Համացանցի հայրերից մեկը՝ Վինտոն Սերֆը, 1993-ին Իգոր Մկրտումյանի հետ հանդիպման ժամանակ նրան իր այցեքարտը տվեց, վրան գրված՝ Igor, see you on the Net։ Այն ժամանակ Մկրտումյանը դեռ չգիտեր, որ Հայաստանին հասանելի 19 կիլոբաթ/վայրկյան ինտերնետի պայմաններում հենց ինքն է այնպես անելու, որ այսօր մեր համացանցային մի շարք հանդիպումներ կայանան։ Նրան հաճախ են հարցնում՝ Դու՞ք եք ինտերնետը Հայաստան բերել։ Պատասխանը՝ ոչ, ես Հայաստան եմ բերել ինտերնետ ենթակառուցվածքը։
Մի օր Իգոր Մկրտումյանը գործազուրկ դարձավ
Սովետական միության փլուզումից հետո փակվեց Մերգելյան ինստիտուտը։ Մենք Սովետական միության Պաշտպանության նախարության համար էինք աշխատում, բաժնի վարիչ էի։ Աշխատանքն ավարտվեց, ես ու ևս 7000 մարդ մնացինք անգործ։
Անգլերեն շատ էի սիրում, ընդունվեցի Բրյուսովի անգերենի երեկոյան ֆակուլտետ։ Մինչև այդ Մոսկվայում ասպիրատուրայում էի սովորել, տեխնիկական գիտությունների թեկնածու էի։ Անգլերենի լավ իմացությամբ ու տեխնիկական գիտելիքներով էլ ընդունվեցի Ամերիկյան համալսարան, կարճ ժամանակում դարձա Համակարգչային ծառայությունների բաժնի վարիչ։
Խնդիր, որը պետք էր լուծել կամ ինչ կար, երբ չկար ինտերնետը
Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում ինտերնետի՝ 19 կիլոբիթ/վայրկյան արագություն։ Դուք հիմա տանը 50 մեգաբայթ/ վայրկյանում արագություն ունեք։ Մենք Ամերիկյան համալսարանում երազում էինք 19 կիլոբիթի մասին։ Աշխարհը էլեկտրոնային նամակներով էր հաղորդակցվում։ Հայաստանում էլ կարիքը կար, հնարավորությունը՝ ոչ։ Ամերիկյան համալսարանում մի սենյակ բացեցինք՝ 4 համակարգչով։ Մարդիկ գալիս, թույլ ինտերնետով մեր մեյլից էին օգտվում։ Դա ապահովում էր աշխարհի հետ կապը։ Հետո արբանյակային կապով մի փոքր ավելի արագություն ստացանք։ Բայց ինտերնետում Հայաստանի ներկայության համար ուրիշ բան էլ էր պակաս։
Երբ Մոսկվան էր որոշում՝ կայք ունենա՞լ, թե՞ ոչ
Ստանդարտների ազգային ինստիտուտը բոլոր երկրներին երկնիշ ինտերնետային կոդ էր տվել, Հայաստանին՝ .am։ Բայց դոմենը կառավարելու համար անհրաժեշտ էին սերվերներ․ ինտերնետը չի հասկանում պարզ անուններ, դրանք վերածվում են կոդերի, որոնք հասկանալի են դառնում համակարգչին։ Մենք դա ունենալու հնարավորություն չունեինք։ Եթե ուզում էինք .am-ով վերջացող հասցե գրանցել, դիմում էինք Մոսկվայի պետական համալսարան․ հետսովետական երկրների դոմեններն այնտեղից էին կառավարվում։ Այդպես գրանցվեց առաջին հայկական դոմենը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի www.yerphi.am-ը։
Մկրտումյանը գործուղվեց ինտերնետ ինքնավարության հնարավորության գտնելու
