FLEX-ծրագիր, որի նպատակը բացառապես մշակութային փոխհարաբերությունների հաստատումն է։ Ամենամյա կազմակերպվող այս մրցույթին դիմում են շատերը, բայց հաջողությունը ժպտում է քչերին, ովքեր էլ մեկնում են իրենց երազանքների հետևից, նրանք 1 տարի ժամկետով հնարավորություն են ստանում անվճար ապրել և սովորել ԱՄՆ-ում։
Գրեթե բոլորիս էլ հետաքրքրել է՝ ինչպես է տեղի ունենում այս գործընթացն ու ինչ առանձնահատկություններ ունեն ամերիկյան դպրոցները,որ տարիներ շարունակ ծրագրի շրջանակներում ունենում են հազարավոր դիմորդներ։
Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար journews.am-ը զրուցել է ծրագրի շահառուներից մեկի՝ Լիլիթ Հովսեփյանի հետ,ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում։
-Ողջույն,Լիլիթ,շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար։ Վստահ եմ՝ սա շատ օգտակար կլինի բոլոր նրանց համար,ովքեր ցանկություն ունեն մասնակցել ծրագրին։ Հե՞շտ եկաք այն մտքին,որ պետք է մասնակցեք FLEX ծրագրին ու ապրեք ընտանիքից ու ընկերներից 1 տարի հեռու լրիվ անծանոթ միջավայրում։
-Ողջույն,ես նույնպես շնորհակալ եմ։ FLEX ծրագրին ցանկանում էի մասնակցել դեռ տարիներ առաջ, երբ ընկերներիցս մեկը մասնակցել ու հաղթել էր: Ինձ պատմում էր, որ ծրագրին 1600-ից ավել աշակերտներ են մասնակցում ու միայն ,մոտավորապես, 40-49 հոգի են ձեռք բերում ԱՄՆ-ում 1 տարի անվճար սովորելու հնարավորությունը: Այդ օրվանից սկսած FLEX-ին մասնակցելն ու հաղթելը անիրագործելի թվացող երազանք էր: Միշտ կարծել եմ, որ անհնարին կլինի հասնել երազանքիս, բայց չեմ դադարել պայքարել: Առաջին անգամ մասնակցելիս նույնիսկ 1-ին փուլը չեմ հաղթահարել: Շատ-շատ էի հիասթափվել, բայց իմ առաջ նպատակ էի դրել, որ հաջորդ տարիներին նորից պետք է փորձեմ: 1 տարի անց կրկին մասնակցեցի քննություններին, և տարիներ շարունակ ունեցածս մեծագույն նպատակը իրականացվեց:
Ընտանիքից ու ընկերներից հեռու ապրելու մտքերը երբեք հետ չեն կանգնեցրել, քանի որ տեսակով շատ հարմարվող եմ և հեշտ եմ կարողանում հաղթահարել կարոտն ու հեռավորությունը: Միշտ մտածում էի, որ կարոտի հետ կապված խնդիրներ ու ծանր պահեր չեմ ունենա, ու հիմա արդեն համոզված կարող եմ ասել, որ ճիշտ էի մտածում:
—Մի փոքր պատմեք մրցույթի մասին․ինչպե՞ս էր անցկացվում։
—Ծրագիրը նախատեսված է 9-12-րդ դասարանցիների համար: Աշակերտները հնարավորություն են ստանում 1 տարի անվճար սովորելու ԱՄՆ ավագ դպրոցում և ապրելու հյուրընկալող ընտանիքում: Այն բաղկացած է 3 փուլից: Հիմնականում շարադրություններ են, անգլերեն լեզվի թեստեր և հարցազրույց: Համաճարակի պատճառով վերջին 2 տարիներին անցկացվել է առցանց (ես հանձնել եմ offline տարբերակով): Ծրագրի նպատակը մշակութային փոխհարաբերություններ հաստատելն է: Ծրագրի շնորհիվ կարողանում ես կիսվել սեփական մշակույթովդ և ստանալ այնպիսի արժեքավոր փորձ, որը ձեռք չես բերի պարզապես ճանապարհորդելով: Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել @flexprogramarmenia-ի ինստագրամյան էջ:
-Նոր ընկերներ,նոր կենցաղ,նոր ընտանիք․ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք ու ո՞նց հաղթահարեցիք դրանք։
—Շատ-շատ հեշտ հարմարվեցի նոր ընտանիքիս ու կենցաղիս: Ընտանիքի հարցում ինձ շատ բախտավոր եմ զգում, որովհետև ունեմ հրաշք մայրիկ, ով եկածս առաջին իսկ օրվանից ինձ ընդունել է, որպես լիարժեք ընտանիքի անդամ: Երբեք ինձ այստեղ օտար չեմ զգացել: Ունեմ հոսթ քույրիկ, ով ինձ պես փոխանակման ծրագրի աշակերտ է Բուլղարիայից: Չեմ կարող պատկերացնել տարիս առանց քրոջս, ով վերջին 5 ամիսների ընթացքում դարձել է կյանքիս ամենակարևոր ու հարազատ մարդկանցից մեկը: Դպրոցական կյանքը շատ հետաքրքիր է, հիմնական դժվարությունները ընկերներ ձեռք բերելու հետ են կապված եղել: Այստեղ բոլորը շատ օգնող են, կամեցող ու հասկացող, բայց ընկեր հասկացությունը լրիվ այլ է իրենց համար: Շատ-շատ դժվար էր կոտրել սառույցը ու բացի առօրյա խոսակցություններից ունենալ նաև ավելի խորը զրույցներ: Զգացել եմ, որ այստեղ՝ ԱՄՆ-ում, մարդիկ շատ ավելի փակ են, ու շատերի հետ դժվար է շփում հաստատելը: Մեր նահանգը շատ տարբեր է ԱՄՆ-ի մնացած նահանգներից: Այստեղ մարդիկ ավելի հյուրընկալ են, ավելի շփվող ու օգնող, քան մնացած նահանգներում: Չնայած այս ամենին` կրկին կարող ես ունենալ ընկերներ ձեռք բերելու խնդիրը:
