Այս անգամ Journews-ի զրուցակիցն էր Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս, ճարտարապետ Վահագն Մովսիսյանը։ Եկե՛ք միասին բացահայտենք այս մասնագիտության գաղտնիքները։
Ողջու՛յն, Վահա՛գն, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչպես գիտենք Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճարի գլխավոր ճարտարապետը հանդիսանում եք Դուք։ Ի՞նչպես ստացաք առաջարկը։
Առաջարկը ստացա հենց պատվիրատուներից՝ Հրայր և Աննա Հովնանյաններից, որոնք մեծ բարեգործ են և իսկապես կարևոր գործեր են ձեռնարկում։ Նրանք նախաձեռնեցին և ֆինանսավորեցին եկեղեցու կառուցումը։ Նրանց առաջարկով մեր թիմը սկսեց նախագծային աշխատանքները, և կարծում եմ՝ պատվով ավարտին հասցրեց։
Ունեինք հստակ պայմանավորված խնդիրներ․ պետք է լիներ հատուկ նստավայր։ Ստացանք մեր առաջադրանքը և համատեղ աշխատանքի միջոցով ստացվեց այն, ինչ որ այսօր ունենք։ Նախագիծը այնպիսին էր, որ պահանջում էր մեծ հրապարակ, որը ստանալուց հետո հասկացանք, որ մայր տաճարը կարծես գրկում է կենտրոնի փոքր կոթողը, այս տարբերակը քննարկվել էր դեռ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի ժամանակ, սակայն որոշ պատճառներով իրագործեցինք մենք։
Դժվար չէ՞ր լինել նման կարևոր հուշակոթողի հեղինակ։
Դժվար էր, բավականին ծանր աշխատանք էր, հատկապես, որ մինչ այդ նման հոգևոր բնույթի կառույցներ չէինք նախագծել։ Պետք էր ծանոթանալ մշակույթին, նմանատիպ կառուցվածքներին, շատ պարտավորեցնող աշխատանք էր, քանի որ եկեղեցին հատուկ մոտեցումներ է պահանջում։
Ի՞նչ կասեք Գագիկ Ստեփանյանի անվ․ թ․135 դպրոցի մասին, պակաս պատասխանատու չէ կրթօջախի ճարտարապետ լինելը։
Մի քիչ անհամեստություն պիտի անեմ, բայց իմ կարծիքով մեր նախագծած դպրոցը բավականին լավ է ստացվել։ Տարածքը համեմատաբար փոքր էր 1000 աշակերտի համար նախատեսված դպրոցների նորմաներից։ Շինությունը նախագծեցինք այնպես, որ տարբերվի ու հետաքրքիր լինի․ ներքին բակեր, լուսավորվող ռեկրեացիաներ և այլն։ Ընդհանուր դպրոցի մակերեսը շատ փոքր էր, և մենք՝ փորձելով տեղավորելուց բացի ստեղծել լուսավոր ու հարմարավետ շինություն, ստացանք հետաքրքիր լուծումներ։ Դպրոցը, լինելով լավ մտածված և հարմարավետ, կարծում եմ, պետք է դառնա երեխաների համար ավելի հաճելի ու հետաքրքիր վայր, ուր կցանկանաս վերադառնալ։
Ճարտարապետությունը օրեցօր զարգանում է, իսկ հայկական արմատները գնալով վերանում են։ Հայ հասարակության արդիականացման գործընթացում ի՞նչ ավարտ եք տեսնում։ Մի՞թե հայկականը կմոռացվի։
Ճիշտ է, այսօր մեծամասնության հայացքների ուղղվածությունը դարձել է գլոբալիզացիայի գաղափարը, նախագծերի հիմնական մասը արվում են արդիական ճարտարապետության օրենքները հիմք ընդունելով և միջազգային ճարտարապետական փորձը կիրառելով, բայց ինձ թվում է որոշ ժամանակ հետո, այնուամենայնիվ, մենք վերադառնալու ենք մեր արմատներին։
