Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը իր նոր՝ «Էվոլուցիա» ներկայացմանն է նախապատրաստվում «Բոհեմ» թատրոնում, որտեղ տեղի ունեցավ մեր հանդիպումը։ Դերասանը «Էվոլուցիայի», «տՌաֆիկ» ներկայացման, արձագանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։
— Դուք շատ դերեր եք ունեցել, խաղացել բազում ու տարատեսակ կերպարներում, ո՞րն է Ձեր ամենասիրելի կերպարը։
— Չսիրած կերպարներ չունեմ։ Յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս պետք է իրեն ընդունես որպես քո սեփական զավակ ու նոր կյանք տաս։ Ես ինչ դեր մարմնավորել եմ թե՛ թատրոնում, թե՛ կինոյում թե նախագծերում, շատ եմ սիրել ու իրենց հետ ապրել եմ այդ ժամանակահատվածում, փորձել եմ այնպես անել, որ լինեն սիրված։ Իրենք սիրվել են, որովհետև իրենց մեջ դրել եմ սեր, եղել եմ մաքսիմալ անկեղծ։ Ըստ իս յուրաքանչյուր գործում ամենամեծ գրավականը սերն է։
— Ի՞նչ դեր է ունեցել Երևանի Պետական Կամերային Թատրոնը Ձեր կենսագործունեության մեջ։
— Կամերային թատրոնը իմ տունն է, այն տեղը, որտեղ որպես պրոֆեսիոնալ դերասան կայացել եմ։ Կամերային թատրոնը ես սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ, որովհետև այնտեղ իմ ընկերներն են, գործընկերներն են, կարելի է ասել՝ իմ կյանքի մեծ հատվածն է։ Շուտով սկսում ենք նոր ներկայացման պրեմիերայի փորձերը, ու բոլորս սպասում ենք այդ ներկայացմանը։
— Սկզբնական շրջանում, երբ նոր էիք սկսել Ձեր կարիերան, ի՞նչ դժվարությունների եք բախվել. խանգարողներն ովքե՞ր էին։
— Յուրաքանչյուր գործի մեջ դժվարություններ միշտ էլ կան, այսօր էլ քեզ թվում է՝ դու կայացած ես, սիրված ու ճանաչված, բայց նոր ինչ-որ բան սկսելիս դժվարություն էլի լինում է։ Իհարկե, սկզբնական շրջանում շատ դժվարություններ են եղել. ֆինանս չես ունեցել, ճանաչում չես ունեցել կամ ինչ-որ տեղ ուզել ես երևալ, չես կարողացել, որովհետև քեզ համար եղել է անհասանելի, բայց աշխատասիրության շնորհիվ կամաց, կամաց, կամաց… Ես հարուստ քեռի կամ հոպար չեմ ունեցել ու ամեն ինչի հասել եմ իմ ու իմ ու ընկերների շնորհիվ։ Այս մասնագիտությունը քեզ թույլ է տալիս աշխատել, աշխատել, աշխատել, կրթվել, դաստիարակվել ու ամեն առավոտ ուրիշ ձև արթնանալ ու մի ուրիշ ձև նվիրվել քո սիրած մասնագիտությանը։
— Ի՞նչ խորհուրդ կտաք այն դեռահասներին, ովքեր որոշել են զբաղվել դերասանական արվեստով։
— Ինձ շատ են ասում, թե Ռաֆո ջան, երեխան լավն է, ուզում ենք՝ դերասան դառնա, կամ մեր թոռնիկը նենց լավ է անեկդոտ պատմում, նենց դերասանություն է անում, բայց պետք է հասկանալ ու ընդգծել, որ դերասանի մասնագիտությունը շատ ավելի լուրջ է։ Դերասանը պիտի լինի կրթված, ներսից պիտի լինի, ինչքան էլ որ կարդաս, եթե ներսումդ այդ կրակը չկա, ինչքան ուզում ես, փորձիր, մեկ է, այդ կրակը չի վառվելու։ Սկսնակներին, որ նոր են փորձում մտնել այս աշխարհ, կասեմ, որ շատ բարդ աշխարհ է, բայց շատ-շատ հավես։ «Տաշած քարը գետնին չի մնա», եթե դու քո գործը սիրում ես, քո մեջ կա այդ տաղանդը, ուրեմն հաստա՛տ իմացիր, որ եթե երկու անգամ քեզ չտեսնեն, երրորդ անգամ հաստատ կնկատեն, ուղղակի պետք է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում։
