1883թ.-ին նկարիչ Իվան Կրամսկոյը նկարեց մի կնոջ, ում պատկերը մինչև օրս կախված է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։
Կտավին պատկերված է գեղեցիկ, վստահ, հպարտ կնոջ դիմանկար Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա Անիչկովի պալատի ֆոնին։ Կինը բաց կառքի մեջ է, հագնված է ըստ 1880-ական թվականների վերջին նորաձևության։ Փետրավոր թավշե գլխարկով, մորթե, ժապավեններով զարդարված վերարկույով, նուրբ ու կաշվե ձեռնոցներով և մորթե ձեռնամուշտակով։ Կինը տիրական, խորհրդավոր և մի փոքր տխուր հայացքով է։ Նման հանդերձանքն այդ տարիներին համարվում էր ճչացող և նույնիսկ` անպարկեշտ: Ազնվականությունը գնալով կորցնում էր ունեցվածքը և դրա ներկայացուցիչները չէին կարող իրենց թույլ տալ շատ թանկարժեք և նորաձև հագուստ: Ուստի Բարձր հասարակությունում ակտուալ դարձավ ավելի համեստ հանդերձանքը: Այդ ժամանակ նորաձև կարող էին հագնվել միայն կուրտիզանուհիները և սիրուհիները:
1883թ.-ին ստեղծած այս կտավը Իվան Կրամսկոյը մեծ անհանգստությամբ ներկայացրեց հասարակությանը: Նույնսիկ լարվածությունից լքեց վերնիսաժը: Սակայն երբ վերադարձավ, նրան դիմավորվեց տպավորված և ոգևորված բազմությունը: Բոլորին հետաքրքրում էր, թե ով է նկարի հերոսուհին: Ստեղծագործությունը դիմանկարի և թեմատիկ նկարի սահմանագծում է։ Բնորդուհին անհայտ է։ Հեղինակը ոչ իր նամակներում, ոչ էլ հուշերում տեղեկություն չի թողել բնորդուհու մասին։
Գեղանկարչի խորհրդավոր լռությունը մի շարք լեգենդների ստեղծման հիմք դարձավ։ Խոսակցություններ էին պտտվում, որ «Անծանոթուհին» նկարչի աղջիկն է՝ Սոֆյան, արտաքնապես նրան է հիշեցնում․ պատկերված է Կրամսկոյի «Աղջիկը կատվի հետ» նկարում: Շատերը կարծում էին, որ Կրամսկոյի հերոսուհին ոմն գեղջկուհի Մատրյոնա Սավիշինան է, ում կնության էր առել ազնվական Բեստուժովը: Իբր Կրամսկոյն այդ կնոջը հանդիպել էր Պետերբուրգում և գերվել: Ըստ մեկ այլ հիպոթեզի` «Անծանոթուհին» Ալեքսանդր 2-րդի սիրուհին էր` Եկատիրինա Դոլգառուկովան, որը արքային պարգևել էր 4 զավակ: Համաձայն վարկածներից մեկի՝ նկարի գեղեցկուհին Լև Տոլստոյի «Աննա Կարենինայի» գլխավոր հերոսուհին է՝ Աննա Կարենինան, ոմանց համոզմամբ էլ՝ Դոստոևսկու «Ապուշի» Նաստասյա Ֆիլիպովնան։ Անծանոթուհուն բացահայտելուն միտված տեսակետները շատ են, սակայն նրանցից որևէ մեկը պաստված չէ զորեղ ապացույցներով:
Խորհրդային տարիներին յուրաքանչյուրիս տանը կար այս կտավը, այն կարելի էր գտնել հյուրասենյակներում, խոհանոցներում, ննջասենյակներում, նույնիսկ` նկուղներում: Նկարի հերոսուհու նախատիպերը շատ են, բայց մինչև օրս ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ով է այս խորհրդավոր անծանոթուհին, ում Կրամսկոյը անմահացրել է: Խորհրդավոր հայացքով բնորդուհին կարծես հսկում է անհատի ցանկացած քայլը, հետևում նրան՝ դառնալով նրա կերպարի անբաժանելի մաս։ Ասում են՝ այս անծանոթուհին անհաջողություն է բերում։ Նկարը ոչ ոք գնել չէր ցանկանում, որովհետև այն սկսել էր դժբախտություն բերել շատ-շատերին։ Նկարը նկարելուց հետո նկարչի երկու որդիները մահացան, իսկ բոլոր նրանք, ովքեր ունենում էին նկարն իրենց տանը՝ ուղղակի որևէ դժբախտ պատահարի մեջ էին հայտնվում ու անգամ զոհվում։ Շատ անգամ է գեղանկարը փոխել իր տերերին: Վերջիներս կամ կանանց էին կորցնում, կամ էլ ունեցվածքը, իսկ տիկնայք հաստատում էին, որ կտավի կողքին երկար մնալը բացասաբար է ազդում նրանց երիտասարդության և գեղեցկության վրա: Դրանք նկարն ասես կլանում է: Միայն Խորհրդային տարիներին Իվան Կրամսկոյի «Անծանոթուհին» դարձավ գեղեցկության և ներշնչանքի իդեալը։
Մեկնաբանություններ