Տեղի է ունեցել <<Հիշողության ուժը>> գրքի երկար սպասված շնորհանդեսը: Գրքի ստեղծման, մտքերի, գաղափարի և այլնի մասին journews.am-ին պատմել է հենց հեղինակը՝ Ռուզաննա Ստեփանյանը:
-Ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք գրել այս գիրքը՝ “Հիշողության ուժը”:
-Գիրքն ունի ավելի քան 3 տարվա պատմություն։ Սկզբում չեմ մտածել, որ մի օր գրված պատմությունները գիրք կդառնան, գրել եմ իմ համար։ Բայց եկավ մի շրջան, որ պատմությունները գնալով շատացան, ու ծնվեց գրքի գաղափարը։
-Ինչու՞ գրքին տվեցիք “Հիշողության ուժը” վերնագիրը։
-Գրքում զետեղված բոլոր պատմություններն ընթերցողին,համոզված եմ, որ տեղափոխելու են հիշողության գիրկը։ Եթե կյանքում մեկ անգամ գոնե սիրահարվել ես, ուրեմն այստեղ անպայման քո պատմությունը կգտնես։ Իսկ այդ հարցում մեզ արդեն օգնում է հիշողության ահռելի ուժը։
-Ո՞րն է գրքի գլխավոր միտքը,գաղափարը։
-Գիրքը մեծամասամբ սիրո մասին է։ Իմ պատմություններով ես փորձել եմ ընթերցողին ներկայացնել սիրո մեծագույն ուժն ու գաղափարը։ Սերը հեքիաթ չէ, այդ պատճառով ոչ բոլոր պատմություններն են ավարտվում դրակսն վերջաբանով։
-Գրքում կա՞ հատված,որը ամբողջացնում է ողջ գաղափարը, և ո՞րն է դա։
-Գրեթե բոլոր պատմություններն ավարտվում են հեղինակի կողմից տրվող խորհուրդներով։ Եվ քանի որ մեկը մյուսից տարբերվում է, այդ պատճառով յուրաքանչյուր պատմության վերջում մեկ-երկու նախադասությամբ ամփոփվում է ամբողջ միտքը։
-Կա՞ ինչ-որ միտք, որ ցանկացել եք այս գրքով փոխանցել ընթերցողին, հանրությանը։
-Միայն կասեմ, որ սերը հանցանք չէ, եթե սիրում ես, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Ես իմ գրքով ցանկանում եմ սեր տարածել այնպես, որ , օրինակ, իրարից բաժան զույգերը միանան, որ բոլորը գնահատեն միասին անցկացրած ամեն րոպեն ու երջանիկ լինեն։
-“Հիշողության ուժը” ի՞նչ զգացմունքներ կփոխանցի ընթերցողին։
-Ես խոստանում եմ ընթերցողին բուռն էմոցիաներ իմ գրքով։ Ես համոզված եմ, որ թալիսմանի նման է գիրքս դառնալու սիրող սրտերի համար։
-Նշե՛ք Ձեր սիրելի միտքը Ձեր իսկ գրքից։
-Սիրո մեջ չկան <<եթե>>ներ, սիրո մեջ չկան ուժեղներ ու թույլեր, սիրո մեջ բոլորն են հավասար՝ մեկը մյուսին լրացնող։ Երբ սկսում ես սիրել, սիրում ես ամբողջ աշխարհը, ուզում ես պատուհանը բացել ու ձայնի ամբողջ հզորությամբ բղավել, որ երջանիկ ես, և այդ երջանկությունն ամփոփված է մեկ անվան տակ։ Երեկ դեռ անծանոթներ էիք, իսկ այսօր այդ անծանոթը դարձել է ամենաթանկը, կտրել է քեզ ամենքից և տեղափոխել իր մոլորակ։ Այնտեղ միայն երկուսդ եք ապրում, դրանից ավել ոչինչ հարկավոր չէ քեզ։
-Ինչո՞վ է Ձեր գիրքը տարբերվում մյուս գրքերից։
-Լավի ու վատի գնահատականը թողնում եմ ընթերցողիս։ Բնականաբար, ինձ համար իմ գիրքը լավագույնն է։ Մի գաղտնիք էլ բացեմ, որ ընդամենը մի քանի օր է վաճառքում, բայց արդեն սպառվել է տպաքանակի գրեթե կեսը։
Մեկնաբանություններ