Այսօր` մայիսի 28-ին, Դիլիջանի ավագ դպրոցի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած դիլիջանցի հերոսներին նվիրված հուշաքարի բացման արարողություն:
Արարողությանը ներկա էին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, առաջին տեղակալ Արման Բազինյանը, Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, Դիլիջան համայնքի ավագանու անդամներ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և կուսակցության այլ անդամներ, զոհված զինծառայողների ծնողներ և ծառայակիցներ, պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած տղաներ, Դիլիջանի N զորամասի սպաներ և զինվորներ, բազմաթիվ պաշտոնյաներ և հյուրեր:
Հուշաքարը տեղադրվել է Դիլիջան համայնքի բնակիչ և ավագանու անդամ Նունե Սանթրոսյանի նախաձեռնությամբ և միջոցներով:
Հուշաքարի բացումը խորհրդանշող միջոցառում էր կազմակերպել Դիլիջանի ավագ դպրոցը, որի շրջանակներում ելույթ ունեցան համայնքի շնորհալի և տաղանդավոր երիտասարդները: Այս հուշաքարը սերունդներին է փոխանցելու մեր պատմությունն ու հաղթական դրվագները, դրանք կերտողների` դպրոցի շրջանավարտ և հերոսաբար նահատակված Յուրի Հովսեփյանի, Լյովա Դանոյանի, Լևոն Մանթաշյանի, Գոռ Գասպարյանի, Միշա Ղալումյանի, Նարեկ Ռևազյանի, Վլադիմիր Ալիխանյանի, Արտակ Ամիրխանյանի անունները:
Պատմությունը հաղթանակների և պարտությունների հերթափոխ է: Ներկայիս մեզ պարտադրված, սակայն չհաշտված պարտությանը հաջորդող գալիք հաղթանակների կերտումը կախված է յուրաքանչյուրիցս:
Մեկնաբանություններ