Մ
եկ տարի առաջ 44 օրում մեր կյանքը գլխիվայր շրջվեց։ Պատերազմն իր անդառնալի հետքը թողեց և մնաց խորը ու արդեն երբեք չսպիացող վերք։ Կորցրինք, գտանք, արժեզրկեցինք ու արժևորեցինք, զոհվեցինք ու վերածնվեցինք, բայց անկախ ամենից հավատացինք, միգուցե ավելի, քան երբևէ։ Եվ այս ամենը թիկունքում։ Իսկ ճակատու՞մ։ Ճակատի կորցրածի, գտածի, արժեքների և ավելիի մասին journews.am-ին պատմեց Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասնակից, մերօրյա հերոս Ալբերտ Ավետիսյանը։
-Ալբերտ, շնորհակալ ենք խնդրանքն ընդունելու և հարցազրույցի հրավերը չմերժելու համար, քանի որ գաղտնիք չէ, որ պատերազմը հաղթահարած զինվորների համար հաճախ դժվար է լինում խոսել այդ նույն պատերազմի մասին։ Դուք հաճա՞խ եք խոսում, կիսվում, պատմում այդ օրերի մասին։
— Ես ևս շնորհակալ եմ հրավերի համար։ Բավականին դժվար և ծանր թեմա է, ամեն անգամ հիշելիս կրկին վերապրում եմ ամեն պահը, սակայն լռելը հաճախ ավելի բարդ է լինում, այդ իսկ պատճառով չեմ հրաժարվում խոսելուց։
—Միանշանակ այդ օրերին ամենից սպասվածը ընտանիքին զանգահարելու պահն էր լինում։ Ի՞նչ էիք զգում խոսելիս։
-Հետաքրքիր էր, որ պատերազմն արդեն սկսեց չիրականացված զանգով։ Սեպտեմբերի 27-ին հորեղբորս աղջկա ծննդյան օրն էր ու կեսգիշերին, երբ զանգեցի ու շնորհավորեցի, խոստացա, որ հաջորդ օրը կրկին կզանգահարեմ ու արդեն ավելի ջերմ կշնորհավորեմ, սակայն այդպես էլ չհասցրեցի։ Առավոտյան ժամը 7-ից արդեն սկսեց արտակարգ իրավիճակը, երբ ինքներս չէինք գիտակցում, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը։ Չգիտեինք, թե ինչ անեինք,երևի ամենաշատը հենց ձայներն էին վախեցնում։ Առաջին օրը ամենաբարդն էր, քանի որ տեսնում էինք այն, ինչը պատկերացնելն անգամ դժվար էր մինչ դա, բայց այդ ամենի հետ մեկտեղ մտածում էի չիրականացրած զանգիս մասին։ Իրականում կապերի հետ խնդիր կար, ու կապվելիս զրույցն ընտանիքիս հետ հաճախ վայրկյաններ էր տևում։ Միայն հասցնում էի ասել, որ լավ եմ։ Ամենադժվարն այն էր լինում, երբ խոսելիս հայտնում էին ինձ ծանոթ ու հարազատ մարդկանց կորուստների մասին, ու երբ անջատում էի հեռախոսը սկսում էի աղոթել ու խնդրել Աստծուն, որ այդ ամենը շուտ վերջանա։
-Պատերազմի օրերին Ձեր կողքին էր նաև Ձեր հայրը, ով ևս իր կյանքի մեծ մասը նվիրել է զինվորական կյանքին։ Դա հեշտացնում էր թե՞ բարդացնում Ձեր գործը․
-Աշխատում էինք միմյանցից հեռու լինել (ավելորդ էմոցիաներից խուսափելու համար) , բայց պատասխանատվությունն էր մեծանում, քանի որ գոնե մեզնից մեկը պարտավոր էր վերադառնալ տուն։
-Պատերազմից հետոյի Ձեր նպատակների մասին պլաններ կազմու՞մ էիք
-Մինչև բանակ զորակոչվելս արդեն ընդունվել էի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բայց չէի հասցրել սովորել և պետք էր ուսումս սկսեի բանակից զորացրվելուց հետո, ուստի ամենամեծ երազանքս համալսարանում սովորելն էր։
-Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ արդեն դժոխային պատերազմն ավարտվել է
-Պատերազմի ընթացքում մի քանի անգամ զգացել եմ, որ ես կրկին ծնվել եմ։ Եղել է, որ փրկվելս իրոք հրաշքով էր եղել։ Մորաքրոջս ծնունդի օրն էր ու զանգահարեցի իրեն և առաջինն ասացի, որ իր ծնունդը խաղաղություն բերեց մեզ։
Նկարում Ալբերտ Ավետիսյանն է զորակից ընկերների հետ
Այժմ 10 բլից հարց
-Առաջին միտքը, երբ գիտակցում էիք, որ կրկին փրկվեցիք
-Ավելի էի արժևորում կյանքս, սկսում գնահատել այն։ Մահվանը միայն մոտ գտնվելիս ես հասկանում՝ ինչքան քաղցր է կյանքը։
-Խոսքեր, որոնք կասեիք կորցրած ընկերոջը
-Կհանդիպենք մի օր
-Խոսքեր, որոնք կասեիք կորցրած հայրենիքին
-Երանի նորից գտնվեի այնտեղ՝ երկրորդ տանս
-Խոսքեր, որոնք մինչև պատերազմը երբեք չէիք ասի
-Երանի ապրեմ
-Մեռնել հանուն ․․․․
-Մորս
-Պայքարել հանուն ․․․․
-Արժանավայել կյանքի
-Ապրել հանուն ․․․․
-Ընտանիքիս
-Կա՞ կյանք պատերազմից հետո
-Կա
-3 բան, որ փոխեց Ձեր մեջ կռիվը
-Սկսեցի ավելի հասուն մտածել, գնահատել սովորեցի, սիրո մեծ զգացում արթնացրեց
-3 բան, որ տվեց կռիվը
-Կռիվն այնքան բան տվեց։ Կռիվը քեզ նեղ փակուղու մեջ է գցում ու ստիպում ճանաչել ամեն ինչ ու ամեն մեկին մեկ այլ կողմից, ու զգալ այն, որ կողքինիդ կյանքը քեզնից է կախված, իսկ քո կյանքն այլևս միայն քոնը չէ․
-3 բան, որ պետք է անենք յուրաքանչյուրս պատերազմից հետո
-Հիշենք այն մարդկանց, ովքեր այլևս մեր կողքին չեն, շրջապատենք ջերմությամբ այն մարդկանց, ովքեր մեր կողքին են և ապրել այն մտքով, որ մի օր խաղաղություն կլինի։
Այսպիսով, ապրել երազելով, Ալբերտը և շատ Ալբերտներ ապրեցրին մեզ։ Իսկ մենք ապրելով հերոսների երկրում, պետք է ապրենք հերոսի ոգով՝ շարունակելով նրանց գործը։
<< Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:>> Մոնթե Մելքոնյան
Մեկնաբանություններ