Պլաստիկը համարվում է վերջին 200 տարվա կարևորագույն գյուտերից մեկը: Պլաստիկ շշերը մաքուր խմելու ջուր են ապահովում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Այն հեղափոխություն է արել բժշկության, սննդի արդյունաբերության, մեքենաների ու ինքնաթիռների արտադրման ոլորտներում: Մենք այժմ օգտագործում ենք մոտ 20 անգամ ավելի շատ պլաստիկ, քան 50 տարի առաջ: Պլաստիկը այնքան դիմացկուն է, որ արդեն իսկ արտադրվածի մեծ մասը դեռ առկա է մեր էկոհամակարգում:
1950 թվականից ի վեր արտադրվել է 8,3 միլիարդ տոննա պլաստիկ, որից 6,4 միլիարդը այլևս չի օգտագործվում: Այդ 6,4 միլիարդի 79%-ը կա՛մ աղբանոցներում է, կա՛մ գտնվում է բնության մեջ, 12%-ն այրվել է և միայն 9%-ն է վերամշակվել։ Այս ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ երբեմն ֆինանսապես ավելի ձեռնտու է նոր պլաստիկի արտադրանքը, քան արդեն գոյություն ունեցողի վերամշակումը: Բացի այդ ջերմակայուն և սննդի մնացորդներ պարունակող պլաստմասսաները հնարավոր չէ վերամշակել:
Ամբողջ աշխարհի պլաստիկ թափոնների մոտ կեսը, որը հայտնվում է օվկիանոսներում, գալիս է ընդամենը հինգ երկրից՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից, Թաիլանդից և Վիետնամից: Եթե այս երկրներում աղբը կանոնավոր կերպով հավաքվի և հեռացվի, ապա դա առաջին հերթին կկասեցնի պլաստիկի հոսքը օվկիանոսներ: Սա չի լուծի արդեն օվկիանոսներում գտնվող պլաստիկի խնդիրը և ոչ էլ մեր կախվածությունը էժան պլաստիկից, բայց այս կերպ հնարավոր է զգալիորեն նվազեցնել ամեն տարի օվկիանոսներ մտնող պլաստիկի հեղեղը, որը ըստ վերջին գնահատականի կազմում է մոտ 8 միլիոն տոննա:
Coca-Cola-ն, օրինակ, խոստացել է,որ մինչև 2030 թվականը կհավաքի և կվերամշակի իր ամբողջ պլաստիկ թափոնի համարժեքը, որը կազմում է տարեկան 128 միլիարդ շիշ։
Պլաստմասսանները հիմնականում ստացվում են նավթաքիմիական նյութերի մշակմամբ: Միայն PLA պիտակավորված պլաստմասսաները պատրաստվում են հացահատիկից ստացվող պոլիլակտիկ թթվից կամ բամբակի լինտերից ստացվող ցելյուլոզից:
Պլաստիկները սովորաբար վերամշակվում են մեխանիկական եղանակով. դրանք տեսակավորվում են, մաքրվում, մանրացվում, հալվում և կաղապարվում կամ պլաստիկը նորից վերածվում է այն յուղին, որից պատրաստվել էր: Ամեն անգամ վերամշակվելուց պլաստիկի որակը վատանում է: Ի տարբերություն պլաստիկի, ապակին և մետաղը կարող ենք անվերջ վերամշակել՝ չկորցնելով որակը:
Վերամշակելով պլատկիկը մենք կարող ենք.
- պահպանել չվերականգնվող հանածո վառելիքը՝ նավթը
- նվազեցնել նոր պլաստիկի արտադրության համար օգտագործվող էներգիայի սպառումը
- նվազեցնել աղբավայր գնացող պինդ թափոնների քանակը
- նվազեցնել ածխածնի երկօքսիդի նման գազերի արտանետումը մթնոլորտ:
Գիտության հաջորդ մեծ մարտահրավերն է ստեղծել մի համակարգ, որը կկարողանա ավելի արդյունավետ իրականացնել պլաստիկի վերամշակումը:
Մեծ Բրիտանիայում Mura Technology-ն սկսել է աշխարհում առաջին մեծամասշտաբ գործարանի կառուցումը, որը կարող է վերամշակել բոլոր տեսակի պլաստիկները: Քիմիական վերամշակման ամենաարդյունավետ տարբերակը հումքի վերամշակումն է: Պլաստիկը նախ տեղափոխվում է տեսակավորման վայր, որտեղ լվացվում է և մանրացվում: Այնուհետև գալիս է քիմիական վերամշակման փուլը, երբ պլաստիկը հալեցվում է և տաքացվում բարձր ջերմաստիճանով: Այս գործընթացը պլաստիկը վերածում է գազի, որն այնուհետև սառչում է, հետո խտանալով դառնում նավթանման հեղուկ, և վերջապես թորվում է ֆրակցիաների, որոնք հետագայում կարող են օգտագործվել տարբեր նպատակներով:
Վերամշակված ՊԷՏ-ից գործարանում ստանում են հիմնականում տարբեր որակի սինթետիկ մանրաթելեր` կախված նյութի գույնից եւ մաքրության աստիճանից: Սինթետիկ մանրաթելերը օգտագործվում են շապիկների, գործվածքների, սպորտային կոշիկների, ճամփորդական պայուսակների, սինթետիկ բամբակի արտադրության մեջ, բարձերի եւ ձմեռային վերարկուների, արդյունաբերական փաթեթավորման, ավտոմեքենաների մասերի պատրաստման մեջ: Բացի այդ, սինթետիկ թելերից կարում են շերտավարագույր եւ պոլիեստեր գորգեր: Վերամշակված թափոններից կարելի է ստանալ դույլ, ծաղկաման, հագուստի կախիչ, թղթե սրբիչներ, զուգարանի թուղթ, ապակե շշեր և այլ օգտակար իրեր։
Պլաստիկի, ապակու և թղթի վերամշակումից ստացված իրեր:
ՀՀ բնապահպանության նախարարության գնահատականով՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային աղբի ծավալի ավելի քան 30%-ը։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ Հայաստանում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ կամ 1 բնակչի հաշվով մոտ 0.25 կգ:
Մեզ մոտ լավագույն դեմքում թափոնները հայտնվում են աղբավայրերում, վատագույն դեպքում՝ մնում են պարզապես բնության մեջ: Այս երկու տարբերակն էլ ընդունելի չէ բնապահպանական առումով, քանի որ աղբավայրում դրանք այրում են, իսկ այրվելուց թափոնը շատ վտանգավոր նյութեր է արտադրում:
Վերջին տարիներին Հայաստանի աղբահանության ոլորտում դրական տեղաշարժ կա.
2022 թ-ի հունվարի 1-ից արգելվել է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի:
Ի վերջո, ավելի հեշտ է նվազեցնել թափոնների քանակը, քան մաքրել արդեն իսկ աղտոտված միջավայրը։ Մենք՝ սպառողներս, շատ կարևոր դեր ենք խաղում այս գործում: Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր կարող է նվազեցնել պլաստիկ թափոնների իր չափաբաժինը: Մենք կարող ենք օպտիմալացնել պլաստմասսաների կյանքի տևողությունը՝ հնարավորինս շատ անգամ օգտագործելով և վերամշակելով այն:
Մեկնաբանություններ