19-ամյա Էլիդա Քոչարյանը 11 տարի պարով զբաղվելուց հետո որոշեց իրեն փորձել <<բոքս>> սպորտաձևում: 16 տարեկան հասակում իր առաջին քայլերը կատարեց, իսկ 5 ամիս հետո ունեցավ իր հաջողությունը ՝ դպրոցական առաջնության չեմպիոն: Թե ինչպես շարունակվեց հաջողության շղթան, Էլիդան մեզ պատմել է հարցազրույցում:
— Պատմեք սպորտում գրանցած ձեր հաջողությունների մասին:
Լեհաստանի Կելսե քաղաքում 2021 թվականի աշխարհի առաջնությանը ունեցել եմ 4 մարտ, որից, ցավոք, մեկն եմ կարողացել հաղթել: Հայաստան վերադառնալուն պես ինձ տվեցին << Սպորտի վարպետ >> կոչումը: Հայաստանի հանրապետության կրկնակի չեմպիոն եմ:
֊ 3 տարի է զբաղվում եք սպորտով, մտածե՞լ եք այլ սպորտաձևով զբաղվելու մասին:
— Այժմ զբաղվում եմ սիրողական բռնցքամարտով: Բայց, եթե չլիներ բոքսը, կզբաղվեի բասկետբոլով:
— Ինչո՞վ է տարբերվում կանանց ռինգը տղամարդկանց ռինգից:
— Տղամարդկանց ռինգն իր մեջ ավելի շատ ագրեսիա ունի: Համեմատաբար ավելի բարդ է: Հաշվի առնելով, որ ի սկզբանե բոքսը եղել է տղամարդկանց սպորտաձև, կարող ենք ասել, որ այն կանանց ռինգի հիմքն է: Հասարակական առումով տղամարդկանց ՝ բոքսով զբաղվելը, ավելի ընկալելի է եղել, քան կանանց: Չնայած, որ մինչ այսօր պահպանվում է այդ կարծրատիպը: Բայց հուսով եմ՝ մի օր այն կբացակայի հասարակության մտքերից, և մենք կկարողանանք տեսնել կանանց և տղամարդկանց իրական տարբերությունը ռինգում:
— Բռնցքամարտիկ, որ Ձեր ֆավորիտն է:
— Մուհամեդ Ալի:
-Պատմեք որևէ հետաքրքիր դեպք, որ տեղի է ունեցել մարտի ժամանակ:
— Վերջերս մասնակցում էի Եվրոպայի առաջնությանը: Մտա ռինգ, որպեսզի մարտը սկսվի և հենց այդ պահին մարտը դադարեցվեց: Անհասկանալի պատճառով փոխվեցին մրցավարները: Այդ ժամանակ մրցում էի մոլդովացու հետ: Մոտ մեկ ժամ սպասելը լարվածություն ստեղծեց: Սակայն հաղթանակը փոխեց ամեն բան: Հաղթեցի հենց առաջին ռաունդում երկու նոքդաունով:
— Ընտանիքի անդամները դեմ չէի՞ն սպորտի հետևից գնալուն:
— Ընտանիքիս անդամներից հորեղբայրս է ոգեշնչել զբաղվել սպորտով: Ի սկզբանե դեմ չեն եղել: Մայրիկս է մի փոքր վախենում իմ ռինգերից, բայց միշտ ոգևորում է ինձ:
— Եթե ապագայում կանգնեք ընտրության առաջ ՝ ընտանիք թե կարիերա, Ձեր ընտրությունը:
-Իմ նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է, հետո անցնելու եմ պրոֆեսիոնալ բոքսի: Եթե անձնականումս այս պահին լինեն փոփոխություններ կընտրեմ սպորտը, իսկ եթե արդեն հասած լինեմ նպատակիս, կընտրեմ ընտանիքը:
— Ինչպե՞ս եք վերաբերվում կարծրատպիերին ՝ սպորտի պատճառով կանանց կազմվածքի փոփոխությունների հետ կապված:
— Ընդանհրապես վատ չեմ վերաբերվում: Դա հենց այդպես է: Ֆիզիկական վարժություններից հետո անհնար է կազմվածքի չփոխվելը:
— Վերջերս դարձել եք եվրոպայի փոխչեմպիոն , դա Ձեր առաջին մեծ հաղթանա՞կն էր, և արդյո՞ք սպասված էր:
— Հայաստանից դուրս երկրորդ հաղթանակս էր: Մեկ ու կես տարի առաջ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում առաջնության էի մասնակցում: Գրավեցի երրորդ տեղը: 2021 թվականին նորից նույն քաղաքի մեկ այլ առաջնության ժամանակ երկրորդ տեղն եմ գրավել: Հաղթանակին սպասում էի: Հաղթելու մտքով ու տրամադրությամբ էի գնացել:
— Ինչպե՞ս եք ձեզ զգում ռինգում:
— Մինչ մարտադաշտ մտնելը լարված եմ, բայց հենց մտնում եմ ռինգ լարվածությունն անցնում է: Նաև կախված է մրցակցից:
— Ապագայի ինչպիսի՞ ծրագրեր ունեք:
— 2024 թվականին Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերին մասնակցելու համար պետք է ուղեգիր ձեռք բերեմ, որի համար կա առանձին մենամարտ: Կարևորագույն ծրագիրս դա է առայժմ:
— Ու՞մ եք շնորհակալ ձեր հաջողությունների համար։
— Բոլորին, ովքեր կողքիս, բայց ամենամեծ շնորհակալությունս ուզում եմ հայտնել մարզչիս `Հարություն Նազարյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում իր սաների համար։
Մեկնաբանություններ