Ռաֆո Համբարձումյանին ճանաչում են շատ ինստագրամյան օգտատերեր։ Սակայն սոցիալական ցանցերում նա ավելի հայտնի է որպես @haydalek։ Ռաֆոն շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է հավաքել ավելի քան 30 հազար հետևորդ և մեզ հետ զրույցի ընթացքում պատմել է իր ներկայիս գործունեության և ապագա պլանների մասին։
-Ողջույն, շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիր զրույցի համար։ Միանգամից սկսենք ամենատարածված հարցից․ինչո՞ւ @haydalek։
-Իմ սիրելի հեռուստասերիալում` “Doctor Who”-ում, որը մինչև հիմա դիտում եմ, կան ռոբոտների ցեղախմբեր, dalek-ը այդ խմբերից մեկի անունն է ու իմ ամենասիրելին է։ Երբ գրանցվում էի Instagram-ում,երևի 2011 կամ 2012 թվականն էր, ուզում էի հենց այդպես էլ նշել անունս, բայց այն զբաղված էր, էդպես ավելացրեցի hay մասնիկը, ու ստացվեց haydalek։
-Քեզ կարելի է տեսնել և՛ Tik-tok-ում, և՛ Instagram-ում։ Կասե՞ս՝ որ հարթակում ես ավելի արագ մեծ լսարան հավաքել և որն ես ավելի կարևորում։
— Instagram-ում ավելի արագ հետևորդներ հավաքեցի, քանի որ մարդիկ սթորիների միջոցով ակտիվ տարածում էին տեսանյութերը, ու մեկ ասվա ընթացքում կարողացա հետևորդներիս թիվը հասցնել 11 հազարի։ Այս պահին, իհարկե, Tik-Tok-ում ավելի շատ հետևորդ ունեմ, բայց միանշանակ ակտիվ և կարևոր հարթակ ինձ համար շարունակում է մնալ Instagram-ը։
-Իսկ ունե՞ս տեսանյութ, որը շատ արագ տարածվեց, ու հենց դրանից հետո հասկացար, որ շատ հայտնի ես։
-Մի տեսանյութ ունեմ, որը մոտ 300 հազար դիտում ունի Instagram-ում՝ «Երբ ինտերնետը անջատել են» ։ Սկզբնական շրջանում ամենա «բում» արած տեսանյութերից էր, իսկ էս վերջերս շատ լավ տարածվեց «Շունդ հոգեբանի մոտ» տեսանյութը, որը հրապարակելու պահին ունեի 14 կամ 15 հազար հետևորդ, ու մի շաբաթում հետևորդներիս թիվը հասավ 20 հազարի։
— Եղե՞լ են տեսանյութեր, որ տեղադրել ես, տեսել ես դիտումները շատ չեն ու ջնջել ես
-Չէ, անիմաստ եմ համարում։ Եթե անգամ հիմա չեն նայում, մի օր կնայեն։ Քիչ դիտված տեսանյութեր շատ չունեմ, ամենաքիչը եթե 20 հազար դիտում էլ ունենա, ինձ հերիք է։
-Քանի որ հարցազրույցը ընթերցելու են ավելի շատ ուսանողներ, այս թեմային չանդրադառնալ չեմ կարող։ Պատմել ես, որ կիսատ ես թողել բարձրագույն կրթությունը։ Ո՞րն էր հիմնական պատճառը ու արդյոք երբևէ փոշմանե՞լ ես այդ որոշման համար։
-Գլխավոր պատճառներից մեկը երևի հայտնիությունն էր։ Մեծ լսարան ձեռք բերելով՝ փոխվեցին բոլոր հետաքրքրություններս, և որոշեցի թողնել այն մասնագիտությունը, որն այլևս ինձ ոչինչ չէր կարող տալ։ Չեմ փոշմանել, որովհետև հիմա ավելի շատ ժամանակ ունեմ զբաղվելու համար այն ամենով, ինչն ինձ իսկապես հետաքրքիր է և անհրաժեշտ։ Իսկ կրթության առումով բացերը կարող եմ լրացնել դասընթացների կամ կուրսերի միջոցով։ Իհարկե խորհուրդ չեմ տալիս բոլորին թողնել համալսարանը։ Դա լուրջ որոշում է և պետք է համոզված լինեք, որ իսկապես համալսարանական կրթության կարիք չունեք այն թողնելուց առաջ։
-Դու այս պահին աշխատում ես նաև խանութում՝ որպես հսկիչ վաճառող։ Չե՞ս մտածել այս գործը ևս թողնել, ֆրիլանս աշխատանքն ավելի հեշտ չէ՞:
-Մի քանի անգամ մտածել եմ աշխատանքից դուրս գալու մասին, որովհետև հաճախ Instagram-ով ավելի շատ գումար եմ աշխատում։ Բայց ամեն դեպքում դեռ բավականին ապահովված չեմ համարում ինձ գործս թողնելու համար։
-Իսկ այս ամենի հետ ազատ ժամանակ մնո՞ւմ է։ Եթե այո, ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ ազատ ես։
