Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։
1897 թվականի մարտի 13-ին ծնվեց բոլորիս սերը և հարգանքը վայելող Չարենցը` Եղիշե Սողոմոնյանը։ Չարենցի ստեղծագործություններին ծանոթ ենք գրեթե բոլորս։
1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։
1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։ Նույն թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։
1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։
Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Մեկնաբանություններ