Ո՞վ էր Ջեք Գևորգյանը։
Ջեք Գևորգյանն ամերիկահայ բժիշկ է, հայտնի է որպես ԱՄՆ֊ում էֆթանազիա երևույթի սկզբնավորող և այն բավականին ինտենսիվ կիրառող։
Ի՞նչ է էֆթանազիան։
Էֆթանազիան հունարենից թարգմանաբար նշանակում է լավ մահ։ Այն միջոց է ցավերից և տառապանքից խուսափելու համար կյանքից զրկվելու։
Վաղ կյանք և կրթություն։
Ծնվել է 1928թ., որպես Մուրադ Հակոբ Գևորգյան՝ անվանակոչվելով ի պատիվ ֆիդայի Սեբաստացի Մուրադի, ԱՄՆ֊ի Միչիգան նահանգի Պոնտյակ քաղաքում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Ծնողները՝ Լևոնը և Սաթենիկը, շատ խիստ և հավատացյալ մարդիկ էին և ջանք չէինք խնայում, որպեսզի իրենց երեխաները մեծանան որպես հնազանդ քրիստոնյաներ։ Ջեքին, սակայն, դժվար էր հրամցնել այն կրոնական գաղափարները, որոնք նա համարում էր ծայրահեղ հակասական։ Նրա ընտանիքը պարբերաբար հաճախում էր եկեղեցի, և նա հաճախ էր ընդդիմանում հրաշքի և ամենակարող Աստծո գաղափարներին. եթե գոյություն ուներ Աստված, որը կարողանում էր ստիպել իր որդուն քայլել ջրի վրայով, ապա նա նաև կկարողանար կանխել Հայոց Ցեղասպանությունը։ Տևական ժամանակ քննարկելով Աստծո գոյության հարցը և չգտնելով իրեն հուզող հարցերի պատասխանները՝ նա դադարեց այցելել եկեղեցի 12 տարեկանում։
17 տարեկանում գերազանցությամբ ավարտում է Պոնտյակի ավագ դպրոցը և ինժեներ դառնալու նպատակով ընդունվում տեղի քոլեջ։ Ձանձրանալով այդ ամենից՝ մի քանի ամիս հետո տեղափոխվում է Միչիգանի համալսարան՝ ուսումնասիրելու կլինիկական պաթոլոգիա։ Միչիգանի հիվանդանոցում օրդինատուրան անցնելիս նա աստիճանաբար սկսում է տարվել մահով և մահանալու ընթացքով։ Նա պարբերաբար այցելում է անբուժելի հիվանդներին, լուսանկարում նրանց աչքերը՝ փորձելով ֆիքսել մահվան ճշգրիտ ակնթարթը։ Իր ոչ այդքան սովորական վարքը պարզաբանում էր նրանով, որ այդ տեխնիկան կարող է օգնել բժիշկներին հստակ տարբերակել մահն անգիտակից վիճակից, շոկից կամ կոմայից։ «Իրականում թիվ մեկ պատճառը հետաքրքիր լինելն էր, -հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է նա, -և այդ թեմայի արգելված և տաբու համարվելը»։
Այս եղանակը սկզբում բավականին արդյունավետ էր, քանի որ սա հնարավորություն տվեց մահը հստակ արձանագրելու և արյան փոխներարկում իրականացնելու՝ դիակից հիվանդ մարդու։
Իր ծրագիրը նա ներկայացրեց Պենտագոնին, ակնկալելով, որ այն կարող է օգտագործվել Վիետնամում։ Սակայն նրան մերժեցին դաշնային դրամաշնորհ տրամադրել՝ հետազոտությունը շարունակելու համար։ Բացի այն, որ այս հետազոտությունները փչացրին նրա հեղինակությունը և վախեցրին գործընկերներին, նաև պատճառ հանդիսացան Գևորգյանի՝ Հեպատիտ C֊ով վարակվելու։
1976թ, երբ Ջորջիայում հաստատվում է մահապատժի մասին օրենքը, Գևորգյանը առաջարկում է մահապատժի ենթարկված բանտարկյալների օրգաններն օգտագործել փոխպատվաստման համար։Սակայն նրա հետ համագործակցել չեն ցանկանում։ 1980ական թթ. Գևորգյանը մի շարք հոդվածներ է գրում «Բժշկություն և Իրավունք» գերմանական ամսագրի համար, որտեղ հստակ ընգծվում էին նրա ծայրահեղական հայացքները էֆթանազիայի էթիկայի վերաբերյալ։
Գևորգյանի կողմից կազմակերպած առաջին հանրային «ինքնասպանությունը» տեղի ունեցավ 1990 թվականին. նրա «զոհը» Ժանետ Ադկինսն էր, ում մոտ հայտնաբերվել էր Ալցհայմեր հիվանդությունը։1991 թվականին Միչիգանի իշխանությունները անվավեր ճանաչեցին Գևորգյանի բժշկական լիցենզիան։ Համաձայն նրա փաստաբան Ջեոֆրի Ֆիջերի, նա մասնակցություն է ունեցել ավելի քան 130 հիվանդի մահվան մեջ։
Համաձայն Դետրոյիտի Ազատ Մամուլի Գևորգյանի օգնությամբ ինքնասպան եղած հիվանդների 60%-ը անբուժելի հիվանդ չեն եղել, իսկ 13-ը նույնիսկ ցավից չեն բողոքել։ Ավելի ուշ հոդվածը հաստատեց, որ Գևորգյանի կողմից մատուցված խորհրդատվությունը շատ կարճ էր, իսկ 19-ի դեպքում նույնիսկ հոգեբուժական քննություն չի անցկացվել։
Հոդվածում ասվում է, որ Գևորգյանի առաջին հիվանդը՝ Ժանետ Ադկինսը, նույնիսկ տեղյակ չի եղել էֆթանազիայի մասին։ Գևորգյանը այն իրագործել է միայն նրա ամուսնու հետ խորհրդակցելուց հետո, իսկ Ադկինսին Գևորգյանը հանդիպել է նրա մահվանից միայն երկու օր առաջ և նույնիսկ չի էլ փորձել հասկանալ նա ցանկանում է մահանալ, թե ոչ։
Դիահերձումները ցույց են տվել, որ հիվանդներից 5-ը ընդհանրապես հիվանդ չէին։ Ոմանք հավանաբար տառապում էին ոչ ավել, քան մելամաղձությունից կամ դեպրեսիայից։
2011թ մի շարք առողջական խնդիրներով Ջեքը տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ էլ տևական ժամանակ ծանր վիճակում գտնվելուց հետո մահանում է։ Հատկանշական է, որ ծանր հիվանդության շրջանում ոչ մի փորձ չի արվել նրան «ցավերից ազատելու»։
«Նա զոհաբերեց իրեն բոլորի ազատ իրավունքի համար».այսպես է գրված նրա տապանաքարին։
Բժիշկ Մահը նաև ջազմեն էր. նվագում էր ֆլեյտա և երգեհոն։ Նաև յուղանկարիչ էր, երբեմն նկարում էր սեփական արյունով։ Այս սարսափելի հանճարի կտավների զգալի մասը պահվում է Ամերիկայի հայկական թանգարանում։
Մեկնաբանություններ