Եթե ինձ երբևէ հարցնեն, թե նպատակասլաց բառն արտասանելիս ես առաջինն ում եմ հիշում, ես կասեմ` Ալենին:
Ալեն Մարգարյանը ծնվել է 1999 թվականին: Ընդամենը 21 տարեկան մի տղա էր, ով իր կյանքի 21 տարիների ընթացքում իր եսը հասցրել էր կատարելության: Ալենը գերազանց առաջադիմությամբ ավարտել էր դպրոցը, ընտրել էր իր մասնագիտությունը` ռեժիսուրա, և նույնպիսի առաջադիմությամբ ավարտել ԵՊՄՀ-ը: Տիրապետում էր 4 լեզուների: Դպրոցական տարիներին էլ Ալենը հաճախում էր տարբեր խմբակների` երաժշտական, պարային… Բազմակողմանի զարգացած երիտասարդ, ով անգամ հասցրել էր լինել 21 երկրներում: Նա իր առաջադիմությամբ փայլել է նաև ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` զբաղվելով դասավանդմամբ:
Ավարտելով համալսարանը` Ալենը ընդունվել էր Բոստոնի համալսարան, որոշել էր ընկերներին հայտնել այդ լուրը հենց իր ծննդյան օրը: Նա ուներ հնարավորություն մեկնել և շարունակել ուսումը, բայց որոշել էր` պարտքը կտա հայրենիքին և նոր կմեկնի: 2020 թվականին Ալենն անցել է ծառայության Մատաղիսում:
«Նա ընթրիք կազմակերպեց, և երեկոյի վերջում ընկերները բարեմաղթանքներ էին հղել` գրելով գրատախտակին,- պատմում է հերոսի մայրը հարցազրույցներից մեկի ժամանակ,- զորակոչվելու նախորդ օրն ամբողջը մաքրել էր: Երբ առավոտյան ներս մտա, սիրուն գրառումներից հետո գրատախտակը տեսա բացարձակ սպիտակ, և իր թողած գրառումը. «Ո՞րն է աշխարհը փոխելու քո ծրագիրը»` իրեն ամենաշատը հետաքրքրող հարցը»:
Ալենն անգամ ծառայության ընթացքում չի դադարել զբաղվել ընթերցանությամբ, նա իր զինակից ընկերներին սովորեցրել է կարդալ: Ասել է` եթե չեն կարողանում գիրք կարդալ, թող թերթ կարդան: Պատերազմի առաջին իսկ օրերից զինամթերք է տեղափոխել առաջնագիծ: Զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից:
Ուզում եմ նշել, որ Ալենի ապրած տարիների ու կերտած կյանքի մասին գրվել են գրքեր, որոնց վաճառքի ամբողջ հասույթով կվճարվեն իր ընկերների ուսման վարձերը: Դեռ այնքան բան կարող եմ ասել Ալենի մասին, բայց չեմ ուզում խոսքս հավերժացնել: Թող հայոց մայրերը ծնեն Ալեններ, որոնք կզարգացնեն ու կշենացնեն մեր երկիրը:
Մեկնաբանություններ