Երգի հանդեպ մեծ սերը և մեծ բեմերում հանդես գալու երազանքը ի վերջո նրան տարան դեպի երազանքների կատարման:Նրան շատ-շատերս ճանաչում ենք հենց այն ժամանակներից,երբ նոր էր սկսել իր առաջին քայլերը կատարել դեպի հայաստանյան բեմ:Այսօրվա մեր զրուցակիցն է երգիչ,դերասան, <<Իքս ֆակտոր Հայաստան >>նախագծի ֆինալիստ Նարեկ Վարդանյանը:
-Կպատմե՞ք ձեր և ձեր երաժշտական կարիերայի սկզբնական շրջանի մասին:Ինչպես որոշեցիք ընտրել հենց երգչի մասնագիտությունը:
—Ես փոքրուց երազել եմ լինել երգիչ ու հանդես գալ մեծ բեմերում:Այս հարցում ինձ շատ օգնեց ուսումս:Վեց տարեկանից սովորել եմ երաժշտական դպրոցում,տասներեք տարեկանում արդեն ուսանել եմ թատերական ուսումնարանում:Ավարտելուց հետո,տասնյոթ տարեկանում ընդունվել եմ Մոսկվայի պետական երաժշտական ինստիտուտ և ավարտել ջազային բաժինը:Սովորելուս ընթացքում մասնակցել եմ տարբեր վոկալային մրցույթների,նաև գրանցել հաղթանակներ:Մասնակցել եմ <<Մանկական եվրոտեսիլ>>-ի ընտրությունների փուլին, զբաղեցրել ՝ երրորդ հորիզոնականը: Արդեն մեծ հասակում, 2014 թվականին մասնակցել եմ <<Իքս ֆակտոր Հայաստան>> նախագծին,մրցանակը կիսել Վահե Մարգարյանի հետ: Հետո մեկնել եմ Հայաստանից՝ուսումս շարունակելու: Երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում: Հիմա վերադարձել եմ,որ այստեղ զբաղվեմ իմ գործունեությամբ: Ամենակարևորը, որ չեմ ուզում վերադառնալ Մոսկվա, ուզում եմ հիմնական մնալ Հայաստանում:
-Նախագծերը, որոնց մասնակցել եք՝այդ թվում նաև <<Իքս ֆակտոր>>-ը ի՞նչ տվեցին ձեզ և ինչպե՞ս ստիպեցին մղվել դեպի նպատակների իրականացում:
—Նախագծերը,որոնց մասնակցել եմ իրականում ինձ համար առիթ հանդիսացան,որպիսի մարդիկ ինձ ճանաչեն, ու ես փոքր քայլերով մոտենամ իմ երազանքների իրականացմանը,որ գտնեմ իմ հանդիսատեսին:
—Ունե՞ք ընտրած ժանր՝(օրինակ փոփ,ժողովրդական),որով ստեղծագործում եք:
—Այո,երգում եմ փոփ-սոուլ ժանրում:
Երգը, կարելի է ասել, ձեր տարերքն է ու ընկերակիցը,իսկ եղե՞լ են պահեր երբ հիասթափվել եք և ցանկացել թողնել երգելը:
—Այո: <<Իքս ֆակտոր>>-ից հետո ինձ համար ծանր հոգեբանական ժամանակներ էին:Մի քանի տարի անց Մաշա Մնջոյանի հետ երգ հրապարակեցինք ՝ իր տեսահոլովակով,բայց այդքան էլ հաջողության չհասավ: Հետո որոշեցի ռուսական շուկայի համար երգեր բաց թողնել,սակայն էլի չստացվեց:Այս ամենը մոտ մի երկու տարի ինձ պահեց դեպրեսսիայի մեջ:Անգամ որոշել էի այլևս չմտածել երգելու մասին:Մի օր մեքենայով տեղ էի գնում, կանգնեցրի մեքենան,մի ժամ լուռ մտածեցի,հիշեցի անցած ճանապարհս,ու միտք առաջացավ վերադառնալ հայրենիք.համ զբաղվել իմ սիրած գործով ,համ ընտանիք կազմել ու մշտական բնակվել իմ հայրենիքում:
—Շատ ժամանակ երկրի ոչ կայուն վիճակը հոգեբանական ազդեցություն է ունենում շատ արտիստների վրա,և հատկապես պատերազմական իրավիճակներում շատերը մտածում են երկիրը լքելու մասին:Ինչպիսի՞ն են ձեր մոտեցումները այս հարցի վերաբերյալ:
—Ամեն ինչն էլ ժամանակի հետ թողնում է իր հետքը:Շատ ընտանիքներ կան,որ զավակ են կորցրել,հարազատի կամ ընկերոջ:Օրինակ ես երբ նոր էի ընդունվել,սովորում էի Մոսկվայում,սկզբնական ապրում էի հանրակացարանում:Այնտեղ հարևանությամբ ապրում էր մի հայ ընտանիք.ընտանիքում երկու տղա կային:Ինձնից փոքր էին,շատ-շատ էին ինձ սիրում,բնականաբար,ես էլ իրենց, ու այնքան մտերիմ էինք,որ երբ դպրոցում իրենց նեղացնում էին ես էի գնում պաշտպանելու:Հետո իմացա,որ 44-օրյա պատերազմի ժամանակ փոքրը վիրավոր վիճակում փրկել է հինգ հոգու.ցավոք արնաքամ է եղել ու զոհվել:Շատ ծանր տարա այս դեպքը:Այս պարագայում համ թուլանում ես ու չես ուզում անել ոչինչ, մյուս կողմից էլ հակառակը.մտածում ես,որ դերասանը իր դերասանությամբ,երգիչը իր երգարվեստով պետք է նպաստի երկրի գոյության պահպանմանը:Ես սոցիալական հարթակներում գուցե փոստեր չեմ անում,ցույց չեմ տալիս ցավս հայրենիքի նկատմամբ,բայց շատ ծանր եմ տանում:Ու ,ճիշտն ասած,ինչ-որ չափով նաև այս փաստը ինձ ստիպեց վերադառնալ հայրենիք,ու իմ գործունեությունը այստեղ շարունակել:Ինձ համար կարևոր է,որ իմ երեխաները ապրեն այստեղ, իմ հայրենիքում:
