Նոյեմբերի 22-ից Ազգային պատկերասրահում այցելուների դատին է հանձնվել «Մեկ օր Պոմպեյում» ցուցահանդեսը։ Մշակույթով և հնագիտությամբ հետաքրքրվող բազմաթիվ մարդիկ արդեն հասցրել են տեսնել եւ հիանալ Պոմպեյի առօրյան ու սովորույթները պատկերող որմնանկարներով, մարմարե ու բրոնզե արձաններով, կենցաղային իրերով , ոսկե, արծաթե զարդերով եւ այլ եզակի նմուշներով։ Ցուցադրությունն իրականացվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության, Իտալիայի մշակույթի նախարարության եւ Պոմպեյի հնագիտական արգելոցի համատեղ ջանքերով։ Ցուցադրության են ներկայացված ավելի քան 100 նմուշ, որոնք հնարավորություն են տալիս թափանցելու մ.թ. 1-ին դարի հռոմեական հնագույն քաղաքի առօրյայի մեջ:
Պոմպեյը Իտալիայի գավառական քաղաք է, որը մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետեւանքով, ծածկվել է 3-6 մետրանոց մոխրի շերտով։ Պեղումները Պոմպեյում սկսվել են 18-19-րդ դարերում, երբ արդեն մոխրի շերտը որոշ չափով վերացել էր։ Պեղումների ընթացքում հաջողվել է հայտնաբերել մոտ 1000 զոհերի աճյուններ։ Ժայթքման առաջին փուլում քաղաքը ժամանակին չլքած բնակիչները բանտված են մնացել պեմզայի և հրաբխային մոխրի ճիրաններում հայտնված թաղամասերում կամ էլ տուժել են մոտ 3 մետր բարձրությունից փլուզված պատերի հետևանքով: Հետագայում հրեղեն լավայի ուժեղ հոսքը թափվել է Պոմպեյի վրա՝ խուժելով հրաբխային նյութերով դեռևս չլցված տարածքները , ջերմային հարվածով ակնթարթային մահ պատճառելով քաղաքում գտնվողներին:Այս զոհերի մարմինները մնացել են այն դիրքում, որում նրանք ստացել են հրաբխային ալիքի հարվածը: Հետագայում շնորհիվ Ջուզեպպե Ֆիորելիի՝ առաջացած փոսերից ստացել են մարդային ֆիգուռների գիպսե արձաններ։
Ցուցադրության հիմնական նմուշներից են Պոմպեյում բնակված՝ նորահարուստ( nouveau riche) Յուլիուս Պոլիբիուսի առանձնատնից գտած կենցաղային իրերը՝ ամաններ, պահոցներ, տակառներ և այլն։ Դրանք պատրաստված են ապակուց, կավից, փայտից և տարբեր մետաղներից:
Պոմպեյի միջին խավի վիլլաներն իրենց հետնամասում հաճախ ունենում էին ազատ տարածք, որը նախատեսված էր պտուղ_բանջարեղենի աճեցման համար։ Մ.թ. 62թ. երկրաշարժից հետո այդ տարածքներից շատերը լի էին արձաններով ու մարմարե զարդարանքներով։ Առօրյա հոգսերից ազատության արժեքներին և անխռով հանգստին հավատարիմ «նորահարուստները» նպատակ ունեին իրենց տուն բերել բնության աշխարհը: Դա կայսերական դարաշրջանի «նորահարուստների» կողմից սեփական հարստությունն ի ցույց դնելու եւ պոմպեյյան ազնվականության վիլլաների շքեղ ապրելակերպն արտահայտելու եղանակ էր։
Մ.թ.ա 1-ին դարից սկսած պերճանքը մուտք է գործում Պոմպեյի կյանք։ Վերնախավը սկսում է օգտագործել ոսկերչական իրերը որպես կանացի զարդեր , իսկ արծաթյա իրերը՝ որպես խոհանոցային պարագաներ։ Ոսկերչական իրեր հայտնաբերվել են ինչպես տների ոսկերչական արկղերում ու պահարաններում, այնպես էլ Վեզուվի ժայթքումից փրկվելու հուսահատ փորձ կատարած բնակիչների մոտ։ Բարձր դասին պատկանող կանանց զարդերի հավաքածուն բաղկացած էր մատանուց, ականջօղերից եւ ապարնջանից։ Առավել հայտնի էին «կրոտալիաներ» կոչվող ականջօղերը, որոնք պատրաստում էին հիմնականում ոսկուց եւ զույգ մարգարիտներից: Դրանք զարնվելով իրար առաջացնում էին բարձր ձայն: Ձայնի միջոցով կանայք փորձում էին տղամարդկանց ուշադրությունը սևեռել իրենց վրա: Նրանք մրցում էին, թե ում ականջօղերն են ամենագեղեցիկն ու նորաձևը: Նաև պահանջված էին համարվում կոշտ կամ փափուկ՝ կիսագնդերով ապարանջանները, որոնք կրում էին ձեռքերին և կոճերին:
Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ ցուցադրությունը ոչ թե վախճանի, կործանման կամ մահվան մասին է, այլ ունի ապրեցնող բնույթ եվ վերակերտում է կյանքը:
Մեկնաբանություններ