《Պատերազմը աշխարհի չարիքներից մեծագույնն է, որը չի խնայում ոչ ոքի》 ։ Այսպիսի խոսքերով է բնութագրում պատերազմը Արցախյան պատերազմի մասնակից 20-ամյա Հովիկ Մարտիրոսյանը՝ նշելով , որ պատերազմի ժամանակ մի մասը ֆիզիկապես է ընկնում, իսկ մյուս մասը՝ հոգեպես:
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչն ապագա կինոռեժիսոր է, ում նպատակն է ոլորտում լավ մասնագետ լինելը:
-Նպատակն արդարացնում է միջոցները,- նշում է Հովիկն ու ավելացնում.- ամենակարևորը լավ կինոռեժիսոր դառնամ, որպեսզի զարգացնեմ հայկական ֆիլմարտադրությունը:
Հովիկը ծառայել է Ջրականում( Ջաբրայիլ), սիրել իր զորամասը և ինչպես ինքն է նշում ամենամեծ դժվարությունը եղել է կարոտն առ ընտանիք։
-Պատերազմը մեզ մոտ ազդարարվեց սեպտեմբերի 27 -ի առավոտյան 7։15 -ին Հադրութի հրետակոծմամբ ,- պատմում է տղան ու հավելում, որ լայնամաշտաբ պատերազմի մասին սկզբում ոչ ոք չէր մտածում և միայն մի քանի զոհ ունենալուց հետո ամեն ինչ քաոսի է վերածվում:
Մոտ մեկ տարի միմյանց չտեսնելուց հետո հայր ու որդի հանդիպում են պատերազմի դաշտում:
-Կռվի երկրորդ օրն էր, երբ հայրս եկավ ինձ մոտ: Իր գալը հատուկ առաքելության էր նման,-պատմում է Հովիկն ու հիշում, որ ինքն ուզում էր դիտարկում անել, բայց հայրը թույլ չտալով որդուն առաջ գնալ ինքն է արել դիտարկումը և վերադառնալիս հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորվել :
-Հորս վիրակապեցինք, ու իջեցրի խրամատից: Էտ ժամանակ անձրևաջրով կոֆե սարքեցի ու հորս հետ խմեցինք,- պատմում է տղան՝ չմոռանալով նշել, որ մինչև հիմա էլ հայրը կատակում է՝ ասելով.
-Նենց տպավորություն էր, որ եկել էի կոֆե խմեինք ու հետ գնայի:
Հովիկը պատերազմից հետո պատերազմի մասին մեծ դժվարությամբ է խոսում, բայց չի մոռանում այն, ինչ տեսել, զգացել ու ապրել է այդ օրերին:
-Դիրքեր սնունդ հասցնելը դժվար էր: Մի քանի օր հաց չէինք կերել: Հետո, տեսնելով չեզոք գոտիով դեպի հակառակորդի կողմը գնացող կովերի, որոշում ենք կովերից մի քանիսին սպանել: Կրակում ենք ու երկու կով սպանում: Սպասում ենք մինչև մութն ընկնելը ու մի քանի հոգով գաղտնի գնում ենք չեզոք գոտի, սպանված կովերից կտրում մսի կտորներ ու բերում մեր դիրքեր,-պատմում է տղան ՝ հավելելով, որ չնայած հրամանատարական կազմը բարկանում էր, բայց իրենք հպարտ էին, որ զորքը սոված չէր մնում։
Հովիկը պատմում է , որ կռվի օրերին տեղաշարժերից մեկի ժամանակ աչքով ընկած նռան ծառից մի նուռ է վերցրել ՝մինչև կռվի ավարտը մոտը պահելու, հետո մի աղջկա նվիրելու նպատակով:
-Նուռը նռնակների համար նախատեսված գրպաններիցս մեկում էի պահել, որ չկորցնեի։ Օրեր հետո զրահաբաճկոնս մաքրելու ժամաալ գրպաններից նռնակներն ու նուռը հանեցի, Հետո նռնակներն իրենց տեղը դրի, բայց նռան մասին մոռացել էի։ Մի քանի ժամ հետո, երբ ուրիշ տեղում էինք խրամատավորվում, տեսա, որ նուռը չկա։ Մութն ընկնելուց հետո ընկերոջս հետ գնացինք նուռը գտնելու: Երբ հասանք խրամատ փոխհրաձգություն սկսվեց,բայց կարևորը նռան գտնելն էր:
Այն հարցին, թե ինչի կարքիքն է ամենաշատը զգացել պատերազմի օրերին տղան կատակում է՝ ասելով.
-Ամենաշատը զենքիս կարիքն եմ ունեցել, — իսկ հետո ասում, — եթե անկեղծ, ցանկություն եմ ունեցել փաթաթվել ընտանիքիս ու քնել: Հետո արթնանալ ու հասկանալ, որ պատերազմը երազ էր:
Պատերազմի օրերին մոր խոսքերից ուժ ստացած, բայց միևնույն ժամանակ վախը սրտում ապրած հերոսը պատմում է, որ ինքը փրկվել է գրպանում ՝ սրտի մոտ ունեցած խաչի ու աղոթագիրքի շնորհիվ։
-Դրանք ինձ համար շատ թանկ են ու հիմա էլ տանն են՝ զինվորական համազգեստիս նույն գրպանում, որտեղ գտնվել են կռվի ժամանակ:
Տղան պնդում է, որ պատերազմում կորցնելով ամենաթանկ բաները` ընկերներին, երիտասարդություն ու իրեն , պատերազմից գտավ հասունություն, ամեն ինչ գնահատելու միտք և նորից իրեն վերագտնելու ճանապարհ:
Լուսանկարները տրամադրել է Հովիկ Մարտիրոսյանը։
Մեկնաբանություններ