Արվեստը մի խորհուրդ է, և արվեստագետը՝ նրա քուրմը … Ամեն մի մտադրություն՝ արվեստը ծառայեցնել այլ նպատակի, սրբապղծություն է, քանզի սիրո մեջ ամենը, ինչը սիրուց բացի որևէ ուրիշ նպատակ է հետապնդում, անբարոյականություն է։ Երվանդ Քոչար
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է։
Քոչարը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում, ընտանիքի երրորդ զավակն էր։ Թիֆլիսում ապրած տարիներին Քոչարը խորությամբ ուսումնասիրում է քանդակագործություն և նկարչություն և գնալով տարվում՝ արվեստով։ 1922 թվականին Քոչարը Եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու և այն ուսումնասիրելու նպատակով ուղևորվում է Եվրոպա։ Առաջին կանգառը Կոստանդնուպոլիսն էր, այնուհետև՝ Վենետիկը։ Այստեղ նա լրջորեն սկսում է զբաղվել քանդակագործությամբ և կազմակերպում է իր անհատական ցուցահանդեսը։
1923 թվականին քանդակագործը հասնում է իր երազանքի քազաքը՝ Փարիզ։ Այստեղ տարբեր նկարիչների հետ նա մասնակցում է աշնանային ամենամյա ցուցահանդեսի՝ իր վրա սևեռելով բազմաթիվ արվեստաբանների ուշադրությունը։ Փարիզը հիացած էր Քոչարով, թերթերի առաջին էջերի վրա կարելի էր տեսնել նրա անունը։ Փարիզը նրա համար դառնում է հարազատ տուն, որտեղ ծաղկում են ապրել ինքն ու իր տաղանդը։ Սակայն, 1936 թվականի մայիսին Քոչարը փառքի շեմին, 14 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Թիֆլիս, բնավ չկասկածելով, որ ընդմիշտ է լքում Փարիզը։ Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվում է։ Աշնանը տեղափոխվում է Երևան։ Դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Պարբերաբար մասնակցում է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների։ Երևանում անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում, ստեղծում է «Սասունցի Դավթի» գիպսե արձանը (առաջին տարբերակ)։ Այն տեղադրվում է կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնում մոտ 2 տարի ։ 1941 թվականին՝ պատերազմի սկսվելու հենց առաջին օրը, Քոչարը ձերբակալվում է։։ Քոչարը մեղավոր է ճանաչվում հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական գործունեության մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Սասունցի Դավթի արձանը բարբարոսաբար ոչնչացվում են։
Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թվականին Երևանում։
Նրա նշանավոր քանդակներն են՝ <<Սասունցի Դավիթ>> 1959 թվական ,«Վարդան Մամիկոնյան>> 1975 թվական, «Կիբեռնետիկայի մուսան>>1972 թվական, «Մելամաղձություն>> 1959 թվական և այլն։
1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել մաեստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։
Մեկնաբանություններ