<<Երբ հոգնած եմ լինում, վազում եմ ներկերի և վրձինների հետևից, իսկ երբ ինչ-որ բանից նեղված եմ լինում, ինձ օգնում են վրձինը, ջրաներկն ու թուղթը>>,- journews-ին պատմում է Մերի Գրիգորյանն իր ընտրած մասնագիտության և առհասարակ իր նախասիրությունների մասին։
Մերին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղից է։ Ավարտելով դպրոցը` ընդունվել է Գորիսի պետական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետ։ Այժմ գերազանց առաջադիմությամբ սովորում է երրորդ կուրսում։
Նկարել սկսել է դեռ վաղ տարիքից և երբ կարողացել է ճիշտ բռնել մատիտը, այդուհետ սիրել է նկարչությունը. <<Մանկուց դպրոցական տետրերս ողողված էին նկարներով, և մայրս անընդհատ կշտամբում էր ինձ դպրոցական տետրերի մեջ նկարելու համար>>,- հիշում է Մերին։
Այն հարցին,թե ինչպիսի և ինչ նկարներ է սիրում նկարել, Մերին առանց մտածելու պատասխանում է. <<Սիրում եմ նկարել մրգեր և բնություն, իսկ ամենասիրելի ներկս ջրաներկն է։ Սիրում եմ թափանցիկ ու նուրբ գունային համադրությունը։ Երբ տխուր եմ լինում սառը գույներ եմ օգտագործում, իսկ բարձր տրամադրություն ունենալու դեպքում նկարներիս մեջ խաղաղ և ներդաշնակ գույներ են տիրում>>։
Այն հարցին, թե ով է իր սիրելի նկարիչը, Մերին դժվարանում է պատասխանել, սակայն նշում է, որ ունի սիրելի քանդակագործներ. Լորենցո Բերնինի, Օգյուստ Ռոդեն, Միքելանջելո Բուոնարոտի։
Չշրջանցեցինք նաև երազանքներին թեման։ Մերիի երազանքներից մեկը Լուվրի թանգարան այցելելն է, տեսնել այն ստեղծագործություններն ու գլուխգործոցները, որոնք թողել են շնորհալիները։
Իսկ այն հարցին, թե ինչպիսին է տեսնում ինքն իրեն ապագայում, Մերին կես կատակ կես լուրջ ասում է. <<Ապագայում ինձ տեսնում եմ որպես նկարչուհի, ով ճանաչվել է իր ապրելու տարիներին>>։
Ավարտելով զրույցը, որպես եզրափակիչ խոսք Մերին ցանկանում է կիսվել ամենալավ նկարչի մասին իր պատկերացմամբ.<<Աստված է ամենալավ նկարիչը, իսկականն ու անթերին>>։
Ստորև ներկայացված են Մերիի աշխատանքներից մի քանիսը:
Մեկնաբանություններ