—Ի՞նչն են առաջինը նկատում օտարերկրացիները հայ աշակերտների մեջ։
—Օտարերկրացիները հայերին ճանաչում են որպես շատ խելացի մարդիկ: Հայկական մշակույթի ու պատմության մասին շատերն են խոսել: Գալուցս առաջ մտածում էի, որ դժվար կլինի Հայաստանի մասին իմացող մարդ գտնելը, բայց հիմա հասկացել եմ, որ ավելի դժվար է Հայաստանի մասին չիմացողներին գտնել:
—Ձեր ինստագրամյան էջում հաճախ կիսվում եք դպրոցական առօրյայով, և այն էականապես տարբերվում է հայկական դպրոցների առօրյայից։Հետաքրքիր է՝ո՞ր կողմերով կուզեիք հայկական կրթական ոլորտը նմանվեր այդտեղի կրթական ոլորտին և ո՞ր առարկաները կամ դասաժամերը ամենաշատը կցանկանայիք,որ անցկացվեին նաև հայկական դպրոցներում։
—Կրթական համակարգերի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա: Շատ-շատ տարբեր են: Հայաստանում դասերը, բնականաբար, ավելի բարդ են ու հագեցած, քան այստեղ, բայց այստեղի կրթական համակարգի ամենակարևոր կողմը այն է, որ իրենք քեզ ստիպում են մտածել ու անգիր տեքստեր չեն պահանջում: Շատ կուզեի, որ այստեղի արվեստի դասերը ունենայինք նաև Հայաստանում: Այստեղ աշակերտները ունեն հսկայական ընտրություն առարկաների մեջ՝ արվեստից մինչև երաժշտական գործիքներ ու գիտություն: Այստեղ՝ դպրոցում, անվճար սովորում են տարբեր տեսակի երաժշտական գործիքներ` ըստ աշակերտի ցանկության: Ամեն առարկա ունի մի քանի բարդության աստիճան, որը աշակերտն է ընտրում: Ամենաշատը սիրել եմ այն, որ այստեղ դասերից հետո կան շատ-շատ տարբեր սպորտեր (ֆուտբոլ, վոլեյբոլ, թիավարում, ջրային գնդակ, վազք, լող, Ամերիկյան ֆուտբոլ, և այն), որոնց աշակերտները կարող են անվճար մասնակցել ու ամեն օր ունենալ մարզումներ: Մարզումներին շատ լուրջ են վերաբերվում, մշտապես ունենում են մրցումներ քաղաքի ու նահանգի տարբեր դպրոցների հետ: Հաջողություններ գրանցած ատլետները ունեն մեծ հնարավորություններ հետագայում համալսարաններում մեծ զեղչեր ստանալու:
—Երբ Ձեզ հարցնում են հայերի մասին,առաջինը ի՞նչն եք պատմում։
—Առաջինը խոսում եմ մեր հարուստ մշակույթից, հետաքրքիր ու օտարերկրացիների համար տարօրինակ հնչող հայկական արտահայտություններից: Ծիծաղելի կհնչի, բայց երբ նոր մարդ եմ տեսնում ու հարցնում են, թե որտեղից եմ, արագ-արագ սկսում եմ մեր պատմությունը պատմել 5 րոպեում, խեղճ մարդիկ երևի չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Հայկական համեղ ուտեստներից եմ պատմում ու նույնիսկ պատրաստում, շատերն էլ հետաքրքրվում են բաղադրատումսերով:
—Ի՞նչ խորհուրդ կտաք այն աշակերտներին, ովքեր պատրաստվում են մասնակցել ծրագրին։
—Պարզապես պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաք: Իրենք միանգամից նկատում են կեղծը: Կարծում եմ` հարցերին անկեղծ ու սրտի խորքից պատասխանելը շատ-շատ կօգնի ձեզ, որպեսզի հասնեք հաջողության: Յուրաքանչյուր մարդ կարող է հաջողության հասնել ծրագրում, եթե ունի հստակ նպատակ, հետաքրքրված է օտար մշակույթներ բացահայտելով, իր սեփական երկրի մշակույթով ու պատմությամբ կիսվելով, կարծում է, որ կկարողանա դիմանալ ընտանիքից ու ընկերներից հեռու, լինել ինքնուրույն ու պատասխանատու սեփական որոշումների համար, պատրաստ է հաղթահարել իր առջև ունեցած բոլոր դժվարությունները` առանց կոտրվելու ու կես ճանապարհից հետ կանգնելու, ու ամենակարևորը` չի վախենում փորձություններից ու ծանր օրերից: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր աշակերտ ունի տարբեր խնդիրներ, տարբեր փորձառություն, տարբեր ընտանիքներ: Not better, not worse. Just different.
Մեկնաբանություններ