—Այժմ Հայաստանում կան երգիչ-երգչուհիներ,ովքեր սոցիալական հարթակների միջոցով են իրենց տաղանդը ցույց տալիս՝հրապարակելով տեսանյութեր:Հասարակության մի մասի կողմից դրանք հավանության են արժանանում և հավաքում են շատ դիտումներ,բայց կան նաև մարդիկ,ովքեր դժգոհում են և ասում,որ առանց կոնսերվատորիա ավարտելու չեն կարող երգչի կոչում ստանալ:Հետաքրքիր է ձեր կարծիքը:
-Շատ դրական եմ նայում այդ ամենին,որովհետև իրենք փորձում են այդ ձևով առաջ գնալ:Հիմա սոցիալական ցանցերը շատ ավելի ակտիվ են ու լսարան հավաքելը ավելի հեշտ է:Ես սիրում ու հարգում եմ բոլորին՝անկախ նրանից,թե որ ժանրում են ստեղծագործում,որովհետև ամեն մեկը իր ձևով է հանդես գալիս:Իհարկե տիկ-տոկում շատ են մարդիկ ծավալվում ու չէի ցանկանա,որ հատկապես փոքր տարիքային խմբերը մուտք գործեին այդ հարթակ:
-Բացի երգելը նաև նկարվել եք Շանթ հեռուստաընկերության թողարկած<<Խոպանի տեսություն>> սիթքոմում:Կցանկանայի՞ք շարունակել նկարվել տարբեր հաղորդումներում:
—Իհարկե կցանկանայի,քանի որ բացի երգելը ես նաև ավարտել եմ թատերականը և շատ կցանկանայի երգելուն զուգահեռ նաև դերասանությամբ զբաղվել:Արդեն կան առաջարկներ՝սիթքոմներում նկարահանվելու, բայց դեռ քննարկումների մեջ ենք:Չի բացառվում,որ շուտով ինձ հեռուստադիտողը դարձյալ տեսնի հեռուստաէկրաններին:
— Նշեցիք,որ ուզում եք ընտանիք կազմել ,իսկ ունե՞ք ընտրյալ:
Ոչ չունեմ,բայց շատ եմ մտածել այդ ուղղությամբ:Իրականում շատ բարդ է կողակցի ընտրությունը:Նայելով,թե ինչ է կատարվում շուրջս,անկեղծ չեմ ուզում ընտրություն կատարել,բայց մեկ-մեկ մենակ մնալուս փաստը շատ է տխրեցնում:Ցավոք ,դեռ չեմ գտել այն մարդուն,ում հետ կկարողանամ խոսել այնպես,ինչպես ինքս ինձ հետ:
-Իսկ մտածել ե՞ք,որ անձնական կյանքը կարող է ինչ-որ չափով խանգարել կարիերային:
—Կարող է խանգարել,բայց կարող է նաև կողակիցդ դառնալ քո մուսան:Ուղղակի կողքիդ մարդը ու դու պիտի նայեք նույն ուղղությամբ,որպեսզի ավելի լավ հասկանաք իրար:
—Դուք ձեր փորձով, կերպարով եղե՞լ եք օրինակ,որ ձեզ նայելով փորձեն կրկնօրինակել:
—Իրականում շատ են գրել կամ հանդիպելիս ասել,որ ինձ և իմ երգարվեստին հետևելով են ցանկացել դառնալ երգիչ կամ դերասան,բայց,անկեղծ կլինեմ,ես այս խոսքերին լուրջ չեմ վերաբերվել:Միշտ ասել եմ,որ զբաղվեն այն գործով,որը իսկապես սիրում են:
-Կա՞ արդյոք հայտնի աստղերից մեկը,թե՛ հոլիվուդյան,թե՛ թեկուզ հայ,որ կցանկանայիք նմանվել կամ որոշ հատկանիշներ վերցնել:
-Իրականում միակը ,որից կցանկանայի ինչ-որ հատկանիշներ վերցնել Մայքլ Ջեքսոնն է,ով շատ-շատ մեծ աշխատասիրության շնորհիվ հասավ բարձունքների:Անգամ փորձերի ժամանակ նա հանդես է եկել այնպես,ինչպես համերգներին:
—Ունե՞ք կյանքի կարգախոս,որ ցանկացած պարագայում՝անգամ հիասթափության,ձեզ ստիպում է առաջ շարժվել:
—Մի բան կա,որ ես միշտ ասում եմ.երազանքները իրականանում են:Ես հավատում եմ ու բոլորին եմ խորհուրդ տալիս հավատալ:Եթե դու շատ ես հավատում ու ձգտում ես դրա իրականացմանը,ապա անպայման այն կլինի:Ես փոքրուց երազել եմ մեծ բեմերի մասին,բայց եթե չգնայի,չսովորեի,բնականաբար,չէի դառնա երգիչ:Այնպես որ պայքարել՝սեփական երազանքի իրականացման համար, արժե՛:
Մեկնաբանություններ