Կառավարությունը նոյեմբերի 4-ի հերթական նիստին որոշում ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։
Նախագծերով առաջարկվում է Օրենսգրքում և Օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Իր հերթին, Օրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։
Այսպես, որպես աշխատանքի (ծառայության) չթույլատրման հիմք սահմանվում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակությունը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:
Հատկանշական է, որ առաջարկվող կարգավորումներով աշխատողներին և հանրային իշխանության մարմիններում ծառայողներին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում փոխել իրենց վարքագիծը՝ նախագծերով նախատեսված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:
Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները պետք է դադարեցվեն կամ նրանք զբաղեցրած պաշտոնից ազատվեն. մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում` ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները: Ընդ որում, այս ժամկետների մեջ տրամաբանորեն չպետք է հաշվարկվեն այն ժամկետները, երբ անձը այսպես, թե այնպես չպետք է ներկայանար աշխատանքի, օրինակ՝ գտնվել է արձակուրդի, ժամանակավոր աշխատունակության կամ գործուղման մեջ: Հարկ է նկատել, որ նշված 10 և 20 աշխատանքային օր ժամկետները սահմանվել են նպատակ ունենալով ապահովել գործատուների տնտեսական գործունեության անխափան իրականացումը, հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, աշխատանքային հարաբերությունների պատշաճ կենսագործունեությունն ու իրականացումը։
Միևնույն ժամանակ, մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կա՛մ ընտրովի պաշտոն է, կա՛մ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աշխատանքային հարաբերությունների պատշաճ կենսագործունեությունն ու իրականացումը, դրանց սուբյեկտների գործառույթների իրականացումը, գործատուների տնտեսական գործունեության անխափան իրականացումը, պետությունում տնտեսական կայունությանը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, ինչը բխում է հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը:
Նշենք նաև, որ նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից համատեղ:
Մեկնաբանություններ