ինչպե՞ս եք հասել դասախոսական աթոռին:
-Ծնվել եմ Երևան քաղաքում, սովորել եմ թիվ 134 դպրոցում, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ. 1998 թվականին գերազանցությամբ ավարտել եմ համալսարանը, ապա հայցորդ ձևակերպվել, պաշտպանել և հասել մինչև այս կետին:Անկեղծ ասած, եղել է մի ընթացք, երբ ընտրության առջև էի կանգնած՝ տեսությո՞ւն, թե՞ գործնական լրագրություն: Բայց ի վերջո ընտրեցի տեսությունը, քանի որ գործնականը շատ աշխատատար էր և դժվար համատեղելի ընտանիքի հետ:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց լրագրողի մասնագիտությունը:
-Լրագրողի մասնագիտությունն ինձ միշտ շատ է գրավել: Հիշում եմ՝ Արցախյան առաջին պատերազմն էր, մենք ուշի-ուշով հետևում էիք լրատվամիջոցների աշխատանքին, անգամ հիշում եմ, որ թերթերից պատերազմին վերաբերող հատվածներ էինք կտրում: Եվ հենց այդ ժամանակահատվածում ես հստակ որոշեցի, որ ուզում եմ դառնալ լրագրող: Ոչ ոք չի ուղղորդել, դա իմ հստակ որոշումն է եղել: Նույն քննություններով կարող էի ընդունվել նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, բայց ես միանշանակ ընտրեցի լրագրողի ուղին:
-Նշեք երեք արժանիք, որոնք պետք է ունենա լրագրողը:
-Այդ արժանիքները շատ-շատ են, բայց առաջինը պետք է լինի արդարամիտ,գիտակցի այն պատասխանատվությունը, որն ունի հանրության առջև և, իհարկե, լինի պրոֆեսիոնալ:
-Ինչպիսի՞ն է տիկին Մենեմշյանը համալսարանի պատերից դուրս:
-Չեմ կարծում, որ շատ տարբեր եմ. ամեն տեղ փորձում եմ բնական լինել: Սակայն կենցաղն իր կանոններն է թելադրում, որոնց ենթարկվում եմ:
-Խնդրում եմ պատասխանեք նաեւ մի քանի բլից հարցերի: Եթե չլինեիք լրագրող, ապա կլինեիք…
-Երևի իրավաբան:
-Երջանկությունը…
-Երջանկությունը մարդու հոգում, սրտում պիտի լինի: Դրանք պահեր են, որոնք ուղղակի զգալ է պետք:
-Ըստ Ձեզ՝ ո՞վ է մեր պատմության ամենաուժեղ հայ կինը:
-Միանշանակ դժվար է պատասխանել, բայց կառանձնացնեմ Փառանձեմ թագուհուն:
-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:
—Հստակ կարգախոսներ չունեմ… Ուղղակի փորձում եմ ճիշտ ու ազնիվ ապրել,ճիշտ դրսևորվել:
-Իր, որը միշտ Ձեզ հետ է:
— «Նարեկը» միշտ ինձ հետ է՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, բայց այն ինձ համար իր չէ՝ ավելի շատ հոգևոր արժեք է: Իսկ վերջին ժամանակահատվածում բոլորիս հետ մեր հեռախոսներն են:
-Ո՞րն է Ձեր՝ դեռևս անկատար մնացած երազանքը:
— Երազանքների մասին բարձրաձայնելն այդքան էլ ճիշտ չէ: Սակայն կասեմ, որ ցանկացած հին երազանքի իրականացում նոր երազանքներ է բերում: Դրանք ինձ մոտ անընդհատ թարմացվում են: Իմ կյանքի յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է նոր երազանքներով:
-Եվ վերջում, ամենակարևոր խորհուրդը, որ տալիս եք Ձեր ուսանողներին:
— Լինել արդարամիտ և անաչառ, ինչպիսին պետք է լինի լրագրողը:
— Շնորհակալ եմ:
Մեկնաբանություններ