Պատերազմի մեջ խաղաղություն ապրելու հնարավորությունը սկսվում է սահմանից ու ավարտվում սահմանին։ Ժամացույցի սլաքներն էլ չեն կարող հուշել, թե երբ կարող է խախտվել մեր փխրուն խաղաղությունը։ Մարտահրավերներն ընդունելու միշտ պատրաստ լինելու զգացումը երբեք չպիտի լքի մեզ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս հերոսացած հայորդին է՝ Լյովա Դանոյանը։
Լյովա Արթուրի Դանոյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին Դիլիջան քաղաքում։ 2015-2018թթ. սովորել է տեղի ավագ դպրոցում։ Շատ էր սիրում սպորտով զբաղվել, եղել է հունահռոմեական ըմբշամարտի դափնեկիր։ Ինչպես փաստում են ուսուցիչները, ընկերները և հարազատները, Լյովա Դանոյանը բոլորից տարբերվում էր յուրահատուկ բարությամբ և համեստությամբ։
Դպրոցը ավարտելուց հետո 2019 թվականին զորակոչվեց բանակ՝ զինվորական ծառայության անցնելով Հադրութում։ Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, Լյովան թեժ մարտերի կիզակետում էր։ Ծանր ու դժվար օրերին դիմակայում էին, պայքարում ու հավատում, որ հաղթելու են։ Պատերազմի ժամանակ մայրը նրան տաք հագուստ էր ուղարկել, Իսկ Լյովան այն տվել էր ընկերոջը՝ Լևոն Մանթաշյանին՝ ասելով, թե նրանց մոտ ավելի ցուրտ է։
«Բարի ու համեստ էր, հոգատար, պատրաստակամ յուրաքանչյուր իրավիճակում», — այսպես էր իր որդուն նկարագրում մայրը՝ տիկին Սվետան։ Լյովան տան միակ ոդին էր, մեկ քույր ունի, իսկ հայրը մահացել է ութ տարի առաջ։ Ապրում էր մայրիկի և տատիկի հետ։ Երկու ամսից պետք է զորացրվեր, բոլորը նրան էին սպասում։ Ծառայության ժամանակ գումար էր հավաքում, քրոջ աղջկան նվեր գնելու նպատակով։ Ամեն անգամ, երբ զանգում էր տուն, հարցնում էր մայրիկին, թե երբ է քեռի դառնալու, բայց այդպես էլ չհասցրեց տեսնել քրոջ բալիկին։
Հոկտեմբերի 3-ին մարտական գործողությունների ժամանակ երկու ոտքից բեկորային վիրավորում ստացավ, բայց այդ մասին ընտանիքի անդամներին ոչինչ չասաց, իսկ արդեն հոկտեմբերի 29-ին նրան տեղափոխում են Ճարտար գյուղ, որտել էլ նոյեմբերի 2-ին հերթական գրոհներից մեկի ժամանակ ԱԹՍ-ի հարվածից զոհվեց…անմահացավ։
Հերոսի տանը կարելի էր զգալ նրա ներկայությունը, մեծադիր լուսանկարից ու պատվո անկյունից լսել նրա ջերմ ծիծաղը, ի վերջո վայելել հերոսի մոր ու տատիկի հետ զրույցը, որում նա շարունակում էր ապրել։
«Ծառայությունից էլ իմացել ենք, թե ինչպես է իրավիճակը կառավարել։ Ամեն օր զրուցում էինք, նույնիսկ պատերազմի ժամանակ ամեն օր զանգում էր, ասում էր ամեն ինչ լավ է։
Լյովան շատ ընկերասեր էր, մինչև վերջ կկանգներ ընկերների կողքին, հնարավորության չափով կաջակցեր։ Ծառայությունից հետո որոշել էր իր բոլոր ընկերներին հավաքի։ Սիրված էր…սիրված էր բոլորի կողմից», — նշում էր մայրը։
Լյովայի սերը մեծ էր հարազատների, ընկերների, հայրենիքի ու սեփական ժողովրդի հանդեպ։ Նա ապրում էր իր կյանքով, ձգտում հասնել իր նպատակներին, բայցև քաջ գիտակցում էր, որ կյանքի միակ ու կարևոր նպատակը կարող է լինել սեփական դիրքը հակառակորդից պաշտպանելը։
Դիլիջանի ավագ դպրոցի դասասենյակներից մեկը վերջերս անվանակոչվել է Լյովայի անունով։ Դպրոցի բակում է տեղադրված նաև 44-օրյա պատերազմում անմահացած դիլիջանցի հերոսներին նվիրված հուշաքարը։ Հուշաքարը տեղադրվել է Դիլիջան համայնքի բնակիչ և ավագանու անդամ Նունե Սանթրոսյանի նախաձեռնությամբ և միջոցներով։
Լյովա Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գթության մայր Մ. Մ.» մեդալներով։
_________________
Պատերազմի մասին մեր հիշողությունները ավելի են դառնանում, կարևորվում։ Պատերազմը խլեց հազարավոր կյանքեր և փոխեց հազարավոր ճակատագրեր:
Մեկնաբանություններ