Ինձ գործուղեցին Սան Ֆրանցիսկո՝ առաջին համաշխարհային ինտերնետ կոնֆերանսին մասնակցելու։ Այնտեղ հասկացանք, որ պետք է Հայաստանում կենտրոն ստեղծենք։ Վերադարձա, հավաքվեցինք հետաքրքրված մարդկանցով։ ՊԱԱ-ից, ԵՊՀ-ից, Պոլիտեխնիկական համալսարանից, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի ինստիտուտից մասնագետներ եկան։ Միասին ստեղծեցինք Հայաստանի ինտերնետ օգտագործողների միությունը։ Երբեմն հարցնում են՝ Դու՞ք եք ինտերնետը բերել Հայաստան։ Ոչ, դա այդպես չէ։ Ես ստեղծել եմ ինտերնետ ենթակառուցվածք, որ մենք կարողնանք գրանցել, կառավարել մեր դոմենը։
«Armenia․am» ունենք, «Հայաստան.հայ» ունեցանք, «Հայաստան@հայ.ամ» կունենանք
Հայաստանում գրանցված դոմենների թիվը հասել է 40 000-ի։ Բայց մենք դրանով չբավարարվեցինք։ Աշխարհում ոչ թե լատինատառ, այլ ազգային այբուբենով դոմեն ստեղծելու շարժում է սկսվել։ Սա անհրաժեշտություն չէ, բայց մենք, իհարկե, չէինք կարող հետ մնալ (ժպտում է)։ Որոշեցինք, որ լավագույն տարբերակը .հայ-ն է։ Բայց սրանով ևս չենք սահմանափակվում։ Ուզում եմ, որ մենք կարողանանք հայատառ էլեկտրոնային փոստ ունենալ, ու ինտերնետ աշխարհը ճանաչի, «կարդա» դա։ Այսինքն՝ ինձ նամակ ուղարկեն ոչ թե igor.mkrtumyan@internet.am, այլ իգոր․մկրտումյան@ինտերնետ․հայ հասցեին։ Հիմա աշխատում ենք, կարծում եմ՝ շուտով այս հնարավորությունը ևս կլինի։
Օրական 3-4 հարձակում՝ 83-ամյա Իգոր Մկրտումյանի համակարգչի վրա
Իմ հասցեն Հայաստանի ինտերնետ դոմենի ադմինիստրատիվ կոնտակտն է։ Դոմեններում բոլոր փոփոխությունները կատարվում են իմ էլեկտրոնային թույլտվությամբ։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար, եթե այդ հասցեն կոտրեն։ Օրական 3-4 այդպիսի հարձակում եմ ստանում։ Համացանցում, ինչպես ամեն տեղ, չարի ու բարու պայքար է։ Երբ նայում եմ՝ ինչեր են կատարվում․․․ հարձակումներ, փողի հափշտակում, երեխաներին ինքնասպանության դրդող նյութեր։ Վտանգը շատ մեծ է, ու անընդհատ պայքար է գնում։ Այսօր դու չես կարող դրանից ապահովագրված լինել, ու այսպես էլ շարունակվելու է, չկարծեք, թե մի օր ավելի լավ կլինի։ Զգոն լինել է պետք։
«Կինս գանգատվում է, որ մինչ կեսգիշեր համակարգչի առջև եմ»
Ես ինտերնետ ենթակառուցվածքը Հայաստան բերեցի գրեթե 30 տարի առաջ։ Այս ընթացքում ինտերնետի զարգացումն ապշեցուցիչ է։ Ես ամեն օր տեսնում եմ այդ զարգացումը ու ուղղակի չգիտեմ՝ ինչ սպասել առաջիկա 5 տարում։ Ես պետք է տեղեկացված լինեմ, ամեն օր կարդամ նորությունների մասին։ Ամբողջ օրը՝ մինչև կեսգիշեր զբաղված եմ լինում։
Բայց չեմ հոգնում, քանի որ նպատակ ունեմ՝ ծառայել Հայաստանում ինտերնետի զարգացմանը։ Գոհ եմ իմ կյանքից, կաշխատեմ այնքան, քանի դեռ կարող եմ։
Նյութի աղբյուր՝ hy.armradio.am
Մեկնաբանություններ