Հայերից շատերը վստահ են, որ խաշն օգտակար է ոսկրերի համար եւ կարող է օգնել կոտրվածքների ժամանակ։ Իսկ այդպե՞ս է արդյոք իրականում։
Խաշի օգտակարությունը, ցավոք, կոտրվածքների դեպքում առասպել է։ Այդ ուտեստը ոչ մի կերպ չի կարող օգնել կոտրվածք ունեցող հիվանդներին։
Խաշը եփվում է ոսկրերից, այդ պատճառով ապուրը հիմնականում կազմված է լինում այսպես կոչված ոսկրային նյութից (կոլագենից), որը ստացվում է ոսկրերը եռացնելու արդյունքում: Հենց կոլագենի առկայությամբ է բացատրվում այն, որ սառելով` խաշը ժելեի է նմանվում:
Իրականում այդ ոսկրային նյութը` կոլագենը, օրգանիզմի կողմից չի յուրացվում, որովհետեւ մարդը (ի տարբերություն ոսկրեր ուտող կենդանիների) ուղղակի չունի այնպիսի ֆերմենտներ, որոնք կարողանային յուրացնել այն: Քանի որ խաշը գրեթե չի յուրացվում օրգանիզմի կողմից, այն չի կարող ազդել ոսկրերի վիճակի եւ կոտրվածքից հետո դրանց ռեգեներացիայի վրա։
Խաշի օգտակարության մասին առասպելը ծագել է հին ժամանակներում, երբ մարդիկ մտածում էին, որ, օրինակ, խոզի լյարդն օգտակար է մարդու լյարդի համար, ուղեղը՝ ուղեղի, ոսկրասուպը՝ ոսկորների եւ այլն։ Սակայն իրականում ոսկրերի ձեւավորումը բոլորովին այլ մեխանիզմով է տեղի ունենում, որի վրա խաշը ոչ մի կերպ չի կարող ազդել։
Իսկ ո՞ր մթերքներն են իրականում օգտակար ոսկրերի համար եւ կարող են օգնել վնասվածքների դեպքում։ Ոսկրային հյուսվածքի ձեւավորման գործում մեծ դեր է խաղում կալցիումը։ Մարդու սննդակարգը պետք է հարուստ լինի հենց կալցիումով եւ վիտամին Դ3–ով։ Դրանք նպաստում են կոտրվածքներից հետո ոսկրերի արագ լավացմանը։ Հենց այդ պատճառով խաշի փոխարեն խորհուրդ են տալիս ուտել կալցիում պարունակող մթերքներ, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե բժիշկը նշանակում է, նաեւ հավելումներ ընդունել։
Մեկնաբանություններ