Թատրոնից մինչև գեղարվեստական ֆիլմեր, սերիալներից մինչև ֆիլմերի ձայնագրություն: Սամվել Թոփալյանը այն դերասաններից է, ում ճանաչում ենք երիտասարդ տարիքից: Տարիների աշխատանքը, խաղացած դերերը թատրոնում և ֆիլմերում նրան արժանացրել են հեռուստադիտողի և հանդիսատեսի հարգանքին և սիրուն: Journews.am-ի թղթակիցը հարցազրույց ունեցավ դերասան Սամվել Թոփալյանի հետ :
—Ինչպե՞ս առաջացավ ձեզ մոտ ցանկություն դառնալ դերասան։ Կա՞ր մեկը ումից ոգեշնչվել էիք:
-Շատ պատահական էր, անկեղծ ասած, թատերական ինստիտուտում իմ հայտնվելը, բայց դե, ինչպես ասում են, եղավ այն, ինչ-որ եղավ: Ցանկություն կամ տրամադրվածություն չկար դերասան դառնալու.պատահականության սկզբունքով եղավ, չնայած ես պատահականություններին չեմ հավատում :
— Դուք մարմնավորել եք շատ կերպարների. ո՞ր կերպարն է ձեզ ավելի հոգեհարազատ և ինչո՞ւ։
— Այսպիսի հարց էլի է եղել և էլի նույն կերպ եմ պատասխանել:Չեմ ուզում առանձնացնել իմ խաղացած կերպարները մեկը մյուսից, որովհետև իրենք բոլորն էլ իմն են ու ինչպես իմ բալիկներին չեմ կարող ասել՝ ում եմ ավելի շատ սիրում, (իհարկե գուցե համեմատությունը այդքան էլ տեղին չէ), այնպես էլ կերպարներին չեմ կարող առանձնացնել՝ որն է ավելի հոգեհարազատ, որը՝ ոչ:
-Նկարահանվելով <<Կյանք ու կռիվ>>ֆիլմում, կերտելով հատուկ ջոկատի սպայի կերպար ինչպիսի զգացողություններ եք ունեցել։ Ինչպիսի առանձնահատկություն ուներ Արմանի կերպարը ձեզ համար և որն է ֆիլմի ամենատպավորիչ հատվածը:
-Կյանք ու կռիվ ֆիլմը, իսկապես ինձ համար մասնագիտական առումով շատ հետաքրքիր էտապ էր, որովհետև ես ավելի շատ աշխատել եմ թատրոնում, ֆիլմում՝ շատ քիչ ու հիմնականում Մհեր Մկրտչյանի հետ եմ աշխատել, որի հետ շատ լավ , շատ հավես, շատ ընկերական աշխատանք է եղել, առավել ևս նշված ֆիլմում ՝ <<Կյանք ու Կռիվ>>-ը, շատ հետաքրքիր, յուրօրինակ և շատ տարբերվող էտապ էր: Քանի որ ես հատուկ ջոկատի սպայի կերպարում էի, ինձ համար մինչև նկարահանման հրապարակը այլ էր, իսկ որ նկարահանման հրապարակում արդեն իմ, այսպես ասած ջոկատի տղաները կոնկրետ մասնագետներ էին, հատուկ ջոկատայիններ էին ,նրանց հետ շփումը, ծանոթությունը, զրույցը լրիվ փոխեցին իմ պատկերացումը այդտեղ աշխատող մարդկանց մասին,որովհետև իրենք այնպիսի կերպարներ էին.մեկը մեկից վառ,մեկը մեկից յուրահատուկ: Նրանցից մի քանիսը, ցավոք, զոհվեցին 44-օրյա պատերազմում: Կյանքով լեցուն տղաներ էին, ուժեղ, մեզնից առանձնացող:Տպավորություններս փոխվեցին իրենց հետ ծանոթությունից հետո,առավել ևս 44-օրյաից հետո:Իսկ ամենատպավորիչ հատվածը,կոնկրետ չեմ կարող ասել:Երևի Շուշիի ազատագրման տեսարանն էր:
-Դերասանությունից զատ դուք աշխատում եք նաև հանրային հեռուստաընկերության հետկադրային ձայն բաժնում։ Մի փոքր կպատմե՞ք այս աշխատանքի մասին:
-Կրկնօրինակումը ևս մի շատ հետաքրքիր միջավայր է,աշխարհ է և բնականաբար կապ ունի մեր մասնագիտության հետ:Պիտի շատ զգույշ վերաբերվենք մեր մասնագիտության այդ ճյուղին,որովհետև պահանջվում է նուրբ, զգույշ աշխատանք:Դու ներկայանում ես քո ձայնով ու պիտի ներկայանաս այնպես, որ հանկարծ չխանգարես ֆիլմին, տվյալ խաղացող կերպարին, այլ ընդհամենը փորձես միջոց հանդիսանալ,քո ձայնով ներկայացնել այդ միջավայրը,այդ կերպարի խաղացած դերը:Շատ ոգևորված աշխատանք է առավել ևս մուլտֆիլմերի պարագայում :Ես շատ եմ սիրում կրկնօրնակելը:Թե ինչքանով է ստացվում կամ լավ կամ վատ չեմ կարող ասել:Համենայնդեպս ես փորձում եմ լավ անել:
-Ինչպես կմոտիվացնեք սկսնակ դերասաններին կամ նրանց, ովքեր որոշել են զբաղվել այս ոլորտով։
-Ես կուզեյի այն երիտասարդները,ովքեր ուզում են դերասան դառնալ,ոչ միայն դերասան,բայց այս պարագայում ֆիքսենք դերասանի մասնագիտությունը, նախ և առաջ սիրեն այն գործը, որով պատրաստվում են զբաղվել.դա շատ կարևոր է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում եթե ինչ-ինչ վատ բաներ են տեղի ունենում,ապա դա այն պատճառով է, որ չեն սիրում իրենց գործը.դատավորը իր գործը, ինժեները իր գործը,բժիշկը՝ իրենը: Պետք է սիրել ու նվիրվել: Դերասանը իր մասնագիտության մեջ պետք է լինի լավագույնը՝ իր հնարավորությունների սահմաններում: Ես փորձում եմ իմ հնարավորությունների սահմաններում անել լավագույնը, թե ինչքանով է լավ ստացվում դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց, գոնե ,եթե ամեն մեկս սիրով անենք մեր գործը,կարծում եմ ամեն բան կընկնի իր տեղը: Էլի եմ կրկնում սիրել և հասկանալ, որ դա շատ կարևորագույն մասնագիտություն է, որովհետև խոսում ենք մարդու հետ,մարդու մասին,մարդու համար…
Նշեմ, որ Սամվել Թոփալյանը նկարահանվել է նաև «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում։
Մեկնաբանություններ