-Այս պահին ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, որովհետև սկսել եմ մարզասրահ գնալ ու նաև անգլերենի պարապմունքների։ Բայց հիմնականում սիրում եմ սերիալներ նայել, հետևորդներիս նամակներին պատասխանել ու ավելի ակտիվ լինել սոցիալական կայքերում՝ սթորիների միջոցով։
— Քո տեսանյութերը միշտ առանձին թեմաներ են ունենում, այլ կերպ ասած ռուբրիկաներ, դրանցից քո ամենասիրելին ո՞րն է։
-Ճիշտ է վաղուց այդ թեմայով վիդեո չունեմ, բայց ամենասիրելիս տանեցիների վերաբերյալ նկարված վիդեոներն են։
-Իսկ տաբու թեմաներ ունե՞ս, որոնց երբևէ չես անդրադառնա, անգամ գովազդային լավ առաջարկի դեպքում։
-Որպես էդպիսին տաբու թեմաներ չունեմ, ինչի մասին ուզեմ կնկարեմ։ Բայց գովազդի առումով անձնական սահմանափակումներ ունեմ․ երբեք չեմ գովազդի թունդ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, բուքմեյքերական ընկերություններ։ Չնայած ոչ այդքան հաջողված փորձ եմ ունեցել նկարահանվել սերիալում, որի հովանավորը բուքմեյքերական ընկերություն էր։
-Ինչո՞ւ հաջողված փորձ չէր։
-Դե, քանի որ չունեմ համապատասխան մասնագիտական կրթություն, շատ վատ էի խաղում։
-Իսկ որտե՞ղ ես քեզ պատկերացնում 5 տարի անց։
-5 տարի հետո կուզեի իմ անձնական հաղորդումն ունենալ հայկական որևէ հեռուստաալիքում։ Շատ իդեալական կլիներ։
-Մտադրություն ունե՞ս մասնագիտական կրթություն ստանալ՝ նշված ոլորտում աշխատելու համար։
-Սիթքոմում վատ խաղալուց հետո միանշանակ ուզում եմ դերասանական մինիմալ կրթություն ստանալ, թեկուզ կուրսերի միջոցով։ Ու, առհասարակ, ինչ էլ նախաձեռնեմ ապագայում, ուզում եմ մասնաիտական հմտություններ ձեռք բերել, նոր իրագործել։
-Անցնենք բլից հարցերին․կարող ես պատասխանել կարճ։
1․ Սոցկայքերը քեզ համար աշխատա՞նք են, թե՞ հոբբի։
Չնայած, որ հիմնական աշխատանք ունեմ, բայց Instagram-ն էլ եմ աշխատանք համարում ։
2․Գրքե՞ր կարդալ, թե՞ ֆիլմեր/սերիալներ դիտել։
Ինձ հիմա գրքասերները կատեն, բայց ֆիլմեր ու սերիալներ։
3․ Ֆիլմե՞ր, թե՞ սերիալներ։
Սերիալներ։
4․ 3 սերիալ խորհուրդ կտա՞ս մեր ընթերցողին։
- Years And Years
- The Crown
- Modern Family
5. Ծնունդով Գյումրեցի ես։ Երևա՞նն ես ավելի շատ սիրում, թե՞ Գյումրին։
Սրճարանների մեծ սիրահար եմ, ու քանի որ Երևանում շատ են նման վայրրը, որտեղ կարող ես նստել ու քաղաքին նայել, Երևանը շատ եմ սիրում։ Բայց Գյումրին էլ եմ սիրում։
6․ Սիրելի վայրը Երևանում։
Սարյան փողոցն եմ շատ սիրում, Արամի փողոցը և Մանումենտի «Արագիլ» ռեստորանի տանիքը։
7․ 2022 թվականի ամենագլխավոր նպատակը, որին հասնելով տարին կհամարես հաջողված։
Ուզում եմ բարելավել անգլերենս, ունենալ մարզված կատարյալ մարմին ու անպայման ճամփորդել։ Արդեն որոշել եմ՝ Բարսելոնա եմ գնալու։
8․Ի՞նչ խորհուրդ կտայիր, եթե հիմա հանդիպեիր 15 տարեկան Ռաֆոյին։
15 տարեկան Ռաֆոն դրսում շատ վատ որակով ու վատ տեխնիկայով մեր բակում վիդեոներ էր նկարում։ Կուզեի նրան ասել, որ շարունակի, որովհետև հիմա ավելի շատ բանի հասած կլիներ, եթե շարունակեր։
9․ Եվ վերջում, ո՞ւմ ես շնորհակալ հաջողություններիդ համար։
Միանշանակ ինձ եմ շնորհակալ, որ չեմ կանգնել, շարունակել եմ աշխատել, չնայած՝ շատ մարդիկ դեմ էին, շատ կոմպլեքսներ ունեի, շատերն ասում էին` չի ստացվի։ Բայց ես հաղթահարեցի ու ունեմ այն, ինչ ունեմ՝ իմ շնորհիվ։
Շատ շնորհակալ եմ զրույցի համար, մաղթում եմ նորանոր հաջողություններ քո բոլոր նախաձեռնություններում։
Մեկնաբանություններ