— Եթե ոչ դերասանություն, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
— Այլ մասնագիտություն չէի ընտրի, որովհետև իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Իմ մասնագիտության մեջ ամեն ինչ կա՝ բժշկություն, հոգեբանություն, որովհետև ուրախացնել մարդկանց, ժպիտ պարգևել, կտրել առօրյա հոգսերից, նվիրվել, փորձել օգտակար լինել ժողովրդին ու պետությանը. ամեն ինչ կա։ Եթե ինձ նորից բախտ վիճակվեր ծնվելու, ես նորից կընտրեի դերասանի մասնագիտությունը։
— Դուք ունեք «տՌաֆիկ» ներկայացումը, որն իր բնույթով ավելի տարբերվող է, ի՞նչ մեկնաբանություններ են եղել ներկայացման հետ կապված, և դրանք որևէ ազդեցությո՞ւն են ունեցել Ձեզ վրա։
— «տՌաֆիկը» իմ առաջին մոնոներկայացումն էր, որտեղ հանդես եկա մենակ։ Ներկայացումը շատ մեծ արձագանք ունեցավ ոչ միայն ՀՀ -ում, այլև նրա սահմաններից դուրս։ Խաղացել եմ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, այստեղ՝ «Բոհեմ» թատրոնում, ամիսներ շարունակ լեփ-լեցուն դահլիճով հանդիսատեսի եմ ողջունել: Հենց դա է դերասանի ամենամեծ գրավականը, երբ դու բարձրանում ես բեմ ու տեսնում լեփ-լեցուն դահլիճ։ Հասկանում ես, որ այդ մարդիկ քեզ ու քո գործը սիրում են, դրա համար վճարում են ու գալիս՝ քեզ բեմում տեսնելու։ Ի՞նչ տվեց ինձ այս ներկայացումը. մի ուրիշ աշխարհ բացեց ինձ համար, որովհետև իմ ներսում լիքը բաներ կան, որ խցանված են, ու ես ունեմ իմ ամբիոնը ու այդ ամբիոնից պետք է այդ թեմաները բարձրաձայնեմ, ու ինձ հնարավորություն էր ընձեռնվել դա անել . ես բարձրացա բեմ ու ինչի մասին ուզում էի, դրա մասին սկսեցի խոսել։ Ներկայացումը մի ուրիշ ձև դարձրեց տեսակս։ Ուրիշ ձև ասելով՝ չմտածեք՝ գոռոզացա կամ մեծամիտ դարձա, ուղղակի ավելի պատասխանատվություն տվեց ինձ, որովհետև դու մենակ բեմում մեկուկես ժամ պիտի կարողանաս բավարարել հանդիսատեսին քո հումորով, ասելիքով, տաղանդով, շնորհքով, ամեն ինչով ու վստահ եմ՝ ստացվեց
— Որտե՞ղ է Աստված, ինչպե՞ս եք պատկերացնում Նրան։
— Աստված մեր ներսում է, Աստված մեր մեջ է, ու հենց դա մեր հավատքն է։ Աստված ինձ սիրում է, իմ ընկերներին էլ ու ընդհանրապես բոլորին, նույնիսկ չարերին, կարող է չի սիրում, բայց ներում է։ Եթե մի օր մեջս տաղանդ արթնանա ու նկարեմ, ես կնկարեմ իմ պատկերացրած Աստծուն։
— Խոսենք երկրում տիրող ծանր իրավիճակի մասին. տեղյակ եմ, որ դուք այս պայմաններում նոր ներկայացման եք պատրաստվում, կարելի՞ է ասել, որ նոր ներկայացումը Ձեր խոհն է մերօրյա իրականության շուրջ։
