Փետրվարի 4-ից Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմեկնարկեն 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։ Պեկինն առաջին քաղաքն է, որտեղ անցկացվում են և՛ Ձմեռային, և՛ Ամառային օլիմպիական խաղերը։ Սպորտային տոնախմբությունը վերադառնում է նոր ձևաչափով․..
Ձմեռային օլիմպիական խաղեր՝ առանց ձյան
Դեռ 2015 թվականի ամռանը, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն պետք է հայտարարեր` որտեղ են անցկացվելու 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը, տարատեսակ քննարկումներ ու մտավախություններ առաջ եկան։ Պատճառն այն էր, որ գլոբալ տաքացման պայմաններում այնպիսի ցուցանիշներ էին արձանագրվում, որ դժվար էր անգամ նվազագույն չափանիշներին համապատասխանող քաղաք գտնել. լեռների ձյունը այնքան քիչ էր, որ շատ մարզաձևեր ուղղակի դուրս կմնային ծրագրից։ Այնուամենայնիվ, հայտարարվեց, որ հյուրընկալող քաղաքը կլինի Պեկինը։ Այդ ժամանակ արդեն խոսվում էր արհեստական ձյուն օգտագործելու առաջարկի մասին։
Այսօր, երբ մեկ շաբաթ է մնում խաղերի մեկնարկին, ամեն ինչ պարզ է. Պեկին 2022-ը առաջինն է Ձմեռային օլիմպիական խաղերում, որ կօգտագործի գրեթե 100% արհեստական ձյուն։ Թե ինչ խնդիրներ է առաջ բերում այս նորամուծությունը, այլ հարց է։
Օլիմպիական խաղերն ընդունող կոմիտեն արձանագրեց, որ ձյան անհրաժեշտ պաշարը ստանալու համար շուրջ 222 միլիոն լիտր ջուրը կպահանջվի։ Պեկինի նման համեստ ջրային պաշարներ ունեցող քաղաքի համար սա բավականին լուրջ մարտահրավեր է, BBC-ի փոխանցմամբ՝ կարծում են որոշ փորձագետներ։ Մյուս կողմից էլ նախագիծը էներգատար է, և անգամ վերականգնվող էներգիա օգտագործելը խնդրի լուծում չէ։
Փորձագետները հակադարձում են
Աղմուկ բարձրացավ, որ արհեստական ձյունը կարող է վտանգավոր լինել նաև մարզիկների համար։ Որպեսզի ձյունը չհալչի, անհրաժեշտ է քիմիական միջոցներով ավելի ցածր ջերմաստիճան ապահովել, ինչը արագացնում է մարզիկների ընթացքը, իսկ վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծանում է։
Կազմակերպիչները հավաստիացնում են, որ այս առումով հավելյալ խնդիրներ չեն լինի․ 2018-ին Փհենչհանում և 2014-ին Սոչիում նույնպես օգտագործվել է արհեստական ձյուն։
Նման պայմաններում կանխատեսումներ են արվում, որ 2050 թվականին ձմեռային սպորտաձևերը խիստ վտանգի տակ կլինեն։ Գիտնականները մտահոգ են, որ 1924-ից ի վեր ձմեռային խաղերի անցկացման համար օգտագործված 20 վայրերից միայն 10-ը կունենան միջոցառումն անցկացնելու համար բնական ձյան բավարար մակարդակ։
Բրիտանացի ազատ ոճի դահուկորդ Փիթեր Սփեյթը կարծում է, որ գլոբալ տաքացման դեմ պետք է պայքարել հիմնապես, այլ ոչ թե մեղմացնող ռազմավարություն մշակել, գրում է BBC-ն։
Չնայած այս ամենին՝ Պեկինն այս օրերին նաև սպորտի մայրաքաղաքն է, իսկ մարզաշխարհը շարունակում է հետհաշվարկ կատարել։
Մեկնաբանություններ