էլեկտրոնային դրամապանակներից օգտվելն իհարկե հեշտացնում է մեր առօրյան, որոնց միջոցով կարողանում ենք ժամանակ խնայելով կատարել շատ արագ գործարքներ և վճարումներ, սակայն պետք է պահպանել որոշակի անվտանգության կանոններ, քանի որ համացանցում շատացել են կիբերհանցագործությունները և խարդախության ճանապարհով քաղաքացիներից գումարներ շորթելու փորձերը։ Մասնավորապես սոցիալական ցանցերում անհայտ և կեղծ օգտատերերը նամակներ են ուղարկում մարդկանց՝ նրանցից կորզելով անձնական որոշակի տվյալներ, արագ վարկ ձևակերպում և հափշտակում տվյալ գումարը։ Շատ դեպքերում փորձում են իմանալ էլեկտրոնային դրամապանակի PIN կոդը կամ SMS հաղորդագրությունից եկած մեկանգամյա օգտագործման կոդը, ինչպես նաև փորձում են մարդկանց ուղղորդել և «օգնել» դառնալ պրեմիում պլյուս կարգի բաժանորդ և հենց նույնականացման ժամանակ էլ անձնագրային տվյալներ վերցնել։ Ոչ մի դեպքում էլեկտրոնային դրամապանակի աշխատակիցները անձնական նամակով այսպիսի բնույթի նամակներ չեն ուղարկում, քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ կասկածելի օգտատերերի կողմից ստացված նման ենթատեքստ պարունակող նամակներից, որտեղ բացատրում են էլեկտրոնային վարկերի, նրանց առավելությունների օգտագործման մասին։ Գողացված օգտատիրոջ հաշվով տարբեր կազմակերպություններից տարաբնույթ պայմանագրերի միջոցով ձևակերպված վարկերի արդյունքում հափշտակված խոշոր գումարները փոխանցում են իրենց անձնական հաշիվներին։ Դեռ 2020թ․ մարտից մայիս ընկած ժամանակահատվածում տեղի էր ունեցել նման խոշոր հափշտակում շուրջ 26 միլիոն դրամի չափով։ Համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող միջին ծանրության և ծանր հանցագործությունների համար կարող է սպառնալ մինչև 8 տարվա ազատազրկում։ Կրկին անգամ հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հաղորդագրություններից և չտրամադրել անձնական տվյալներ։
Մեկնաբանություններ