— Հավանաբար փետրվար ամսին ես կանեմ իմ ներկայացման պրեմիերան, որի փորձերի մեջ եմ։ Նոր ներկայացման սցենարը գրել է Արմեն Վարդանյանը իմ ընկերների ու ինձ հետ միասին։ Նոր ներկայացման մեջ նույն ես եմ, բայց ասելիքն է այստեղ ուրիշ։ Վերջին երկու տարում ազգով շատ-շատ վատ բաներ տեսանք, կարելի է ասել՝ լավ բաներ չտեսանք, ականատես դարձանք միայն վատին, ու այսքանից հետո պետք է ուրիշ ձև բարձրանալ բեմ ու ուրիշ ասելիքով, որպեսզի մարդկանց մեջ փորձես մի նոր կրակ վառել ու լավի հանդեպ հույսը, հավատը վերականգնել։ Ներկայացման գաղափարը կլինի. «ի գործ»։ Ներկայացման վերջում այդպես էլ ասում եմ. «Եթե ամեն մեկս զբաղվենք մեր գործով, գործը խրամատ չի հասնի, թշնամին էլ մեր խրամատ չի հասնի»։ Հայերիս համար իսկապես դժվար ժամանակներ են։ Այնուամենայնիվ ուզում եմ ընդգծել հետևյալը. ամեն անգամ, երբ ասում են, թե մայմունություն եք անում, տղաները սահմանին են, այսքան զոհեր…. ես մեղավոր չեմ, որ իմ մասնագիտությունը մարդկանց գոնե մի փոքր ուրախացնելն է, ես մեղք չունեմ, իմ ընտրած մասնագիտությունն է, և ես պիտի զբաղվեմ, որ կարողանամ ապրել, գոյատևել։ Առավել ևս հիմա հոգեբանորեն շատ դժվար է ներսումս: Պահ է լինում, որ մտքերս շատ անգամ չեն հավաքվում. ամեն անգամ սահմանի հետ կապված լուր լսելուց խառնվում է հոգիս, բայց պետք է աշխատենք, պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի լինենք մեր երկրինը։ Այս արյունով պահված հողը մեղավոր չէ, այս հողը լիքը-լիքը մարդկանց է տվել ու տալիս ոչ միայն Հանրապետությանը, այլև աշխարհին։ Ուղղակի պետք է ամեն մեկը զբաղվի իր գործով, որ մեր երազած նաիրյան հայրենիքը նորից ունենանք։ Ներկայումս մեզնից յուրաքանչյուրն իր լուման պիտի ունենա զինվորի համար, որովհետև նրանց շնորհիվ է, որ մենք այսօր սահմանից հեռու մեր գործերով ենք զբաղված։ Ոչ թե առիթներին բաժակ բարձրացնենք ու խմենք զինվորի կենացը, այլ մեր ներդրումն ունենանք սահմանապահի անվտանգության և բանակաշինության զարգաման համար։
— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
— Առաջիկայում ունեմ շատ լավ ծրագրեր։ Նախ հիմա Շանթի եթերում է արդեն «Երեկոն Շանթում Ռաֆոյի հետ» նախագիծը, նոր ներկայացման պրեմիերա, նոր սիթքոմ նկարահանելու նախապատրաստական փուլում ենք, ունենք նոր ֆիլմի միտք, որը համաճարակի ու պատերազմի պատճառով հետաձգվեց։ Ի դեպ, հետաքրքիր ֆիլմ ենք ուզում նկարահանել Շրի Լանկայում, առաջ Աստված, եթե նորից վարակ կամ պատերազմ չլինի, նոյեմբերից կսկսենք ֆիլմի նկարահանումները ու մյուս տարի կհանձնենք ժողովրդի դատին։ Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ մեկնում եմ հյուրախաղերի տարբեր երկրներ։ Աշխատում ենք։
Մեկնաբանություններ