19-րդ դարում Նիկոլայ Լեոնտևիչ Շուստովը, որպես ժառանգություն, հորից ստանալով ռուսական խմիչքների հին բաղադրատոմսերի հավաքծու, մտադրվում է զբաղվել ալկոհոլի արտադրությամբ։ 1863 թվականին հիմնում է «Ն. Շուստով և որդիներ» ընկերությունը և սկսում է արտադրել օղի, որն այդ ժամանակ հայտնի էր «հացի գինի» (ռուս․՝ «хлебное вино»,) անվամբ։ Այդ ժամանակ Ռուսաստանի տարածքում նույն գործունեությունն էին ծավալում ավելի քան 300 այլ ձեռնարկատերեր, որոնցից շատերը արտադրում էին համեմատաբար էժան և անորակ խմիչք։ Շուստովը կարևորում էր իր ընկերության վարկանիշը և սկսեց արտադրել բարձրորակ խմիչք՝ անձամբ ստուգելով վերջինիս որակը արտադրության ընթացքում։
Չնայած բարձրորակ արտադրանքին՝ սկզբնական շրջանում այն վաճառքի մեծ ծավալներ չապահովեց։ Շուստովը կանգնեց ընտրության առաջ․ կա՜մ նվազեցնել խմիչքի արժեքը, ինչը բացասական ազդեցություն կունենար որակի վրա, կա՜մ գովազդել այն։ Քանի որ գովզդի համար շատ միջոցներ չկային, Շուստովը դիմեց խորամանկության։
Նա վարձատրեց ուսանողներին, որոնք այցելում էին քաղաքի գրեթե բոլոր գինետները և պահանջում էին «Շուստովյան հայտնի օղին»։ Նրանք նախ զարմանում էին, որ այդ հաստատությունում չեն լսել նման բարձրակարգ խմիչքի մասին, զայրանում էին, կռիվ սարքում և իրավունք ունեին անգամ ապտակելու մատուցողին։ Նման մեկ վեճի արժեքը մոտ 10 ռուբլի էր։
Միջադեպերից հետո բոլոր հաստատությունների սեփականատերերը փորձում են ձեռք բերել «Շուստովյան օղին»։ Այն լայն տարածում է գտնում և իր բարձր որակի շնորհիվ նաև արժանանում է հասարակության համակրանքին։
Հաճախ ուսանողների կողմից կազմակերպված վեճերը բուռն արձագանք էին ստանում, և այդ մասին գրում էին թերթերը, որոնք առանց գումարի խոսում էին «Շուստովյան օղու» մասին՝ ապահովելով վերջինիս գովազդը նաև այսպես։
Նման հաջողություններ գրանցելուց հետո «Ն. Շուստով և որդիներ» ընկերությունը սկսում է արտադրել ալկոհոլային այլ խմիչքներ ևս։ Այդ ժամանակահատվածում արդեն ընկերությունը հադես էր գալիս իր լոգոյով, իսկ խմիչքը շշալցվում էր ինքնատիպ դիզայնով տարրաներում, որոնք իրենց գեղեցիկ արտաքին տեսքի շնորհիվ պատվավոր տեղ էին գրավում բոլոր ցուցափեղկերում։
«Ն. Շուստով և որդիներ» ընկերությունը ուներ իր անհատական նկարիչները և ապակեգործները։ Ա․Ս․ Պուշկինի 100-ամյա տարելիցին ընկերությունը թողարկում է հոբելյանական խմիչքների շարք, որոնց շշերը գրողի կիսանդրու տեսքով էին, իսկ կափարիչը գլխարկի դեր էր կատարում։ Շշի նման դիզայնը շատերն այնքան էին հավանել, որ օղին խմելուց հետո, օգտագործում էին որպե ծաղկաման։ Սա ևս գովազդի տեսակ էր։
1896 թվականին ընկերության արտադրանքը իր բարձր որակի համար ստացել է ոսկե մեդալ Նիժնի Նովգորոդի տոնավաճառում։
Հայտնի դառնալով ռուսական և համաշխարհային շուկայում՝ Շուստովը ցանկանում է ընդլայնել իր արտադրանքը՝ համալրելով այն ալկոհոլային խմիչքների արքա կոնյակով։
1896 թվականին առևտրային տուն «Շուստով և որդիներ»-ը վերափոխվում է «Ն.Լ. Շուստովը որդիների հետ» ընկերության։ Ընկերության գլուխ կանգնեց Նիկոլայ Նիկոլաևիչ Շուստովը՝ Նիկոլայ Լեոնտևիչի ավագ որդին։
1899 թվականին Նիկոլայ Նիկոլաևիչը Ներսես Թաիրյանից գնում է կոնյակի գործարան Հայաստանում, ապա նաև Օդեսայում։ Նա իր փոքր եղբորը՝ Վասիլին, ուղարկում է Ֆրանսիա, որտեղից նա բերում է ֆրանսիական կոնյակների արտադրման բաղադրատոմսը և տեխնոլոգիական քարտը։ Ընկերությունը սկսում է կոնյակի լայնածավալ արտադրություն։ Կոնյակի տարածման համար Նիկոլայ Նիկոլաևիչ Շուստովը օգտագործում է իր հոր մեթոդը, սակայն այս անգամ երիտասարդները «աշխարհի լավագույն՝ Շուստովյան կոնյակը» պահանջում էին եվրոպական բարձրակարգ ռեստորաններում։ Իմանալով, որ կոնյակ չկա՝ ռեստորանն անվանում էին էժանագին պանդոկ, վճարում պատվիրած սնունդի համար և, ոչինչի ձեռք չտալով, հեռանում։ Այսպիսով կոնյակը մեծ տարածում է գտնում Եվրոպայում։
Հայաստանի տարածքում առաջին անգամ կոնյակի գովազդ է տեղադրվում թերթի առաջին էջում։ Պաստառներ են փակցվում նաև հասարակական տրանսպորտում։
Կոնյակի մատակարարման շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ֆրանսիան, ցանկանալով կանխել այլ արտադրատեսակների տարածումը, հայտարարում է, որ կոնյակ անունը կարող են կրել միայն Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի տարածքում արտադրված խմիչքները, իսկ մյուսները կկոչվեն բրենդի։
Այդ ժամանակ Շուստովը որոշում է իր կոնյակի նմուշը ուղարկել Փարիզյան ցուցահանդեսի, որտեղ ժյուրին փորձում է կոնյակի տարբեր տեսակներ՝ չիմանալով արտադրողին։ Ֆրանսիացի ժյուրիները միաձայն Գրան-պրին հանձնում են հայկական կոնյակին։ Իմանալով, որ կոնյակը հայկական ծագում ունի և ոչ Ֆրանսիական՝ բարձր որակի համար, որպես բացառություն Շուստովին թույլատրվում է իր արտադրանքի տարրաների վրա գրել կոնյակ։
20-րդ դարում Շուստովյան կոնյակը արժանանում է 30-ից ավել մեդալների Լոնդոնում, Ամստերդամում, Նյու Յորքում և այլ քաղաքներում տեղի ունեցած ցուցահանդեսներում։
Մեկնաբանություններ