Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը:
Նշվում է, որ օրինագիծն ունի հիմնական երեք դրույթ.
1. Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ. ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն:
2. Ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում:
3. Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։
Ըստ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։
Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է:
Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:
Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարադատության հիմնարար հասկացությունների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լաոթոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս շտկելու անարդարության և անպատժելիության այս ընթացքը:
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ են անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Հայ դատի հանձնախումբն աշխատում է Թիմ Լաութոնի կողմից ներկայացված օրինագծի անցկացման ուղղությամբ:
Մեկնաբանություններ