Հերոս Նարեկ Արգամի Երիցյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 18-ին, Գեղարքունիքի մարզի քաղաք Ճամբարակում։ Սովորել է տեղի Ավագ դպրոցում։ Հաճախել է ձյուդոյի, սամբոյի, բռնցքամարտի և ստացել բազմաթիվ մեդալներ։ Այս տարի, Նարեկի հիշատակին, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնություն, որտեղ հաղթանակ տարած պատանիները հնարավորություն են ունեցել մասնակցելու ՀՀ առաջնությանը։
Մարդկային բարձր որակներ ունեցող հերոսը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ՝ «Փրկարարական գործ» բաժինը։
2020 թվականին Նարեկը զորակոչվում է բանակ, ծառայում Արցախում։ Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում մասնակցում է Թալիշի մարտերին։ Ընկերների հետ ընկնում շրջափակման մեջ, այնուհետև հաջողությամբ դուրս գալիս։ Պատերազմի ընթացքում զանգ է տալիս մայրիկին՝ Անահիտին, հարցուփորձ անում հարազատ-բարեկամներից, համոզվելով, որ բոլորը լավ են, ասում է, որ իրենք էլ են լավ։ Խնդրում մայրիկին, որ բոլոր նրանց, ովքեր իրեն ճանաչում են, փոխանցի, որ ինքը «ողջ-առողջ է» և, լավ մնացեք ասելով, խոստանում, որ էլի կզանգի, որովհետև տղերքն էլ պիտի տուն զանգեին։ Զանգը վերջինն էր….
Նարեկը եղել է ԿԱԴ դասակի գնդացրորդը։ Երբ պատերազմի ժամանակ նահանջ հրաման է եղել, մի մասը գնացել է դեպի Եղնիկներ, բայց Նարեկը, իր ընկերները և հրամանատարը չեն նահանջել, նրանք հոկտեմբերի 2-ին Մատաղիս-Մարտակերտ ճանապարհին կանգ են առել հաջորդ օրը՝ առավոտյան շարունակելու նպատակով, սակայն չեն հասցրել. հոկտեմբերի 3-ին թշնամու ավիացիայի հարվածից հողածածկույթի տակ են մնացել և զոհվել….
Նարեկի ԼԱՎ ՄԱՐԴ լինելը կփաստեն բոլորը։ Նա անմնացորդ բարությամբ օժտված, ընկերասեր, կարեկցող և օգնող մի տղա է ( միշտ ներկայով), որն իր կյանքը չխնայեց հայրենիքի հետագայի համար։ Հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։
Նարեկի և մեր մյուս հերոսների սխրանքն անմար է, հիշատակը՝ միշտ վառ, իսկ փառքը՝ հավերժ։
Մեկնաբանություններ