Չնայած այս խնդիրներին՝ բավականին շատ կառույցներ ունենք, որ դեռ թամանյանական ոճով են նախագծվում, հիմնականում Դավիթ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցի կողմից իրականացվող աշխատանքներ են, որոնք պահպանում են տիպիկ հայկական քաղաքային ճարտարապետության հիմքերը։ Դեռ կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են հայապահպան գործունեությամբ նույնիսկ այս ոլորտում, ինչը ստիպում է հավատալ, որ մենք կշարունակենք տարբերվել։
Անցնենք ավելի թեթև հարցերին։ Մի՞ֆ է, թե՞ իրականություն․ բոլոր ճարտարապետները պարտավո՞ր են նկարել իմանալ, թե՞ ոչ։
Իմ կարծիքով շատ կարևոր է ճարտարապետի համար հմուտ ձեռք և լավ աչք ունենալը, ինչը կարելի է ձեռք բերել միայն նկարչության շնորհիվ, այդ իսկ պատճառով, այո՛, ճարտարապետները պետք է իմանան նկարել։
Ի՞նչ նախագծի մասին եք երազում։
Ցանկացած նախագիծ ինձ շատ հետաքրքրում է, սակայն այս պահին կուզեի աշխատել ավելի ազատ և՛ փոքր ձևաչափով շինության վրա, կլինի դա կրպակ կամ նման բան, և՛ ավելի ընդարձակ պրոեկտների վրա։ Այս պահին մեր մասնագիտությունը կարծես բախվում է մի տեսակ կապիտալիզմի ․ պատվիրատուն կամ հիմնական ֆինանսավորողը իր շահերն է թելադրում թե՛ բնակելի շենքերի դեպքում, թե՛ հասարակական նշանակություն ունեցող այլ շինության վերաբերյալ, ու պահանջներն էլ շատ մակերեսային են լինում , սակայն մեր գլխավոր նպատակը պետք է լինի ստեղծել գեղեցիկը՝ չկորցնելով մեր ինքնությունը ։
Ո՞րն է ձեր գաղտնիքը։ Ինչպե՞ս եք համադրում Ձեր և պատվիրատուի ճաշակները։
Փորձում ենք միասին գտնել ինչ-որ ոսկե միջին, որը կօգնի առողջ համագործակցել։ Ամեն դեպքում բոլորս էլ փորձում ենք գալ մի որոշակի գիտակցական մակարդակի, որտեղ մեր ճաշակները կհամընկնեն, և ճիշտ հիմքերի վրա կկառուցվի նաև աչքին հաճելի շինություն։ Զիջելով կարելի է հասնել նպատակին։
Դուք նաև դասախոսում եք, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ճարտարապետներին։
Միակ խորհուրդս կարող է աշխատանքի կոչը լինել։ Պետք է շատ աշխատել , ուսումնասիրել՝ առանց կանգ առնելու, անընդհատ կատարելագործվել այս մասնագիտության մեջ, քանի որ այն մեզնից էլ արագ է զարգանում, պետք է հասցնել նրա ետևից։
Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը։
Ամեն բան սկսվում է մեզնից։ Կարևոր է օրը սկսել լավ տրամադրությամբ, որպեսզի հաջող օր ստացվի։ Բացի սեփական հանգստությունից, պետք է նաև ունենալ ճիշտ և առողջ շրջապատ աշխատավայրում, ես, շրջապատելով ինձ իմ հարազատներով, հասել եմ դրան և ոգեշնչվում եմ նրանցով։
Ո՞րն է ճարտարապետական գլուխգործոցը՝ ըստ Ձեզ։
Չեմ կարող առանձնացնել հատուկ որևէ ճարարապետի կամ որևէ գործ, քանի որ և՛ իմ շրջապատում, և՛ առհասարակ աշխարհում հանճարները շատ են։ Այս պահին առաջինը մտքիս եկավ Ֆրենկ Ռայթի նախագծած տունը ջրվեժի վրա, որը իր հանճարեղ հորինվածքով, կարծում եմ՝ շատերի երազած տունն է։
Ճարտարապետությունը արվե՞ստ է, թե՞ արհեստ։
Կփորձեմ կարճ պատասխանել․ ճարտարապետությունը նախ արվեստ է, ապա գիտություն, որ շատ դռներ է բացում։
Դէ ինչ, այսօր բացահայտեցինք մի քանի գաղտնիք ճարտարապետությունից, իսկ թե որը կլինի հաջորդ մասնագիտությունը, կիմանաք շատ շուտով։
Մեկնաբանություններ